Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արևմտյան ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ «իրենց հայրենի հողերը, վերաինտեգրվել հայ հասարակությանը»

Հայաստանից արևմտյան ադրբեջանցիների բռնի վտարումը հանցագործություն էր մարդկության դեմ, էթնիկ զտում.  հերթական զառանցանքն է հնչել այսօր Ադրբեջանից։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում 2020 թվականի պատերազմից հետո հայկական տարածքների նկատմամբ ախորժակի մեծացմամբ պայմանավորված՝ ստեղծվել է  Արևմտյան Ադրբեջանի համայնք, որն անգամ ունի մամուլի քարտուղար։

Եվ այսպես,  մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆիգարն այսօր ասել է, որ իբր անցած դարի ընթացքում արևմտյան ադրբեջանցիները չորս անգամ ենթարկվել են ջարդերի և տեղահանությունների՝ 1905-1906, 1918-1920, 1948-1953 և 1987-1991 թվականներին:

«Առաջին երկու տեղահանությունները, որոնք տեղի են ունեցել դարասկզբին, նշանավորվել են սպանություններով և վտարումներով, որոնք կատարվել են առանձնակի դաժանությամբ։ 1947 թվականին Ստալինի հրամանագրով որոշում է կայացվել Հայաստանի տարածքից 100 հազար ադրբեջանցիների արտաքսելու մասին։ 1948-1953 թվականների տեղահանությունների ժամանակ  600 ադրբեջանցի է վտարվել։

Իսկ 1987-1991 թվականների տեղահանության ժամանակ ավելի քան 300 հազար մեր հայրենակիցներ բռնի  վտարվեցին հայրենի հողերից, սպանվեց 216 ադրբեջանցի»,- ասաց Զուլֆիգարը։

Ադրբեջանցի խոսնակը հայտարարել է, որ որ այսօր արևմտյան ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ «իրենց հայրենի հողերը, վերաինտեգրվել հայ հասարակությանը և այցելել իրենց հարազատների շիրիմներին»։

«Սա մեր հիմնարար իրավունքն է, մենք կոչ ենք անում հայկական կողմին արձագանքել մեր անպատասխան կոչին»,- ասել է նա։

Պաշտոնական Երևանից դժվար թե որևէ արձագանք հնչի Ադրբեջանի զրպարտիչ ու խեղծ հայտարարությանն ի պատասխան։ Երևանից անգամ պատմական փաստերն ու վկայությունները չեն հիշատակվի, որ, օրինակ, Բաքվից ու Սումբայիթից 300 հազար հայ ցեղասպանությունից փրկվել ու եկել է Հայաստան, իսկ նույն՝ 1987-91 թվականներին, Հայաստանում ապրող ադրբեջանցիներն իրենց տները կարողացել են փոխանակել Ադրբեջանում ապրող հայերի բնակարանների  հետ, իսկ փոխանակելուց հետո այնտեղի հայերի նկատմամբ սոսկալի ջարդեր են կազմակերպվել։