Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանը դե ֆակտո փակել է Թեհրանում իր դեսպանատունը

«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը: Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման հետ կապված այնտեղ հինգ մարդ է մնացել, մյուսները դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Իրանում Ադրբեջանի դեսպանատունն այսպիսով դադարեցրել է գործունեությունը, աշխատակիցները լքել են շենքը։

Ինչպես հայտնի է, Բաքուն Իրանից պահանջել է հանցագործության հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատժել և կոնկրետ տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական կողմին։

Ադրբեջանի նախագահն էլ դեսպանատան վրա հարձակումը որակել է ահաբեկչություն Ադրբեջանի դեմ։

Խալաֆ Խալաֆովը լրագրողների հետ զրույցի ժամանակ հիշեցրել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը դատապարտվել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Թյուրքական պետությունների կազմակերպության, Իսլամական համագործակցության կողմից։

Զինված հարձակումն ահաբեկչական գործողություն է որակել ավելի քան 60 երկրի ղեկավար։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է անվտանգության աշխատակիցը։