Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ՀՀ ԱԳՆ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սերգսյանի, ինչպես նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։

ՀՀ ԱԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարել է.

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը:

Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում:

Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Միաժամանակ, վերահաստատում ենք տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»: