Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Խաչվերաց. 5 տաղավար տոներից վերջինը

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Պատմությունն ավանդում է, որ 614թ-ին պարսից Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքն ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մի մասին էլ գերի տարավ: Պարսից զինվորները թալանեցին նաև Ս. Հարություն տաճարը՝ իրենց հետ տանելով այն Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը:

Հունաց Հերակլ կայսրը, որը աստվածապաշտ էր ու քրիստոսասեր, չհանդուրժեց Խաչափայտի գերեվարումը:

Ս. Խաչը վերադարձնելու համար նա սրբազան պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Աստված տեսիլքով հայտնվեց կայսրին ու ասաց. «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»: Այդպես էլ եղավ. Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը, ժողովրդի մեծ բազմության հետ միասին, ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից, Հայաստանի միջով անցնելով՝ Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Ս. Հարություն տաճարում:

Ըստ ավանդության՝ Կարնո լեռների ստորոտներից մեկի մոտ պարսիկները փորձում են ետ վերցնել խաչը: Հայերը հետ են մղում պարսկական կողմի հարձակումները և տեսնում են, որ այն տեղից, որտեղ թաքցրել էին խաչափայտը, վճիտ ու սառնորակ աղբյուր է բխում: Նույն տեղում կառուցվում է Խաչկա կամ Խաչավանքի եկեղեցին, որը հետագայում ուխտատեղի է դառնում: Հատկապես Խաչվերացի տոնի առթիվ այնտեղ բազում ուխտավորներ էին այցելում:

Խաչվերացին ժողովուրդը բազմաթիվ ուխտագնացություններ է կատարում, հատկապես Ս․ Խաչի անունը կրող սրբավայրեր:

Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու:

Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին։