Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լեհաստանը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքը» նախաձեռնողները պետք է ներողություն խնդրեն և լռեն

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շաբաթ օրն արձագանքել է այն հաղորդումներին, որոնք վերաբերել են այն հարցին, թե ով է  2022 թվականին պայթեցրել «Հյուսիսային հոսքի» խողովակաշարերը՝ ասելով, որ այս նախագծի նախաձեռնողները պետք է «ներողություն խնդրեն և լռեն»: Դիտողությունը հնչել է այն բանից հետո, երբ նրա տեղակալներից մեկը հերքել է այն պնդումները, թե Վարշավան մասամբ պատասխանատու է դրա վնասման համար, հաղորդում է Euronews-ը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ուկրաինական իշխանություններն են պատասխանատու  2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցման համար, ինչը Գերմանիան կտրեց էներգիայի հիմնական աղբյուրից և խորացրեց Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը։

Գազատարների կառուցման նախագծում Գերմանիան Ռուսաստանի գործընկերն էր։ Իսկ Լեհաստանն արդեն երկար ժամանակ պնդում է, որ «Հյուսիային հոսքը» վնաս է հասցրել իր անվտանգության շահերին:

««Հյուսիսային հոսք 1 և 2»-ի բոլոր նախաձեռնողներին և հովանավորներին: Միակ բանը, որ դուք այսօր պետք է անեք այս կապակցությամբ, ներողություն խնդրելն ու լռելն է»,- ասել է Տուսկը:

Տուսկը, ըստ երևույթին, արձագանքել է գերմանական արտաքին հետախուզության BND ծառայության նախկին ղեկավար Օգյուստ Հաննինգի հայտարարությանը, որը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ «Հյուսիսային հոսք» գազատարների վրա հարձակումը, հավանաբար, իրականացվել է Լեհաստանի աջակցությամբ։ Նրա կարծիքով, Գերմանիան պետք է մտածի Լեհաստանից և Ուկրաինայից փոխհատուցում պահանջելու մասին:

Չորեքշաբթի օրը Լեհաստանի դատախազությունը հաստատել է, որ նրանք ձերբակալության օրդեր են ստացել մի ուկրաինացու նկատմամբ, որին Գերմանիան որոնում է որպես գազատարի հարձակման կասկածյալ, սակայն նա լքել է երկիրը նախքան  ձերբակալումը:

«Հյուսիսային հոսք» նախագիծը, որը նախատեսված է Բալթիկ ծովի հատակով երկու խողովակաշարերով  Ռուսաստանից Եվրոպա գազ տեղափոխելու համար, իրականացվել է չնայած Լեհաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հակազդեցությանը:

Այն հնարավորություն տվեց Ռուսաստանին գազ մատակարարել անմիջապես Արևմտյան Եվրոպա՝ շրջանցելով Լեհաստանն ու Ուկրաինան։ Նախկինում ամբողջ գազը փոխադրվում էր ցամաքային ճանապարհով, ուստի Վարշավան և Կիևը վախենում էին տարանցման համար հսկայական գումարներ և փոխադրումների վերահսկողության հետ կապված քաղաքական լծակներ կորցնելուց:

Հինգշաբթի օրը հրապարակած իր հետաքննության մեջ The Wall Street Journal-ը հայտնել է, որ զրուցել է Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության չորս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք կամ ներգրավված են եղել այս դավադրության մեջ, կամ ուղղակիորեն իմացել են դրա մասին: Նրանք բոլորն ասել են, որ գազատարները օրինական թիրախ էին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պաշտպանական պատերազմում: Հաղորդվել է, որ պայթեցման ծրագրին նախապես հավանություն է տվել Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի իշխանությունները հերքում են այս պնդումները։

«Հյուսիսային հոսք 1»-ը գործարկվել է 2011 թվականին։ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտվել է միայն 2021 թվականի աշնանը, սակայն այն այդպես էլ շահագործման չի հանձնվել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով։