Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իր մուտքը Հայաստան արգելելը Նժդեհը համարում է քաղաքական հետապնդում

ՀՅԴ կուսակցությունն ահազանգում է՝ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) արգելել է արտերկրում բնակվող իրենց ևս մեկ կուսակցի՝ Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան։

«Այս քայլը ոստիկանական պետությանը բնորոշ քայլ է, այս քայլն արհեստական է, կեղծ է։ Սա քաղաքական հետապնդում է։ Չեն պարզաբանել պատճառը, թ ինչու չեմ կարող Հայաստան մտնել», – ասաց Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը:

Գարագավորյանը փետրվարին պետք է մասնակցի Սյունիքում կայանալիք ՀՅԴ երիտասարդական համաշխարհային համագումարին։ Սակայն իմացել է, որ Հայաստան գալ չի կարող։

«Մենք  տեղեկացել ենք հենց ԱԱԾ-ից: Որեւէ տվյալ չի նշվել, թե ինչ պատճառով է իմ մուտքը կասեցվում Հայաստան: Ուզում եմ նշել, որ անցյալ տարի Նոր տարին նշել եմ Արցախում եւ մշտապես եղել ենք Արցախում՝ մեր մարդասիրական ծրագրերով: Այնպես որ, զարմանալի է այդ արձագանքը: Ամեն դեպքում, մենք գիտենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որեւէ զիջման չենք գնալու եւ մեր պայքարն ամբողջական իմաստով պետք է հասցնենք իր բնական հաղթական  ավարտին»,-ասել է Նժդեհը:

Ֆրանսիայում Նժդեհը մասնակցել է բոլոր պրոհայական ցույցերին, մասնակցել է նաև Ադրբեջանական դեսպանատան դիմաց իրականացրած ցույցերին, հայկական տարբեր միջոցառումների ժամանակ ադրբեջանցիների կազմակերպած սադրանքները կանխարգելող գործողություններին։