Երբ իսպանացի պատգամավորը գալիս է և Հայաստանի Հանրապետության տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը և մեր իշխանությունը միտված է ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախչել մեր կարծիքով՝ անարդարացի քննադատությունից, լսել դա և ընդունել ի գիտություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով փաստին, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստին եվրապատգամավոր Նաչո Սանչեսը ամոթանք տվեց ՀՀ իշխանություններին՝ նշելով, որ 20-40 ոստիկան են ուղարկում մարդկանց հետևից, խոսքի համար բանտ են նետում և հիշեցրեց, որ ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։
Լրագրողներն Արայիկ Հարությունյանին խնդրեցին անդրադառնալ այն փաստին, որ ՔՊ-ական պատգամավորներից մեկի երեխան ԵՊՀ-ում նկարահանել է ընդդիմադիր դասախոսին և տեսանյութը փոխանցել ռեկտորին, որից հետո դասախոսն ազատվել է աշխատանքից։
Հարցին՝ ինչո՞ւ իր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա իր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին, Արայիկ Հարությունյանն ասաց.
«Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել կամ որակումներ չեն լսել։ Իմ դասախոսությունները լսարանում եղել են բացառապես այն դասախոսությունների շրջանակներում, որոնք եղել են:
Միաժամանակ կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերի այս զարգացվածության պայմաններում, այո՛, ես ունեցել եմ ուսանողներ, որոնք իմ գործունեությանը հետևել են և հետևել են այն քաղաքական ուղուն, որին ես եմ հետևում։ Դիցուք, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք եղել են իմ ուսանողները, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես չարաշահել եմ իմ լիազորությունները և պարտականությունները՝ որպես դասախոս և նման գործունեություն եմ ծավալել։
Բայց ես ձեզ ասեմ, որ իմ ունեցած տեղեկություններով Երևանի պետական համալսարանի ռեկտորը 2018 թվականի ապրիլի 22-ին որոշում է կայացրել ինձ հեռացնել ԵՊՀ-ից, բայց ապրիլի 23-ին այդ հրամանը անհետացել է։ Մինչև այդ էլ եղել են փորձեր ճնշելու, սահմանափակելու, բայց ես կարծում եմ, որ նույն ԵՊՀ ղեկավարությունը, այդ թվում՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շատ լուրջ մտահոգություններ է ունեցել, որ հնարավոր սահմանափակման դեպքում դա շատ ավելի վատ հետևանքներ կունենա ԵՊՀ-ի համար, քան իմ սահմանափակումը»։





