Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը՝ Tesla-ի և SpaceX-ի սեփականատերը, մեկ օրում կորցրել է 29 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերը 15,4%-ով էժանացել են, ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալների։
Երկուշաբթի օրվա սակարկություններից հետո էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 15,43%-ով՝ հասնելով 222,15 դոլարի: Միաժամանակ, տարեսկզբից բաժնետոմսերն արդեն էժանացել են 1,8 անգամ՝ արժեթղթերը 2024 թվականն ավարտել են մեկ բաժնետոմսի դիմաց 403,84 դոլար գնով։
ԱՄՆ շուկաները երկուշաբթի օրը վաճառվել են, իսկ Nasdaq Composite-ի տեխնոլոգիական ինդեքսը, որը ներառում է ավտոարտադրողին, նվազել է 4%-ով: Նաև մեկ օր առաջ UBS-ի վերլուծաբանը Tesla-ի բաժնետոմսերի իր նպատակային գինը 259 դոլարից իջեցրեց մինչև 225 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:
Արդյունքում Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է ուղիղ 29 մլրդ դոլարով՝ հասնելով 301 մլրդ դոլարի։ Տարեսկզբից միլիարդատերն արդեն կորցրել է իր կարողության 30,5%-ը կամ 132 մլրդ դոլարը՝ ըստ Bloomberg-ի վարկանիշի։ Մասկի զուտ կարողությունը հասել է գագաթնակետին անցյալ տարվա դեկտեմբերին, երբ այն կազմում էր 486 միլիարդ դոլար:
Միաժամանակ, ձեռնարկատերը պահպանում է իր առաջատարությունը աշխարհի ամենահարուստ մարդկանց շրջանում։ Ցուցակի երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է (216 միլիարդ դոլար կարողությամբ), երրորդ տեղում՝ Մարկ Ցուկերբերգը (211 միլիարդ դոլար):
Ամերիկյան Tesla Motors ընկերությունը՝ Մասկի գլխավորությամբ, հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրական մեքենաների և հարակից տեխնոլոգիաների մշակող և արտադրող։ Էլեկտրական մեքենաներից բացի, ընկերությունը արտադրում է մարտկոցներ և էլեկտրական շարժիչներ՝ օգտագործելով սեփական տեխնոլոգիան և վաճառում դրանք ավտոմոբիլային այլ ընկերությունների, այդ թվում՝ Toyota-ին և Daimler-ին: 2021 թվականին ընկերության գլխամասային գրասենյակը Պալո Ալտոյից տեղափոխվեց Օսթին, Տեխաս: