Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԻԻՀ և ՌԴ  նախագահների հեռախոսազրույցի մասին

Հունվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի ու Ռուսաստանի նախագահներ Ռայիսիի ու Պուտինի միջև։

Ըստ ՌԴ պաշտոնական տեղեկատվության՝ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկախված բանակցությունների  վերսկսման ահնրաժեշտությունը:

Իրանական զանգվածային  լրատվամիջոցները  հայտնում  են, որ ԻԻՀ նախագահն իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության հարցը՝ հատկապես կարևորելով էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառներում փոխգործակցության  անհրաժեշտությունը՝  ի շահ երկու երկրների ու տարածաշրջանի։

Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  երկու նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային կոնֆլիկներին, այդ թվում՝ Սիրիային ու Կովկասին վերաբերող հարցեր՝ կարևորելով  ջանքերի համատեղման և համակարգման միջոցով տարածաշրջանի թեժ կետերում ծագած հակամարտությունների  կարգավորման անհրաժեշտությունը։ Նշված է նաև, որ ԻԻՀ նախագահ Ռայիսին վտանգավոր է համարել  տարածաշրջանային երկրներին վերաբերող  խնդիրների  կարգավորման հարցում օտար ուժերի ներգրավումը։   

Նախագահ Ռայիսին նաև պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն ներգրավվել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործին։

Հեռախոսազրույցի  ընթացքում, ըստ իրանական զանգվածային լրատվամիջոցների, ՌԴ նախագահն էլ է կարևորել առևտրատնտեսական ոլորտում, այդ թվում՝ տարանցման և էներգետիկայի բնագվառներում փոխշահավետ համագործակցությունը և ողջունել է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում Իրանի պատրաստակամությունը։

Գրիգոր Առաքելյան