Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Էրդողանը 1.5 մլն հայերի ջարդը «Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհեր» է որակել. Թուրքիայի նախագահի ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և հայկական համայնքին։ Ուղերձը հրապարակվել է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

Նա իր ուղերձում կեղծել է փաստերը և այդպես էլ չի կիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, իսկ 1915-ին զոհ դարձած 1.5 միլիոն հայերի ջարդերի մասին խոսելիս` օգտագործել է «զոհվել» բառը` նշելով, որ այսօր «առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված օսմանցի հայերի հիշատակի օրն է»։

«Մենք դարեր շարունակ կիսել ենք ուրախությունն ու տխրությունը, ուստի կարևոր է բուժել անցյալի վերքերը և ամրապնդել մարդկային կապերը։ Կարծում եմ, որ ցավն ուժեղացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան։

«Հարգելի Սահակ Մաշալյան, Թուրքիայի Հայոց Պատրիարք,

Հայ համայնքի հարգարժան անդամներ,

Իմ սիրելի քաղաքացիներ,

Ողջունում եմ ձեզ առավել անկեղծ զգացմունքներով եւ սիրով:

Դուք այսօր հավաքվել եք Ստամբուլի Հայոց պատրիարքարանի տանիքի տակ՝ հարգելու Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը:

Ես մեկ անգամ ևս հարգանքով եմ հիշում Օսմանյան կայսրության զոհված հայերի հիշատակը և անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին:

Մաղթում եմ Աստծո ողորմությունը Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ովքեր հավերժ հեռացել են կյանքից Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում:

Օսմանյան կայսրության վերջին տարիները, որոնք համընկնում էին Առաջին համաշխարհային պատերազմին, շատ ցավալի ժամանակաշրջան էին միլիոնավոր օսմանյան երեխաների համար։

Մարդկության պարտքն է հասկանալ եւ կիսել այդ ընդհանուր ցավերը առանց որեւէ կրոնական, էթնիկ կամ մշակութային խտրականության:

Ուզում եմ, որ դուք համոզվեք, որ մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսզի Հայաստանի մեր այն քաղաքացիները, ովքեր անջնջելի հետք են թողել մեր մշակութային և մարդկային կյանքում այս հողի վրա մեր դարավոր գործընկերության ընթացքում, ապրեն խաղաղության, ապահովության և անվտանգության մեջ»,- ասել է Էրդողանը: