Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանը չի կարող ակնկալել գազի համադրելի գներ․ Ռեշետնիկով

ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանը չի կարողանա ակնկալել գազի համադրելի գներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը փնտրում է Ռուսաստանի հետ հարաբերությունների այլընտրանք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում։

«ԵԱՏՄ-ն ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև ՀՀ տնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների հիմնական մատակարարը։ Միության Գազի ընդհանուր շուկայի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով։ Իսկ եթե այդ գինը համեմատենք գազի ներկայիս «եվրոպական» գների հետ, որոնք այսօր գերազանցում են 1000 խորանարդ մետրի դիմաց 600 դոլարը, ապա դա այլ կերպ, քան սուբսիդավորում, դժվար է անվանել։ Տարբերությունը տարեկան կազմում է շուրջ 1 միլիարդ դոլար։ Դժվար թե Միությունից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին նման պայմաններ առաջարկել», — նշել է նախարարը։