Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գազի և բենզինի վաճառքի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում. Ռուստամ Բադասյան

Գազի և բենզինի վաճառքի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից մի շարք գազալցակայաններում վերջերս հայտնաբերված  6,6 մլրդ դրամի չարաշահումներին։

«Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար, և բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում:

Ամեն ամիս մենք հրապարակում ենք նաև հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպքերը, և տեսնում եք, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները, գրեթե բոլոր խոշոր ընկերությունները, որոնք ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ:

Բազմիցս դեպքեր եղել են, և զգուշացրել ենք՝ հետևողական ենք լինելու, ավելի լավ է՝ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ: Ցավոք սրտի, չի ստացվում և ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»,- նշեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նաև թվարկեց բացահայտված խախտումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են ԱԱՀ-ի մասով խարդախություններին, խոշոր ներմուծողից առանց փաստաթղթերի ապրանք ձեռք բերելուն կամ անապրանք հաշիվներ գրելուն, թերի հայտարարագրումներին, նաև գազի  «լևի» գիծ քաշելուն: