Արդեն միլիարդավոր դրամների շրջանառություն կա. խոսքն էլեկտրոնային հարթակների մասին է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով տաքսիների թեմային:
«Մենք տեսնում ենք էլեկտրոնային հարթակներովօգտվողների քանակը: Անհատ տաքսիներն, առաջին 10 օրերին եմ հետաքրքրվել, մոտ 30 գրանցում ունեինք, հիմա կթարմացնենք և պարբերաբար կտեղեկացնենք»,-ասաց նա:
Բադասյանը խոստովանեց, որ ոչ բոլոր անհատ տաքսիներն են գրանցվել. «Ով էլեկտրոնային հարթակներից է օգտվում, բնականաբար, այդտեղ ավելի հեշտ է վարչարարությունը, և այդտեղ արդյունք ունենք: Անհատ տաքսիների մասով ես նշել եմ, որ մենք չենք պատրաստվում կոշտ վարչարարության դիմել, ավելի շատ կամավոր կարգապահության ծրագրեր ենք անելու, բացատրելու ենք հարկ վճարելու կարևորությունը, խրախուսելու ենք գրանցումը փուլ առ փուլ»,-ասաց նա:
Անդրադառնալով ստվերի և հարկեր չվճարելու թեմային՝ Ռուստամ Բադասյանը շեշտեց՝ տնտեսության որոշ ոլորտներ կան, որոնք ավանդաբար աչքի են ընկել մեծ ստվերայնությամբ և հիմա շատ դժվար են դուրս գալիս ստվերից։
Դիտարկմանը, որ շատ տնտեսվարողների դժգոհում են, որ օրինական դաշտում աշխատելու, բոլոր հարկերը վճարելու դեպքում իրենց շահույթ չի մնա, Բադասյանն ասաց. «Այդպես ցանկացած բան կարող ենք հիմնավորել, բայց ես համաձայն չեմ, որ Հայաստանում հարկային բեռը շատ է, ես համաձայն չեմ, որ հնարավոր չէ մաքուր դաշտում գործել:
Պարզապես կան տնտեսվարողների, որ չեն վստահում իրենց մրցակիցներին, մտածում են, որ եթե իրենք հարկային դաշտ մտնեն, մնացածը չեն անցնելու և իրենց բիզնեսը տուժելու է: Դրա համար կարևոր է, որ մենք վարչարարությունը ճիշտ ուղղություններով տանենք և հավասարաչափ գործենք շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ: Հենց այդպես էլ վարվում ենք թե բենզինի, թե գազի, թե այլ շուկաներում»:
ՀՀ ՊԵԿ նախագահի խոսքով՝ արվում են այնպիսի ծրագրեր, որոնք խրախուսում են հարկ վճարել։
«Օրինակ՝ պարզեցնում ենք մաքսային օրենսդրությունը, ընթացակարգերը, օրինապահ հարկ վճարողների համար առաջացնում ենք ավելի արտահերթ սպասարկման հնարավորություններ, էլեկտրոնային հարթակների թիվն ենք ավելացնում, մաքսային մարմնին-հարկ վճարող կապն ենք կրճատում։
Մենք 2017-ից այս տարվա արդյունքներով արդեն կարձանագրենք, որ պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են, դեռ մի բան էլ ավել: Եվ ես չեմ հիշում որևէ հարկային բեռ, որ մենք ավելացրել ենք: հետևաբար դա եղել է տնտեսական աճի և ստվերի կրճատման արդյունքում», – ասաց նա։
Նա նաև անդրադարձավ նախագծին, որով հարկ չվճարելը քրեականացվելու է․ «Շատ կարևոր է, որ հարկերից խուսափելը քրեականացված է։ Մենք խոսում ենք խրախուսական նորմերի սահմանափակման մասին, և մենք բիզնեսի հետ հանդիպման արդյուքններով համատեղ աշխատանքային խումբ ենք ձևավորել։
Ես բիզնեսի ներկայացուցիչներին ասել եմ, որ քանի դեռ ՊԵԿ հասարակական խորհրդի ներկա անդամների մեծամասնությունը կողմ չլինի, մենք այդ նախագիծն առաջ չենք տանելու։ Հիմա մենք լրամշակում ենք նախագիծը, որը ևս մեկ անգամ կներկայացվի ՊԵԿ հասարակական խորհդրի քննարկմանը»,- ասաց Բադասյանը։







