Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

«Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի վերջին առաջարկներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախագծի վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու` Ադրբեջանի քաղաքականությունը, շարունակական սադրանքները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված` միջազգային հանրության և հայկական կողմի ջանքերը:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և ավտանգության երաշխիքների քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։