Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Առաջին անգամ ենք հանրային դաշտում ասում՝ Հանրային հեռուստաընկերությունն արդեն երեք տարի է՝ հետաքրրքված է «Հայֆիլմ» կինոստուդիայով. Հովհեննես Մովսիսյան

Առաջին անգամ ենք հանրային դաշտում ասում՝ Հանրային հեռուստաընկերությունն արդեն երեք տարի է ՝հետաքրրքված է «Հայֆիլմ» կինոստուդիայով, ԱԺ-ում հայտարարեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Բավականին մեծ զարգացման ծրագիր ենք ներկայացրել ԿԳՄՍՆ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարման մասով։ Մենք հետաքրքրված ենք այս ծրագրով, որը բավականին երկար ժամանակ մշակվել և քննարկվել է»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց՝ արդյոք քայլեր ձեռնարկվում են պատմական թեմաներով փոքրիկ ֆիլմեր կամ սերիալներ նկարահանելու ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրեց՝ Հանրային հեռուստաընկերությունն աշխատում է տարեկան մեկ-երկու ֆիլմ կամ սերիալ թողորկել։

«Բայց դա քիչ է, և մեր զարգացման ծրագրում մենք տեսնում ենք «Հայֆիլմ» կինոստուդիայի վերականգնում», որը մեկ առանձին մեկ ծրագիր է։ Ներկայացրել ենք այդ ծրագիրը և սպասում ենք արձագանքների»,- ասաց բանախոսը։