Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Ամուսնուս թունավորել են բանտում. Յուլյա Նավալնայա

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ  Նավալնու այրին հայտարարել է, որ իր ամուսինը թունավորվել է բանտում 2024 թվականի փետրվարին. գրում է BBC-ն։

«2024 թվականի փետրվարին մեզ հաջողվեց Ալեքսեյի կենսաբանական նյութերը ձեռք բերել, տեղափոխել և հասցնել արևմտյան լաբորատորիա։ Մի քանի ամիս առաջ ես իմացա, որ արդյունքները ստացվել են, և երկու երկրների երկու լաբորատորիաներ անկախ եզրակացրել են, որ Ալեքսեյը թունավորվել է», – Telegram-ում գրել է բանտում մահացած քաղաքական գործչի այրին։

«Ռուսաստանի քաղաքացի է սպանվել։ Սպանվել է ռուսական հողի վրա։ Բոլոր ապացույցները նույնպես այնտեղ են։ Արևմտյան երկրները իրավական հիմքեր չունեն քրեական գործ հարուցելու կամ հետապնդելու համար», – շարունակել է նա։

Յուլյան պահանջել է հրապարակել «հետաքննության արդյունքները, թե ինչից է թունավորվել  ամուսինը՝ Ալեքսեյ Նավալնին»։

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայությունը Նավալնիի մահվան մասին հայտարարել է 2024 թվականի փետրվարի 16-ին։ Քաղաքական գործչի գործընկերները նախկինում պնդել էին, որ նա սպանվել է և նրա մահվան համար մեղադրել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նրա մահը տեղի է ունեցել բնական պատճառներով։

«Իսկապես, կենսաբանական նմուշները հետագայում վերցվել են», – Telegram-ում գրել է Նավալնիի գործընկեր Իվան Ժդանովը (որը գրանցված է Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում):

«Ես իմ ձեռքում ունեմ Խարփի քրեակատարողական գաղութի հինգ աշխատակիցների ցուցմունքները, որոնք երբեք հրապարակել։ Նրանք նկարագրում են, թե ինչ է պատահել Ալեքսեյի հետ  գաղութ տեղափոխվելուց հետո և մասնավորապես՝ փետրվարի 16-ին», – ասել է Նավալնայան իր  տեսանյութում։ Նա ասել է, որ աշխատակիցների ցուցմունքները պարունակում են անհամապատասխանություններ։

Քաղաքական գործչի այրու խոսքով՝ Նավալնին ոտքերի ցավեր է սկսել զգալ փետրվարի 3-ին։ Նրան տարել են բժշկական բաժանմունք, որտեղ չափել են նրա արյան ճնշումը և ջերմաստիճանը, սակայն ուրիշ ոչինչ չի արվել։