Ամառային ճամբար՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը կրկին իրականացնում է «Ամառային ճամբար» ծրագիրը, այս անգամ ներգրավելով Արցախից բռնի տեղահանված երեխաներին: Ծրագրի շահառուները՝ «Արցախի նկարիչների միություն» ՀԿ-ի 32 երեխաներ և մանկավարժներ, որոնք Ստեփանակերտից, Մարտակերտից և Հադրութից են, իրենց յոթօրյա ամառային արձակուրդը կանցկացնեն Մեղրաձորի «Արագած» ճամբարում:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ամենամյա «Ամառային ճամբար» ծրագիրը, որն իրականացվում է 2010 թվականից և դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով, երեխաներին հնարավորություն է տալիս ամառային արձակուրդն անցկացնել մեր հայրենիքի գեղատեսիլ վայրերում՝ դառնալով անկախ և ինքնավստահ:
Ծրագիրը նաև մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում ապրող երեխաների մերձեցմանը, նրանց համակողմանի զարգացմանը՝ մտավոր, հոգևոր, մշակութային գիտակցության, ֆիզիկական:
Մինչ օրս «Ճամբար» ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 34 միլիոն ՀՀ դրամ և ներառել է մոտ 720 շահառու Հայաստանից և Արցախից, մասնավորապես՝ 10-14 տարեկան երեխաներ՝ գերազանց առաջադիմությամբ, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներից, ովքեր ծրագրի շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ, գիտելիքներ և նոր ընկերներ։
Տարբեր ինտելեկտուալ և զվարճալի խաղերի, սպորտային, մշակութային միջոցառումների, ազգային երգի ու պարի դասերի, ինչպես նաև հիշարժան վայրեր այցելությունների շնորհիվ երեխաների ամառային արձակուրդը դառնում է ավելի իմաստալից և հետաքրքիր։ Ճամբարը զարգացնում է անհատականությունը և պարգևում անմոռանալի պահեր։
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամ
