Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է.Փաշինյան

Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։ Աստանայում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա արձանագրել է, որ հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ։

«2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, ապա այս հարցը լիովին պարզաբանված է հաջորդ՝ 2021 թ.-ի հունվարի 11-ի Մոսկվայում եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին, եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները, որոշել է, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են»,- ասել է Փաշինյանն ու ավելացրել. «պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ»։

Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցմանը, ապա վերը նշված սկզբունքներով, Փաշինյանի խոսքերով, Հայաստանը պատրաստ է դրան ևս, և դրան խոչընդոտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, եռակողմ հայտարարությունների տեքստի շահարկումը։

«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ Եվ մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, և միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է»։