Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ադրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը ցավագին և ագրեսիվ է արձագանքել ՄԻԵԴ վճռին, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ընդգծեց՝

«Ոչ թե զղջում են կատարվածի համար և հանձնառում փոխել պրակտիկան, այլ մեղադրում են միջազգային ատյաններին՝ անարդարացիության մեջ։ Եվ այն կեղծ թեզն են առաջ քաշել, որ իբր մի քանի ցուցմունքների հիման վրա Եվրոպական դատարանը դատական ակտ է կայացրել։

Մենք հստակեցնենք, որ այս գործով մենք ոչ թե ունենք մի քանի ցուցմունքներ, այլ ունենք աներևակայելի մեծ ծավալի ապացուցողական բազա. այն ավտոմեքենան, որը խոցվել է, մենք ունենք դիերը, որոնց վնասվածքների վերաբերյալ կան փորձաքննություններ, կան այլ փորձաքննություններ, որոնց արդյունքում նույնականացվել է սպանված հայ սպայի գլուխը, նույնականացրել ենք կատարողին։ Մենք բացահայտել ենք կատարողի  հարցազրույցը, երբ վերջինս, հերոսացման ջանքերի մեջ գտնվելով, մանրակրկիտ պատմում էր,  ինքնախոստովանում էր սեփական հանցագործությունը»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։