Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ադրբեջանը կեղծ մեղադրանքով հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ, որոնք իբր Բաղանիսում ադրբեջանցիների են սպանել

«Բաղանիս-Այրումում տեղի ունեցած ցեղասպանության դրվագով հետախուզման մեջ են հայտնվել 18 անձինք, ովքեր հանցանք են գործել խաղաղության և մարդկության դեմ»,- ադրբեջանական APA-ն է տարածել երկրի զինվորական դատախազության հայտարարությունը։

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացնում հայկական կողմին, իբր 1990-ականներին Բաղանիսում 10 մարդ է առանձնակի դաժանությամբ սպանվել, որոնց թվում՝ երեխա ու կանայք, տուն է հրկիզվել, գյուղից 400-ից ավել բնակիչներ են տեղահանվել։

«18 հայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանքը, նրանց հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանի Ինտերպոլի ազգային բյուրո և Ադրբեջանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ներկա պահին Ադրբեջանի  գլխավոր դատախազը   շարունակվում է օպերատիվ-հետախուզական համապարփակ միջոցառումները. խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունները անպայման կպատժվեն»,- ասվում է  հաղորդագրության մեջ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն այս կեղծ մեղադրանքը պատրաստել է, որովհետև Ոսկեպար և Բաղանիս գյուղի բնակիչները պայքարում են Տավուշի 4 գյուղերը հանձնելու դեմ, նրանք հաստատակամորեն վճռել են գյուղերը չլքել։