Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աայսօր մենք հաղթահարում ենք առաջին Հանրապետության ժամանակներից մնացած՝ պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ. Փաշինյան

28/05/2026
- Նորություններ, Տեղական

2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21–րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց–բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով և ինժեներական մտքի գլուխգործոցներ։ Այս մասին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Պարոնայք գեներալնե՛ր, սպանե՛ր, զինծառայողնե՛ր,
Սիրելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ ժողովուրդ,

2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար, և խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի երեք երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով, 1920 թվականին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը։

Հայաստանի առաջին Հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղություն հաստատման գործընթացներում, և այսօր մենք հաղթահարում ենք Առաջին Հանրապետության ժամանակներից մնացած՝ պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։

Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա, երբ պետությունն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների և որոշումների առանցքային ելակետ և պետությունն էլ իր հերթին դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։

Պետության վերելքի այս հայեցակարգն առաջնորդում է մեզ, և մենք գնում ենք այս ճանապարհով։

Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով, և հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց Խաղաղության խաչմերուկ դարձնելը՝ ներառյալ TRIPP նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը և բարեկեցությունն ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են։

Այս նպատակների իրագործման համար կարևոր նշանակություն ունի կրթությունը, որը մենք հռչակել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Եվ պետության մասին մեր գիտելիքի խորացումը գալիս է ասելու, որ խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը, և այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։

Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում և այսօր, մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետնե՛ր,
Սիրելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ։ Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է․ բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։

Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա այն, ինչ այսօր կտեսնեք։ 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս։

Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռքբերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։

Այսօրվա զորահանդես–հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա, և ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։

Զորահանդես–հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։

2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21–րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց–բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով և ինժեներական մտքի գլուխգործոցներ։

Այսօր հպարտության առիթ է նաև այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունն ապացուցած զինծառայողներ, ինչպես նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման գործընթացի կարևոր մասնակիցներ են։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար էական նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։

Այսօր Հայաստանում 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի զինծառայողներ կան, և կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման այս գործընթացը լինելու է շարունակական։


«Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակն ավարտելուց հետո կստանան նաև լրացուցիչ հինգ միլիոն դրամ պատվովճար։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, որ այսօր ուսումնառության ընթացքում ստանում են մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց և սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայագրեր կստանան Կառավարության կողմից, և այսպիսով՝ մեր սպայակազմի բնակարանային խնդիրը, որը 2000–ականների սկզբից մեծ հաշվով չլուծված է, կստանա արմատական լուծում։

Կառավարությունը բոլորովին վերջերս որոշում ընդունեց՝ Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում 2000–ականների սկզբից հերթագրված շուրջ 2850 ընտանիքների բնակարանային խնդիրն առաջիկա չորս տարում լուծելու մասին։ Ընթանում է զինծառայության մեջ գտնվող անձանց բնակարան ձեռքբերելու համար հիպոթեկային վարկի աջակցության պետական ծրագիրը, և առաջիկայում այն ավելի կընդլայնվի։

Սիրելի՛ ժողովուրդ, պետական այրեր,

Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը Կառավարությունն ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհողությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է ավելի, քան երբևէ, անկախ է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է ավելի, քան երբևէ, անվտանգ է ավելի, քան երբևէ։

Մեկ րոպե լռությամբ, բայց նաև հրետանային համազարկերով հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, պետական այրեր,
Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր, սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետությունը սերտել է պատմության դասերը, Հայաստանի Հանրապետությունը սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր դուք տեսնում եք, տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը, Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պաշտոնյաներին, զինծառայողներին, մասնավոր հատվածի ընկերություններին, մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել մեր նոր բանակի ձևավորման գործում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող և ստացող բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ում գեներացրած հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր, ժամանակակից, պաշտպանունակ և ուժեղ բանակ։

Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։

Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Նախորդ գրառումը

Ի՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին. Արմեն Այվազյան

Հաջորդ գրառումը

Մենք ՌԴ-ի մեր գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Նորություններ

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026
Հաջորդ գրառումը

Մենք ՌԴ-ի մեր գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական