Այսօր ԱԺ-ում պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ինչ քայլեր է ձեռնարկելու նախարարությունը դասագրքերի որակի բարելավման ուղղությամբ։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ այդ ուղղությամբ մի քանի քայլեր են պետք։
«Մեկը մրցակցության բարձրացումն է։ Դա ուղղակիորեն ազդում է որակի վրա։ Օրինակ՝ անգլերենի դասագրքերի մասով 4-5 հայտ ենք ստացել, և հնարավոր է եղել երաշխավորել լավագույնը։ Սա շատ լավ արդյունք է։
Ինչ վերաբերում է մյուս ուղղություններին, ապա վերջերս քննարկումներ ենք սկսել Քեմբրիջի համալսարանի գործընկերների հետ, որոնք դասագրքերի մասով մեծ փորձ ունեն և տարբեր երկրների հետ աշխատանքի փորձ ևս ունեն՝ դասագրքերի մշակման, փորձաքննության, կարողությունների գնահատման ուղղությամբ։
Քննարկում ենք հնարավորություն, որ բնագիտական որոշ առարկաների դասագրքերի համար իրենց մասով ունենանք առաջարկներ։ Սա մեր առաջնահերթություններից է»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։