Գեղանկարիչ
18 օգոստոս, 1922 – 25 մայիս, 2005
Ծնվել է Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): 1933թ. տեղափոխվել է Երևան: 1938-42թթ սովորել է Երևանի գեղարդ տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նույն թվականից մասնակցել է բազում հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, այդ թվում` 1972թ. կազմակերպած «Ուրարտուից մինչ մեր օրեր» խորագրով Հայ արվեստի ցուցահանդեսին Լուվրում (Փարիզ): Առաջին ստեղծագործական աշխատանքը` «Խոհանոցում», հաջողությամբ ցուցադրվել է համամիութենական ցուցահանդեսներում` Բաքվում, Մոսկվայում: 1955թ. մասնակցել է Էջմիածնի Մայր տաճարի, 1968թ.` Արին-Բերդի որմնանկարների վերակնգնման աշխատանքներին: 1970-74թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 1956թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1964թ-ից` վարչության անդամ, 1971թ-ից` գեղանկարչական սեկցիայի նախագահը: Ստեղծել է բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ: Նրա նախասիրած ժանրը թեմատիկ կոմպոզիցիան էր, մոնումենտալ կտավը: Ստեղծագործական կյանքի կենտրոնական թեման եղել է Հայոց Մեծ եղեռնը, որին նվիրված «Գաղթ» աշխատանքը, ունենալով երեք նախնական տարբերակ, հանգեց մեծածավալ աշխատաքի, որը` ավարտված լինելով 1980թ., արժանացել է «Տարվա լավագույն աշխատանք» հանրապետական մրցանակին: Ունի աշխատանքներ, նվիրված շինարարներին, մարզիկներին, գիտնական-աստրոֆիզիկոսներին, ուսանող-երիտասարդներին և այլոց: Սկզբնական շրջանը բնորոշվում է սոցռեալիստական փափուկ, հյութեղ գույնով վրձնած աշխատանքներով, միջինը` զուսպ, մինիմալիստական գունավորմամբ, կոշտ, արտահայտված ծավալներով բրուտալ մի ոճ, իսկ ուշ շրջանը` ավելի վառ, երբեմն սառը գույներով պատկերված սքանչելի բնանկարներով և նատյուրմորտներով: Գլխավոր գործերից են` «Զ.Ազիզյանի դիմանկարը», «Այրիվանք», «Գարնանային ջրեր», «Հրազդանի կամուրջը», «Արամայիս Միրիբյանի դիմանկարը», «Թռչում են կռունկները», «Խաղաղության պաշտպանության դիրքերում», «Կիևի գրավումը», «Ազատագրում», «Դեպի նոր Հայաստան», «Ճանապարհ (Կոմիտաս)», «Աստրոֆիզիկոսներ» և այլն: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1962թ. «Թռչում են կռունկները» աշխատանքի համար արժանացել է ՀՆՄ մրցանակին, 1970թ.` «Աշխատանքային արիության համար» հոբելյանական մեդալի: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:
Ալեքսանտր Գրիգորյանի և Գրիգոր Ազիզյանի հետ
Կոմիտաս (1976)
Աղբյուր՝ Avproduction.am
Լ. Լալայան