ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել են Բելառուսում ՌԴ դեսպանությունից։
Բանակցությունները կայացել են Բելառուսում՝ Բելովեժյան թավուտում և տևել են գրեթե 3 ժամ։
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականն ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքների հարցով բանակցություններում դրական տեղաշարժեր կան։
Նաև շարունակվել են ինտենսիվ խորհրդակցությունները կարգավորման հարցերի, այդ թվում՝ հրադադարի շուրջ։
Նշենք, որ ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման:
Մոտ ժամանակներս Բելառուսի տարածքում կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո։
«Միամտություն կլինի ենթադրել, որ այսօր ինչ-որ բան կստորագրվի, դրանք ծավալուն նյութեր են, իհարկե, այդ փաստաթղթերի վրա աշխատանքները կշարունակվեն շատ մոտ ապագայում։ Այսպիսով, հաջորդ՝ չորրորդ փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում` շատ մոտ ապագայում»,- ասել է Սլուցկին։
Նա հավելել է, որ չի կարող հստակ ժամկետ նշել, սակայն «մոտ ժամանակներս կճշտվի»։
Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն, սակայն վերջնական արդյունքն անմիջապես չի ստացվի, կա ծանր հետևողական աշխատանք անելու, ասել է Սլուցկին։
Yerevan Today