Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են Նիկոլի «քյանդրբազությանը»։ Կասեք՝ չափազանցնում եմ։ Չէ՛։ Մի քանի ժամ առաջվա պատմություն եմ անում, որն էլ, ինչպես ընդունված է մեզ մոտ, վերջում նորից Նիկոլով ավարտվեց։
Պատուհանից նայում եմ՝ դիմացիս սեփական տունն է վառվում։ Գիտեմ՝ տան տերն այստեղ չի ապրում։ Կողքի տանն էլ ապրում է Աբաջյանի «կեղծ պապիկը»։
Հարևանիս ասում եմ՝
-Աբաջյանի կեղծ պապիկի տունն է վառվում։
Ասում է՝
-Ջհաննամը վառվի։
Էդ պահին հասկացա՝ մարդիկ արդեն ոչ թե նյարդային, այլ ամբողջությամբ «վառված» վիճակում են։
Հրշեջ մեքենան եկավ։ Ամեն դեպքում դուրս եկա․ ինչ էլ լինի՝ մարդու տուն է վառվում։ Գնում եմ ու քթիս տակ մտածում՝ մարդ ինչքա՞ն պետք է իրեն զզվեցրած լինի, որ հարևանը հանգիստ ասի՝ «ջհաննամը վառվի»։ Բա լա՞վ էր, երբ 2018-ին հերոսի պապիկ էր խաղում Նիկոլի համար։ Նիկոլի ընկերուհին էլ մի անկյունում նստած՝ իբր լաց էր լինում։ Մի ամբողջ ժողովրդի հույզերի հետ խաղացին, խաբեցին, իշխանության եկան։ 2018-ից մինչև հիմա նույն ներկայացումն է՝ միայն դերասաններն են հոգնել, սցենարը՝ չէ։

Հրշեջները կրակը արագ մարեցին։ Բայց պատմությունն այստեղ էլ չավարտվեց։
Աբաջյանի «կեղծ պապիկի» հարևանն այստեղ չի ապրում, բայց սա արդեն հասցրել է «սեփականաշնորհել» հարևանի տունն ու տարածքը։ Ամբողջ բակը լցված է ամեն տեսակի իրերով։ Եթե մեկի շրջակայքից ինչ-որ բան կորել է, կարող է մեծ հավանականությամբ գալ ու հենց այդտեղ գտնել։ Մենք էլ մի քանի անգամ մեր «կորած» շինանյութերն այնտեղ ենք գտել։

Ահա այսպիսի մարդկանց հետ է Նիկոլ Փաշինյանը քաղաքական ու բարոյական գործընկերություն արել։
Հավաքվածներից մեկին հարցրի՝
-Սա ի՞նչ վիճակ է։
Ասաց՝
-Խեղճ մարդու տունը իր հավաքած զիբիլով կրակի ճարակ դարձրեց, իրենն էլ հետը։ Լավ է՝ հրշեջները շուտ եկան։
Տան դիմաց նաև շտապօգնության մեքենա կար։ Պարզվեց՝ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկը» վատացել է դեպքից։
Չէր վատացել, երբ զոհված հերոսի պապիկ էր խաղում։ Չէր վատացել, երբ ուրիշի վառված տան վրա կրակ էր անում։ Այստեղ են ասում՝ Աստծո գործերը անքննելի են։
Ու էլի նույն բանը․ մարդիկ կրկին Նիկոլից էին խոսում։ Թե ինչպես հրապարակ բերեցին այդ մարդուն, հերոսի պապիկ ներկայացրին, խաղացրին, օգտագործեցին։
Հիմա, ուզես թե չուզես, մի եզրակացության ես գալիս․ այս երկրում ինչ քար բարձրացնում ես, տակից վերջում Նիկոլի հետքերն են դուրս գալիս։
«Հրապարակ օրաթերթ»









