«Սրբազան պայքար» շարժման տելեգրամյան ալիքը հեռարձակել է Բագրատ Սրբազանի հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, նշում է. «Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է՝ այսպես կոչված իշխանություններից ազատագրվելու»:
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքով՝ պայքարը քաղաքական լուծում ունի։
«Քաղաքական լուծումներ կան, դրանց մասին խոսվել է։ Տարբերակը, որպես այդպիսին, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց։ Ահա, քաղաքական լուծում եմ ասում։ Եվ այդ ճանապարհի մեջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում»,- ասում է Սրբազանը։
Բագրատ Սրբազանը վերահաստատում է՝ հանձնառու են շարունակել պայքարի՝ իրենց ստանձնած պատասխանատվությունը։
«Մեր հանձնառությունը շատ հստակ է, պատասխանատվությունն էլ՝ շատ հստակ․ սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, մեր ժողովրդին, մեր ազգին, մեր պատմությանը, մեր գալիքին։ Մենք հանձն ենք առել, այդ պատասխանատվությունը ստանձնել ենք՝ կասեցնել այս շարունակական աղետը»,- ասում է Սրբազանը և շեշտում՝ պայքարը շարունակվում է, հասնելու ենք ցանկալի վերջնարդյունքին։