Մայիսի 28-ին ընտրությունների երկրորդ փուլում վերստին նախագահ ընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ սովորության, արտերկրյա առաջին այցը կատարեց «Հյուսային Կիպրոսի թուրքական հանրապետություն», իսկ երկրորդը՝ Ադրբեջան: Երկուսն էլ բնույթով շատ եղբայրական են և հունիսի 13-ին է կատարվել: Պարզապես Կիպրոսում ընդդիմությունը, ինչպես նաև ընդդիմադիր լրագրողները զայրացել են, որոնցից մեկին Թուրքիայի վերընտրված նախագահը դուրս է վտարել դահլիճից, և նրա ավտագության նկատառումներով Կղզու թուրքական հատվածում գտնվող Նիկոզիայի օդանավակայանը ավելի քան 4 ժամ փակվել է բոլոր տեսակի ինքնաթիռների համար և դժգոհություն է պատճառել ուղևորներին: Այսինքն Էրդողանի այդ այցը խնդրահարույց է եղել: Հակառակ դրան նրա երկրորդ՝ Ադրբեջան կատարած այցն ավելի քան բարեհաջող:
Նշյալ երկու այցելությունն էլ նա կատարել է հունիսի 13-ին և Թուրքիա վերադարձել հունիսի 14-ին: Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցից հետո Էրդողանը Ալիևի հետ համատեղ ասուլիս է հրավիրել, որտեղ սրտանց ընդունելության համար երախտագիտություն է հայտնել Ալիևին, ապա անդրադարձել է դեռևս 2021 հունիսի 15 -ին հենց Շուշիում ստորագրված «Շուշիի հռչակագրին», որ նախատեսում է նաև ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Այնուհետև նա շարունակել է․ «Մենք պատրաստ ենք Շուշիում բացել մեր գլխավոր հյուպատոսարանը, երբ Դուք ցանկանաք: Պարոն Հաքան (դիմել է նորաթուխ արտգործնախարար Հաքան Ֆիդանին, որ տարիներ շարունակ գլխավորում էր Ազգային հետախուզության կազմակերպությունը) այս հարցում, առանց ուշացնելու, արեք այն, ինչ անհրաժեշտ է… Դա կլինի յուրատեսակ ազդանշան Հայաստանի գլխավորությամբ ողջ աշխարհին: Ես իմ եղբոր հետ առանձնազրույցի ընթացքում քննարկեցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության հարցը և մենք եկանք դրա շինարարությունը շուտափույթ ձեռնարկելու եզրակացության»:
Էրդողանի այս խոսքերը քաղել ենք թուրքական հանրային հեռուստատեսության՝ TRT-ի կայքէջից, որին երկրում ընդդիմությունը, ոչ թե հանրությանը, այլ բացարձակապես պետական իշխանություններին ծառայելու պատճառով համարում է պետական հեռուստատեսություն, ինչպես նաև կիսապաշտոնական համարվող «Անադոլու» գործակալությանը:
Թեև TRT-ն շրջանցում է, սակայն Էրդողանը Ալիևի հետ առանձնազրույցում քննարկել է նաև «Զանգեզուրի» միջանցքի հարցը և թուրքական “Arti Gercek” կայքի վկայությամբ ընդգծել․«Մենք պետք է անհապաղ լուծենք Զանգեզուրի միջանցքի հարցը»: Ի դեպ՝ միջանցքի առումով թուրքական կայքէջին հաստատում է նաև “Euronews”-ը:Էրդողանի վերոհիշյալ այցերի, որոնց ընթացքում բաձրացված հարցերի բոլոր մանրամասները՝ «Ազգ» շաբաթաթերթի առաջիկա համարում:
Հ. Չաքրյան