Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը․ Սուրեն Պապիկյան

Հայկական կողմն իր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է  առաջ մղել խաղաղության օրակարգը։ 

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով սահմանային իրավիճակը։

Նախարարի խոսքով՝   Ադրբեջանը, վերջին 1 շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով, հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ։

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ-ի՝  ադրբեջանական կողմը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դարձյալ  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: