ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրենի աջակցությամբ «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Լորուտ համայնքի (նախկին գերեզմանոցի) դպրոցամերձ տարածքի հաստ հողաշերտի տակից հայտնաբերել է երեք խաչքար։
«Համայնքի դպրոցամերձ տարածքը մեր մշակութային ժառանգությության սրբավայր ու գերեզմանատեղի է, վաղուց էինք ուսումնասիրել և որոշել, որ տվյալ տարածքում կան խաչքարեր, որոնք պետք է բարձրացնել։ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում էլ իրականացրել ենք մեր առջև դրված խնդիրը»,- ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հրաչ Մարուքյանը։
Նշվում է նաև, որ խաչքարերը հողից ու բուսականությունից մաքրելուց հետո ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները դրանք կանգնեցրել են հայտնաբերված վայրում։ Ըստ նախնական ուսումնասիրության, խաչքարերը թվագրվում են վաղ միջնադարով։