Հունիսի 17-ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում հայաստանյան առաջին մենահամերգով հանդես կգա բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, խորվաթ թավջութակահար HAUSER-ը:
Կազմակերպիչների խոսքով՝ սպասվում է յուրահատուկ համերգային երեկո` դասական, ռոք եւ լատինամերիկյան ռիթմեր` թավջութակի հնչյուններով: «ՀԱՅԱ» փառատոնն իր մեկնարկը տվեց նախորդ տարի` Հայաստան հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու Let Zeppelin Symphonic նախագիծը։
Ստեփան Հաուսերը ծնվել է 1983թ. հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան եւ Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի եւ այլոց հետ:
Հաուսերը համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի եւ հայտնի այլ կատարողների հետ:
Azg.am—ը ներկայացնում է փոքրիկ հարցազրույց անվանի թավջութակահարի հետ.
– Ի՞նչ հույզեր եք փորձում պարգևել հանդիսատեսին Ձեր երաժշտությամբ:
– Մենք միավորում մարդկանց, ջնջում նրանց միջեւ եղած սահմաններն ու խախտում բազում կարծրատիպեր։ Եթե այցելեք մեր համերգին, կհամոզվեք, որ մեր հանդիսատեսի մեջ կան բոլոր կատեգորիաների եւ տարիքի մարդիկ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հանդիսատեսն իրեն առանձնահատուկ զգա. հենց դա էլ մեր պարգած հույզն է նրան։
– Դուք շատ եք ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներում, իսկ որտե՞ղ եք ձեզ լավ զգում:
– Ճիշտ է, ես սիրում եմ ճանապարհորդել աշխարհով մեկ: Ես գնում եմ այնտեղ, որտեղ աչքերս կտրում է: Ինձ դուր են գալիս հանդիպումները, նոր ծանոթությունները, նոր վայրեր: Ես կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհն իմ տունն է, ես ինձ լավ եմ զգում ամենուր… Բայց, իհարկե, Զագրեբն ու իմ հայրենի Իստրիան հենց այն վայրերն են, որտեղ ես ինձ առավել հարմարավետ եմ զգում:
– Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ ձեր ելույթներից հետո, երբ այլ բան չունեք անելու:
– Ես սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, երկար զբոսանքներ գեղեցիկ անտառներով, ուր կարող եմ մենակ մնալ իմ մտքերի հետ: Շուրջս շատ մարդիկ կան, բայց վայրի բնության մեջ մաքրվում եմ, այնտեղ այնքան հանգիստ, գեղեցիկ ու անաղարտ է: