Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալու կոչ է արել

10

Եվրախորհրդարանը Բելառուսի վերաբերյալ բանաձև է ընդունել, որը Միջազգային քրեական դատարանին կոչ է անում ձերբակալման օրդեր տալ նաև Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար։

Բանաձևի համաձայն՝ Եվրախորհրդարանը դատապարտում է Լուկաշենկոյի ռեժիմի մասնակցությունը «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված, անօրինական և չհրահրված պատերազմին», ինչպես նաև այն, որ նա «խրախուսում է ատելության խոսքը, ապատեղեկատվությունը և քարոզչությունը, որը կրկնում է Մոսկվայի ռազմատենչ հռետորաբանությունը»։

Բացի այդ, Եվրախորհրդարանը դատապարտում է Լուկաշենկոյի ռեժիմին «ռուսական բանակին զինամթերքի և ռազմական տեխնիկայի զանգվածային մատակարարումների», Բելառուսում ռուսական զորքերի տեղակայման և ուսուցման, Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող «Վագներ» ահաբեկչական կազմակերպության» գործունեությունը խրախուսելու համար։

Եվրախորհրդարանը նաև համարում է, որ Լուկաշենկոյի ռեժիմը ներգրավված է ուկրաինական օկուպացված տարածքներից 2150 երեխաների, այդ թվում՝ որբերի անօրինական տեղափոխման գործընթացում այսպես կոչված «Բելառուսի առողջապահական ճամբարներ», որտեղ նրանք ենթարկվել են «ռուսացման» և «գաղափարական մշակման»։

Համաձայն Հռոմի կանոնադրության դա կարող է որակվել որպես «բնակչության տեղահանում կամ բռնի տեղափոխում»։

Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին համարում է «այդ ռազմական հանցագործությունների համար նույնքան պատասխանատու, որքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և երեխաների հարցերով օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովան, որոնց նկատմամբ Միջազգային Քրեական Դատարանը ձերբակալության օրդեր է տվել 2023 թվականի մարտին։