Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին:
Փաշազադեն շարունակում է քարոզչական պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ ի դեմս Ամենայն Հայոց կաթողիկոսի։
Ըստ ադրբեջանական APA-ի, նամակում նշվում է, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, և ոչ մի կերպ չնպաստեն հակամարտություններին և բախմանը, այլ նպաստեն խաղաղությանը, խաղաղ համակեցությանը և փոխըմբռնմանը։
ԱՄԿ-ի նախագահը առաջարկել է, իր ներկայացուցիչներ ուղարկել՝ իրական իրավիճակին ծանոթանալու համար։
«Այս տարվա մայիսի 27-28-ը Բեռնում կայացած համաժողովում Ձեր ելույթի վերաբերյալ ես պետք է ևս մեկ անգամ Ձեր ուշադրությանը հրավիրեմ այն փաստին, որ համաշխարհային հանրության կողմից ճանաչված 86,6 հազար քառակուսի կիլոմետր Ադրբեջանի տարածքի վրա չկա «Արցախ» անունով վարչական միավոր։ Նույնիսկ Հայաստանի վարչապետն է ճանաչել այս պատմական իրականությունը», – հավելել է Փաշազադեն։
Ադրբեջանի մահմեդական առաջնորդն այնուհետև սկսել է հերյուրանքների, զրպարտությունների տարափը Հայ եկեղեցու հասցեին՝ իբր Հայ եկեղեցին մարդկանց մղում է ոչ թե խաղաղության, այլ բռնության, հայ ժողովրդին «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ։
«Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները», – ասվում է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի նամակում։