ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը կարճ ակնարկ եղել է TRIPP-ի վերաբերյալ։
«Նկատի ուներ, որ տարբեր բաներ ենք խոսել, հիմա իրողությունն այլ է: Ես ասել եմ՝ այո՛, իրողությունն այլ է, և կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք (ոչ TRIPP-ին մասնակցությամբ, որովհետև ես դա չեմ պատկերացնում) այլ ենթակառուցվածքներ կառուցելու, վերակառուցելու և շահագործելու մեջ ներգրավված լինել»,-նշեց նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ դա շատ լավ առաջարկ է, որին Ռուսաստանը պետք է և պարտավոր է արձագանքել: Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ ռուսական կողմից այս առումով արձագանք կլինի:
Անդրադառնալով ՌԴ-ի՝ TRIPP-ին ներգրավվածություն ունենալու մասին հարցին՝ ԱԺ նախագահն ասաց.
«Դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Դա հայ-ամերիկյան կազմակերպություն է։ Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն TRIPP-ի սահմաններում տեղաշարժվելը։
Հիմա ենթադրենք, որ ալյուրը, ցորենը կամ նավթամթերքը գալիս են,TRIPP-ի շրջանակներում չեն գալիս, չէ՞: Ճի՞շտ եմ։ TRIPP-ի հետ կապված նմանատիպ մեխանիզմը շատ վաղուց մեր սեղանին կար, մենք քննարկել ենք: Այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է, և դա խաղաղության շրջանակներում հիմնաքար է հանդիսացել շնորհիվ ԱՄՆ նախագահի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև չբացառեց, որ ՌԴ-ն իր մասնակցության հարցը կարող է քննարկել ամերիկյան կողմի հետ՝ ՀՀ գիտությամբ:
«Ի վերջո, Ռուսաստանը չպետք է կենտրոնանա TRIPP-ի վրա։ Դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել է կամ անցնելու է: Բազմաթիվ ճանապարհներ կան»,- ասաց Սիմոնյանը։









