Ես այս ամբիոնից ուզում եմ դիմել ուժային կառույցների ղեկավարներին՝ ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին, որպեսզի շատ արագ Երեւանում վերականգնեն հասարակական կարգը. Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ՝ ունենալով նձնական շահեր փակել են ԱԺ մուտքները եւ սադրանքներ են գործել մի շարք պատգամավորների մուտք գործելու ժամանակ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին,ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ես դիմում եմ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին, խնդրում ու պահանջում եմ, որ շատ արագ Երեւանում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների: Բազմաթիվ քաղաքացիներ վերջին օրերին ինձ գրում եւ ասում են, որ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստպված կլինենք պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին եւ իշխանությանը»,-ասաց նա:
Հայկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ ընդդիմադիր պատգամավորների կողմից վարչապետին ու իշխանություններին դավաճան կոչելուն՝ նշելով. «Մենք ուղղակի տեղից չենք ուզում արձագանքենք, ու դա ուժ է տալիս այս ամբիոնից խոսելու, պիտակումներ տալու: Դավաճանները նրանք են, որոնք 20-30 տարի երկիրը թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու այդ ընթացքում հողից ու փայտից դիրքեր: Դրանք են դավաճանները: Դավաճանները նրանք են, ում կառավարման ընթացքում մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Ես սրա մասին ԲՀԿ-ի մեր գործընկերներին ուրիշ նախագծի քննարկման ընթացքում ասել, ցույց եմ տվել, որ 2008-ին ունեցել ենք X թվով ժամկետային զինծառայողներ, թիվը չասեմ, իսկ 2018-ին՝ երկու անգամ պակաս: Դավաճանը նրանք են, որոնք այս վիճակին հասցրել են, դավաճանը նրանք են, որոնք իրենց երեխաներին մտցրել են իրենց կանաց փեշերի տակ ու չեն ուղարկել դիրքեր»:
News.am