Քաղաքագետ Դավիթ Հարությունովը չի կարծում, որ Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում նրա ադրբեջանցի գործընկերը հակահայ թեզեր առաջ կքաշի, բայց եթե անգամ Ալիևը նման փորձ անի, ստիպված կլինի հիշել, որ Թեհրանը չափազանց կշռադատված դիրքորոշում ունի և երբեք չի տրվում քարոզչական սադրանքներին։
«Կարծում եմ՝ տարածաշրջանային անդրադարձ կլինի, այդ թվում՝ Հայաստանի հետ քաղաքական գործընթացների վերաբերյալ, բայց հակահայ քարոզչությունն առաջ տանելն ինչ-որ հարց Ադրբեջանի համար չի լուծում. Իրանն ունի քաղաքական հստակ դիրքորոշում, որը Բաքվի հայտարարություններից հաստատ չի փոխվելու։ Սա վերջին տարիների իրողությունն է։ Բացառվում է, որ Իրանն ինչ-որ կերպ աջակցի Ադրբեջանի հակահայ մոտեցումներին»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունովը։
Ըստ քաղաքագետի՝ Իրանի նախագահի այցի ակնհայտ պատճառներից մեկը երկկողմ հարաբերությունների բարելավումն է. դրանում շահագրգռված են և՛ Բաքուն, և՛ Թեհրանը։
«Սա իր մեջ պարունակում է շատ կարևոր տնտեսական-կոմունիկացիոն տարր, որովհետև Իրանն ու Ադրբեջանը կոմունիկացիոն առումով միմյանց կարիքն ունեն։ Ադրբեջանին Իրանն է պետք, եթե հարավային ուղղությամբ ելք է հարկավոր, Իրանին՝ Ադրբեջանը, եթե դեպի հյուսիս ցանկանում է ճանապարհ ունենալ։
Բացի դրանից՝ գոյություն ունի Իրանի տարածքով Նախիջևանին կապվելու՝ Արազի միջանցքի նախագիծը։ Այս նախագիծը զարգանում է, և երկու երկրները քննարկել և հայտարարություններ են հնչեցրել այդ ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու մասին։
Բայց այստեղ ևս մեկ գործոն կա. Իրանը բավականին բարդ հարաբերությունների մեջ է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, հետևաբար խորապես շահագրգռված է գոնե հարևան երկրների հետ առավելագույնս բարելավվել հարաբերությունները։
Նախկինում, ինչպես գիտենք, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բավական լարված էին, և այս պայմաններում Թեհրանը պետք է ձգտի լավացնել Բաքվի հետ կապերը՝ գոնե այս ճակատը մեջտեղից հանելու համար»,- ասաց Դավիթ Հարությունովը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Ադրբեջանն Իսրայելի ակտիվ դաշնակիցն է, և այդ ֆոնին պաշտոնական Թեհրանի մոտ կարող են կասկածներ լինել։
«Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելը, նույնիսկ առանց ԱՄՆ-ի աջակցության, կարող է հարվածներ կատարել Իրանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ադրբեջանաիսրայելական կապերը՝ Իրանի համար Ադրբեջանն, իհարկե,կասկածելի երկիր է։ Կարծում եմ՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ այդ լարվածությունն ու կասկածները հնարավորինս փարատվեն, դրա համար էլ փորձում է բալանսավորել հարաբերությունները։ Բաքուն ձգտում է ցույց տալ Իրանին, որ ինքը թշնամական նպատակներ չունի և շահագրգռված է, որ կոնֆլիկտ չլինի»,- ամփոփեց Դավիթ Հարությունովը։
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Բաքու։