Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է.
Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական
կողմը սպանել է առնվազն հինգ քաղաքացիական անձի
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք
առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը
12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո
ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5
քաղաքացիական անձ:
Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած
դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական
անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ
Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական
տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր
ևս. հանգամանքները դեռևս պարզվում են:
Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը
հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի
և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի
քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ
Շոշ գյուղում վիրավորվել է մեկ 65-ամյա կին:
Ադրբեջանական հրթիռահրետանային թիրախային հարվածների հետևանքով տարբեր
բնակավայրերում էականորեն վնասվել են նաև բնակելի տներ ու
ենթակառուցվածքներ: Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածք այցի
ընթացքում Պաշտպանը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված
«Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն
կիրառվում են Ադրբեջանի կողմից:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ի երեկոյան
հրապարակել է Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանական վայրագությունների
վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը, որի բովանդակությանը կարելի է
ծանոթանալ հետևյալ հղմամբ՝