ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ – Վալերիան Մարկարովը (ծն. 1967, Թբիլիսի) ռուսալեզու գրող եւ պատմաբան է: Գերազանցությամբ ավարտելով Թբիլիսիի Պուշկինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը՝ զբաղվել է դասավանդմամբ: Այնուհետեւ բիզնես եւ մենեջմենթ է սովորել ԱՄՆ-ում (Կալիֆորնիայի պետական համալսարան, Սակրամենտո) եւ Իսրայելում (ՄԱՇԱՎ Միջազգային համագործակցության կենտրոն), աշխատել մի շարք միջազգային կազմակերպություններում եւ դիվանագիտական ներկայացուցչություններում: 2005 թվականից Թբիլիսիի «Ոսկե կամուրջ» միջազգային կրթական կենտրոնի տնօրենն է: Մարկարովը «Ամեն ինչ՝ իր ժամանակին», «Հանճարները նույնպես մարդիկ են… Լեոնարդո դա Վինչի», «Փիրոսմանիի լեգենդը», «Օլիվիա Ուիլսոնի անձնական օրագիրը», «Նրա ցանկության տրամվայը» ժողովրդականություն վայելող գրքերի հեղինակն է, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Նա Պուշկինի, Գոգոլի (Ռուսաստան) եւ Մարկ Տվենի (ԱՄՆ), ԴԻԱՍ, «Ոսկե ասպետ», «Տարվա լավագույն գիրք» (Գերմանիա) մրցանակների դափնեկիր է, Ֆազիլ Իսկանդերի եւ Էռնեստ Հեմինգուեյի (Կանադա) անվան գրական մրցանակաբաշխության ֆինալիստ, «Քայլ դեպի Պառնաս» միջազգային գրական մրցանակի հիմնադիր եւ կազմկոմիտեի նախագահ: Եղել է մի շարք միջազգային գրական մրցույթների դատակազմի անդամ:
–Հարգելի՛ Վալերիան, առաջին հարցը, որին կցանկանայի անդրադառնալ մեր զրույցում, կապված է լեզվի հետ: Հետխորհրդային Վրաստանում ռուսաց լեզուն այլեւս տարածված չէ, սեփական փորձից գիտեմ, որ տեղացիների մեծ մասը կա՛մ ռուսերեն չի պատասխանում այցելուների հարցերին, կա՛մ պատասխանում է այլ լեզուներով: Բայց Վրաստանում դարձյալ ստեղծվում է ռուսալեզու գրականություն: Ի՞նչ վիճակում է ռուսերենն այսօր եւ ինչպե՞ս է ապրում ռուսալեզու գրողը մերօրյա Վրաստանում:
-Այո՛, երբ մի հսկայական կայսրություն փլուզվեց եւ տրոհվեց փոքր բաղադրիչների, իսկ բարձրացող ալիքը նրա բնակիչներին տարավ աշխարհի տարբեր ծայրեր, նորանկախ Վրաստանում սկսվեց ռուսաց լեզվից հրաժարվելու քաղաքականություն: Սակայն կարող եմ ասել, որ ռուսերենը դեռ պահանջված է վրացիների եւ Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների շրջանում: Ի դեպ, մենք շատ ենք սիրում Չեխովից մեջբերումներ անել՝ կրկնելով նրա խոսքը. «Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես»: Դա ճշմարիտ է: Լավ աշխատանք փնտրողներին, որ կարողանում են իրենց մտքերը գեղեցիկ, գրագետ եւ լիարժեք արտահայտել երեք լեզուներով՝ վրացերեն, անգլերեն եւ ռուսերեն, ձեռքից ձեռք են խլում աշխատանքի տեղավորման լավագույն գործակալություններում, ինչը որ տեսնում եմ ուսանողներիս օրինակով, որոնցից շատերն աշխատում են Վրաստանում գործող միջազգային ընկերություններում: Ակնհայտ է, որ ռուսերենը դեռ երկար կմնա տարածաշրջանային կարեւոր լեզու, որով վրացիները շփվելու են ոչ միայն ռուսաստանցիների, այլեւ հայերի եւ ադրբեջանցիների, ուկրաինացիների եւ ղազախների հետ: Ինչ վերաբերում է Վրաստանի ռուսալեզու գրականությանը, այո՛, այն ստեղծվում է: Սա նշանակում է, որ ինչ-որ մեկին դա պետք է, ինչ-որ մեկին հետաքրքրում է: Եվ իմ կյանքը բավականին հարմարավետ է, քանի որ գտնվում եմ տանը, Վրաստանն իմ հայրենիքն է: Իմ ընթերցողները ռուսալեզու մեծ լսարան են ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ օտարերկրացիներ, որոնց իմ գրքերը թարգմանված հասանելի են անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն եւ այլ լեզուներով:
–Ես չեմ համարձակվի ասել, թե ինչո՞ւ չեք գրում հայերեն, բայց ձեր վրացի գործընկերները երբեւէ չե՞ն խանդել. «Ինչո՞ւ դու՝ թբիլիսցիդ, չես գրում վրացերեն»: Բազմիցս լսել եմ հայաստանցի հայերի անհիմն կշտամբանքները Նարինե Աբգարյանի հասցեին՝ հայերեն չգրելու համար:
-Ես երբեք իմ հասցեին չեմ լսել նման նախատինքներ կամ բողոքներ: Եվ, անկեղծ ասած, հուսով եմ, որ դա երբեք տեղի չի ունենա: Հին ժամանակներից Վրաստանը եղել է բազմազգ երկիր, եւ այս գործոնը կանխորոշել է նրա զարգացման ողջ պատմական ուղին: Շատ ժողովուրդներ ապաստան են գտել այստեղ, որը ժամանակի ընթացքում դարձել է նրանց տունը: Ավելին, հին ժամանակներից Վրաստանում վրացերենի հետ գոյակցում էին այլ ազգությունների եւ էթնիկ խմբերի լեզուները: Հասկանալի է, որ Վրաստանում ողջունելի են բոլոր նրանք, ովքեր բարենպաստ եւ հարգալից վերաբերմունք ունեն վրացական կենսունակ ու ինքնատիպ մշակույթի եւ նրա ավանդույթների նկատմամբ:
–Որպես գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ՝ ինձ միշտ հետաքրքրում է իմանալ գործընկերներիս գրական ստեղծագործությունների ծնվելու ընթացքը: Ինչպե՞ս է դա տեղի ունենում ձե՛զ համար:
-Սովորաբար նման դեպքերում իմ գրող ընկերները խոսում են իրենց ներշնչանքի մասին: Բայց եթե լուրջ խոսենք, կա օբյեկտիվ իրականություն, եւ մտածել, որ «վերեւից» ինչ-որ բան կընկնի ձեր գլխին կամ գլխի մեջ՝ միամտություն է: Մենք ունենք հսկայական եւ հզոր մեքենա՝ գիտակցությունը, այն պետք է ճիշտ բեռնել, որը եւ կարտադրի որակյալ եւ հետաքրքրական գործեր: Իսկ ոգեշնչումը ստեղծագործ մարդու շիզոֆրենիան է: Բացահայտե՛ք ճանաչված դասականների ցանկացած հուշեր, թե ինչպես են նրանք գրել: Այնտեղ «ոգեշնչման» մասին ոչ մի բառ չեք գտնի, բայց կգտնեք տեղեկություններ այն մասին, թե ինչպես են նրանք կարգավորել գործընթացը՝ ինչպես են գրի առել մտքերը, ինչպես են աշխատել սեւագրերի հետ, ինչպես եւ երբ են վերադարձել տեքստին, ինչպես են գտել թեմաներ, ինչպես են մշակել եւ հղկել տեքստը: Դրա՛ մասին են խոսում, ոչ թե ոգեշնչման, որին կսպասես ու չի գա: Գաղտնիքը ջանք գործադրելն է, նստել եւ պատրաստ լինելով սարեր շուռ տալ՝ աշխատել, աշխատել ու աշխատել մինչեւ վերջին կետը: Իսկ հետո կարող եք հանգստանալ: Ի դեպ, որպես հանգիստ ես նախընտրում եմ ծովն ու ճանապարհորդությունը:
–Լեոնարդո դա Վինչիի մասին ձեր վեպը ընդգրկվել է Վերածննդի դարաշրջանի այդ մեծության մասին յոթ լավագույն գրքերի ցանկում: Որոշ հետազոտողներ, վկայակոչելով Լեոնարդոյի այսպես կոչված «Հայկական նամակները», կարծում են, որ նա ճանապարհորդել է Կիլիկյան Հայաստանում, ուրիշները հերքում են դա: Ձեր գրքում այս հարցին անդրադարձե՞լ եք:
-Ինձ համար՝ որպես գրողի, կարեւոր է իրադարձությունները նկարագրելիս հետեւել պատմական ճշգրտությանը, կարեւոր է փաստերի որոնումը եւ դրանց ստուգումը: Այսինքն՝ բարձրորակ պատմավեպի գլխավոր նշանը նրա իսկությունն է: Դուք պետք է պատրաստ լինեք քրտնաջան քննել աղբյուրները: Նաեւ ժամանակի ոգին եւ բուն պատմական դարաշրջանը զգալու համար շատ օգտակար է ճանապարհորդել այն վայրերը, որտեղ ծավալվելու են գրքի իրադարձությունները: «Հանճարները նույնպես մարդիկ են… Լեոնարդո դա Վինչի» վեպը մասամբ գրվել է Իտալիայում: Բարեբախտաբար, մեծ հանճարի ժառանգությունը խնամքով պահպանվում է Ֆլորենցիայի, Հռոմի եւ Վենետիկի շքեղ թանգարաններում եւ գրադարաններում: Իհարկե, այցելել եմ նաեւ Միլանի Ամբրոսյան գրադարանը, որտեղ պահվում է «Հայկական նամակների» ձեռագիրը. դրա մեջ Լեոնարդոն հիշատակել է Էրմինիա երկիրը, նկարագրել Տավրոսի լեռները, Եփրատ գետը, որը, ինչպես հայտնի է, սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհից: Այնուամենայնիվ, ինձ հետ զրույցներում իտալացի մի շարք պատմաբաններ, որոնք ուսումնասիրել են խնդիրը, կտրականապես հերքել են Կիլիկիա ճանապարհորդության փաստը՝ այն դասելով Լեոնարդոյի բազմաթիվ այլ գեղարվեստական հնարանքների շարքում՝ ամեն անգամ նշելով, որ Վերածննդի հանճարի կյանքը տարի առ տարի մանրամասն ուսումնասիրվել է, եւ չկա որեւէ ապացույց նշված ժամանակահատվածում Իտալիայից նրա հեռանալու մասին: Ելնելով ասվածից՝ գտնում եմ, որ այս հարցը դեռ մանրամասն ուսումնասիրության կարիք ունի:
–Դուք, որպես Փիրոսմանիի մասին գրքի հեղինակ, ի՞նչ կասեք վրացի նշանավոր նկարչի կտավների հայերեն գրությունների մասին:
-Էքսցենտրիկ «ներկարար Նիկոն» միշտ պատրաստ է եղել հանուն ուտելիքի եւ խմիչքի պարզապես ներկել մեքենա, պատ կամ ցուցանակ, այնպես, ինչպես հաճախորդներն են խնդրել: Նա իր կյանքում երբեք չի տեսել բեւեռային արջերի, տունգուսների որսորդություն կամ սեւ առյուծներ, բայց նկարել է դրանք, քանի որ հաճախորդներն են խնդրել: Նա աշխատել է արագ՝ երբեք ոչինչ չշտկելով: Նա պնդել էր, որ տեսնում է սրբերի, իսկ վրձինը ինքն իրեն նկարում է նրանց, ինչով նույնպես չի խորացրել իր հանդեպ լուրջ վերաբերմունքը: Նիկոյի մասնագիտությունը նկարչությունն էր: Ընդ որում սկսել է նկարել մանկությունից, որն անցկացրել է Քալանթարովների եւ Խանքալամովների հարուստ հայկական տներում: Զարմանալի չէ, որ նա տիրապետել է Թիֆլիսի բոլոր երեք լեզուներին, եւ այո, երբեմն իր ստեղծագործություններում հայերեն մակագրություններ է կատարել:
–Կարծում եմ, որ պատմական իրադարձությունների ֆոնին հայ ընտանիքի մի քանի սերունդների կյանքի մասին պատմող ձեր «Յոթ սարից այն կողմ» պատմվածքը որոշ չափով ինքնակենսագրական է:
-Այո՛, ճիշտ է:
–Այդ պատմվածքի հերոս Մուշեղն ասում է. «Ուժեղ են այն մարդիկ, ովքեր ունեն ամուր ընտանիքներ, որոնք ապրում են խաղաղ եւ առաքինության մեջ»: Հետաքրքրական է, որ նույն բանն է ասում հայ արձակի դասական Մուրացանի համանուն վեպի հերոս Գեւորգ Մարզպետունին ազգերի վերաբերյալ: Հետաքրքիր կլինի իմանալ ձեր ընտանիքի մասին:
-Ես ծնվել եմ Վրաստանի մայրաքաղաքի պատմական թաղամասում՝ Սոլոլակում: Մանուկ հասակում մկրտվել եմ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Վեց տարեկանում ընդունվել եմ թիվ 43 դպրոցը (նախկին Մանթաշեւի անվան առեւտրային դպրոցը, որտեղ սովորել են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Ռուբեն Մամուլյանը, Վիկտոր Համբարձումյանը, Միքայել Թարիվերդիեւը, Բուլատ Օկուջավան, Մառլեն Խուցիեւը, Եվգենի Բաշինջաղյանը, Ալեքսանդր Մետրեւելին եւ այլք): Մայրս մասնագիտությամբ կենսաբան էր, հայրս՝ ճարտարագետ-գեոդեզիստ եւ Վրաստանի վաստակավոր նկարիչ: Մորս նախնիները Վրաստանում ապրել են երկրի ամենանշանավոր կառավարիչներից մեկի՝ Դավիթ IV Շինարար թագավորի ժամանակներից (11-12-րդ դարեր): Հորս գծով ես 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգությունից փրկվածների ժառանգ եմ: Հենց հայրս է ինձ ծանոթացրել Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությանը: Եվ այս նկարչի մասին իմ գիրքը ես նվիրեցի նրան: Իհարկե, նա է իմ մեջ սեր սերմանել իմ պատմական հայրենիքի հանդեպ՝ խոսելով հինավուրց Ուրարտու պետության, ապա Հայաստանում հելլենիստական դարաշրջանի մասին, որը հարստացրել է ազգային մշակույթը: Բայց գլխավորը, որ ժառանգել են ինձ ծնողներս, ընտանեկան արժեքներն են, սերն ու հարգանքը բոլոր ազնիվ մարդկանց նկատմամբ՝ անկախ մաշկի գույնից ու աչքերի ձեւից:
–Որքանո՞վ եք ծանոթ հայ գրականությանը եւ կապեր ունեցե՞լ եք հայ գրողների հետ:
-Քիչ եմ ծանոթ: Հայ գրականությունն առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցն է: Եվ, իհարկե, Հովհաննես Թումանյանը: Մեծ աշուղ ու սիրային երգերի վարպետ Սայաթ-Նովան, նաեւ Գաբրիել Սունդուկյանը, երկուսն էլ՝ թիֆլիսեցի: Չեմ կարող չնշել հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանին («Վերք Հայաստանի»): Կարդացել եմ Չարենց, Պարույր Սեւակ. Ստեփան Զորյանը հիանալի վեպեր ունի: Իհարկե, կարդացել եմ Րաֆֆի («Խենթը», «Դավիթ Բեկ», «Սամվել») եւ Շիրվանզադե («Նամուս»): Ինչ վերաբերում է հայ գրողների հետ իմ շփումներին, այստեղ հարց է, թե ո՞ւմ անվանել հայ գրող: Միայն հայերե՞ն գրողներին: Թե՞ նաեւ նրանց, ովքեր էթնիկ հայեր են, բայց գրում են այլ լեզուներով, օրինակ՝ Վիլյամ Սարոյանը, որը ծնվել է Կալիֆորնիայում եւ ստեղծագործությունները գրել է անգլերեն: Ժամանակակից ռուսալեզու հայ գրողներից ու բանաստեղծներից ինձ դուր են գալիս Նարինե Աբգարյանը, Կարինե Հարությունովան, Լիանա Շահվերդյանը, Հովհաննես Ազնաուրյանը, Կոնստանտին Շաքարյանը, Էմմա Օգոլցովան եւ այլն: Նրանցից ոմանց հետ կապ եմ պահպանում:
–Դուք շատ հոբիներ ունեք, այդ թվում՝ խոհարարություն (ես՝ նույնպես, հատկապես՝ ավանդականը): Շատ հին բաղադրատոմսեր այսօր, ավա՜ղ, մոռացության են մատնվել: Ունե՞ք որեւէ քիչ հայտնի ընտանեկան բաղադրատոմս:
-Հիշում եմ՝ ինչպես էր տատիկս պատրաստում հայկական համեղ ձավարապուրը, որն անվանում էր պարզապես «ապուր» եւ ամեն անգամ կրկնում էր, որ այն հայ ժողովրդի հպարտությունն է: Այս ապուրն այնքան առողջարար է համարվել, որ հիվանդների համար տարել են հիվանդանոց: Այն պատրաստելու համար պետք է ձավար (բայց փոխարենը կարող եք օգտագործել նաեւ բլղուր, բրինձ կամ գարի): Այսպիսով, ձավար՝ 1 բաժակ, կարագ՝ 50 գրամ, ձու՝ 1 հատ, ալյուր՝ 2-3 ճաշի գդալ, թթվասեր՝ 200 գրամ, մածուն՝ 1 լիտր, սոխ՝ 1 գլուխ, համեմ եւ մաղադանոս՝ մեկական փունջ, անանուխ՝ ըստ ճաշակի, աղ: Ձավարը պետք է լավ լվալ եւ եփել մինչեւ ամբողջովին պատրաստ լինի, քամել ջուրը, լվալ: Ձուն հարել ալյուրի հետ, ավելացնել թթվասեր եւ մածուն: Այս ամենը լավ խառնել, լցնել ձավարով կաթսան՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան: Հասցնել եռման աստիճանի: Եթե շատ թանձր է, կարող եք ավելացնել եռացրած ջուր: Թավայի մեջ կարագ դնել, մեջը տապակել սոխը մինչեւ ոսկեգույն դառնա, վրան ավելացնել ապուրը: Ավելացնել մանր կտրատած կանաչիները, թողնել եփվի եւս հինգ րոպե եւ… խնդրե՛մ, ապուրը պատրաստ է: Այն մատուցվում է տաք կամ նույնիսկ սառը: Ես պատրաստ եմ այն ուտել ամեն օր: Բարի ախորժա՛կ:
–Շնորհակալություն բաղադրատոմսի ու նաեւ բոլոր պատասխանների համար, հարգելի՛ Վալերիան: Հուսով եմ, որ ձեր գրքերը կհրատարակվեն նաեւ հայերեն, եւ դուք կրկին կայցելեք ձեր նախնիների հայրենիքը:
-Ձեզ նույնպես շատ շնորհակալություն հաճելի զրույցի համար…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ