ԵՐԵՎԱՆ-ՊԱՊԵԵՏԵ, Ֆրանսիական Պոլինեզիա – Վադիմ Թումանյանցը ծնվել է 1983 թվականին Թաիթիում (Ֆրանսիական Պոլինեզիա), հայ-իտալացի հոր եւ ռուս մոր ընտանիքում: 2000 թվականին եղել է Թաիթիի լողի չեմպիոն՝ 50, 100, 200, 400 եւ 1500 մետր ազատ ոճերում: Մասնակցել է լողի աշխարհի երկու առաջնությունում՝ որպես Թաիթիի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ: Որոշ ժամանակ Վադիմը մարզական կրթություն է ստացել Ֆրանսիայում եւ կենսաբանություն է սովորել ծննդավայրում: Ներկայումս վարչական աշխատանքի է եւ ղեկավարում է արհմիություն Պապեետեում:
–Սիրելի՛ Վադիմ, ինձ համար հաճելի անակնկալ էր նամակագրությունը քեզ հետ եւ իմանալը, որ հետաքրքրված ես Հայաստանի ներկա իրավիճակով եւ պատմությամբ: Խոստովանենք, իսկապես անսովոր է Թաիթիում ծնված տղայի հետ նամակագրությունից տեղեկանալ պատմական Հայաստանի Պորտասար հնագիտական վայրի վերաբերյալ նրա իմացության մասին: Եվ այսպես, հայկական ժառանգության ի՞նչ հետքեր կան ձեր ընտանիքում:
-Ակնհայտորեն՝ իմ անունը: Դա գլխավոր բանն է, որ վերապրեց իմ ընտանիքի բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում: Պապս՝ Գարեգին Թումանյանցը, եկել է Ֆրանսիա եւ քաղաքացիություն ստացել ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի շնորհիվ: Այդ քաղաքացիությունն էլ նպաստել է, որ պապս, իր իտալուհի կինը եւ հայրս եկել են Թաիթի:
Ցավոք, ես հայերեն չեմ խոսում, այդ լեզուն մեր ընտանիքում կորել է դեռ պապիս օրոք: Նա օրական ընդամենը մեկ բառ է սովորեցրել հորս ու հորեղբորս: Ես մի քիչ խոսում եմ ռուսերեն, քանի որ մայրս Բաքվում ծնված ռուս է: Մայրական պապս ծնվել է Ուկրաինայում, եւ ես վստահ եմ, որ այնտեղ խաղաղություն կտիրի, ինչպես եւ Հայաստանում:
–Թաիթիում հայկական ծագում ունեցող այլ մարդկանց ճանաչո՞ւմ ես: Մի քանի տարի առաջ հոդված եմ հրապարակել Օվկիանիայում, ներառյալ Պոլինեզիայում, հայկական ներկայության մասին: Ես կապի մեջ էի Պապեետեից Նատաշա Միրիմանովի հետ, որն ուներ հայ-լեհ-թաիթական ծագում: Նա ինձ գրել է, որ նույնիսկ Պոլինեզիայում հայերի միություն է եղել:
-Այստեղ ճանաչում եմ «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցող որոշ մարդկանց, բայց երբեք չեմ լսել որեւէ պաշտոնական, գրանցված միության մասին: Թաիթին երեք հիմնական մշակույթների՝ պոլինեզական, ֆրանսիական եւ չինական, խառնարան է: Դրա շնորհիվ այստեղ մարդկանց մեծ մասին լավ են ընդունում՝ անկախ նրանց եկած վայրից:
–Ի՞նչ գիտես նախնիներիդ մասին:
-Ունենալով Հայաստանի հետ պատմականորեն կապված անուն՝ նրանք կարող են լինել Հայաստանից, բայց նաեւ Վրաստանից, Պարսկաստանից եւ Ռուսաստանից: Գիտեմ, որ տոհմի հավանական նախահայրը եղել է Թումանը, որը եղել է դիվանագետ Ֆրանսիայում. Մարկո Պոլոյի գրքի որոշ հրատարակություններում կա նրան ուղղված Խուբիլայ խանի հավատարմագիրը: Հայրս ծնվել է Ֆրանսիայում: Նա խզել է իր բոլոր կապերն ընտանիքի հետ, իսկ պապս էլ ի սկզբանե պատրաստ չի եղել շատ բան հաղորդել նրան: Ես երբեք չեմ տեսել իմ պապերից ոչ մեկին: Գիտեմ, որ հայրական պապս եղել է ցարի բանակի սպա, հավանաբար՝ գնդապետ: Ընտանիքի անդամներից մեկը՝ Երվանդ Թումանյանցը, Երկրորդ աշխարհամարտից հետո ճարտարապետ է եղել Ֆրանսիայում. Կալե քաղաքում կա Թումանյանց պողոտա՝ նրա անունով: Հայրս նաեւ մի անգամ ասաց, որ ամերիկյան բալետի հայտնի պարուհի Թամարա Թումանովան իր հեռավոր զարմուհին է:
Չնայած որոնումներին՝ հայրս այդպես էլ չգտավ, թե որտեղ է ծնվել պապս (նա կարող էր ճիշտ չասել իր ծննդյան թվականը՝ Լեգեոն մտնելու համար): Նա նույնիսկ այդ հարցով մեկ-երկու անգամ գրել է Վրաստանի կառավարությանը: Քանի որ պապիկս կրում էր մանուկ հասակում իր դեմ կատարված մահափորձի հետքերը (Ցեղասպանությունից տարիներ առաջ), ենթադրում եմ, որ մենք վաղուց գերդաստանի զինվորական ճյուղից ենք:
–Իսկ ինչպե՞ս ձեր հայրը հայտնվեց Թաիթիում:
-Ինչպես ասում է Շառլ Ազնավուրը՝ «Ինձ թվում է, որ դժբախտությունը պակաս ցավոտ կլինի արեւի տակ»: Նա այդպես ասաց այն երգում, որ աշխարհի վախճանի մասին է, ինչից մենք այնքան էլ հեռու չենք՝ հաշվի առնելով մեր ծագումը…
Հայրս ուզում էր զգալ արեւը. նա քիչ էր մնում մահանար թոքախտից, երբ նոր էր ընդունվել համալսարան: Խնդրեց իրեն Պոլինեզիա ուղարկել՝ որպես ուսուցիչ, ու բախտը բերեց: Այնուհետեւ հրաժարվեց հեռանալ Թաիթիից, որտեղ տուն էր գնել եւ որտեղ որդին էր ծնվել: Բայց ես շնորհակալ եմ հորս: Ես բախտավոր եմ, որ գտնվում եմ մի վայրում, որտեղ (չնայած բոլոր դժվարություններին) մարդկանց մեծամասնությունը բարի եւ դյուրահաղորդ է: «Վայրենի ազնվականի» առասպելն ակնհայտորեն արմատներով Հարավային Խաղաղ օվկիանոսից է, եւ ես միշտ ինձ երջանիկ եմ զգացել այստեղ: Ամենամեծ ափսոսանքը, որ ես ունեմ, այն է, որ պետք եղածի չափ մոտ չեմ եղբորս, որն ապրում է Ֆրանսիայում:
–Իսկ երբեւէ եղե՞լ ես մեր տարածաշրջանում:
-Ամենամոտը եղել է Սոչին: Իմ ծրագրերից է, թեեւ ոչ մոտ ապագայում, այցելել եւ տեսնել մեր հայրենի հողերի այն փոքր մասը, որը պահպանվել է:
–Իսկ տարբեր երկրներում հայերի հանդիպե՞լ ես կամ հայկական վայրեր այցելե՞լ ես:
-Աղետի (այս բառը Վադիմն ասաց հայերեն՝ նկատի ունենալով Ցեղասպանությունը – Ա. Բ.) եւ մոտավորապես նույն ժամանակ տեղի ունեցած կոմունիստական հեղափոխության (որից ռուս ազնվականությունը ստիպված եղավ փախչել) միակ լավ բանն այն է, որ մենք այժմ ամենուր ենք: Այսպիսով, ես բախտ ունեցա հանդիպելու բազմաթիվ հայ եւ ռուս մարդկանց ամբողջ աշխարհում: Եվ դա սովորաբար մեզ տալիս է ընդհանուր մի հիմք՝ զրուցելու համար: Ես միշտ ինձ բախտավոր եմ զգացել այն մարդկանց առումով, որոնց հանդիպել եմ: Նրանցից շատերը լավ կամ գերազանց ընկերներ են: Իսկ ի՞նչ են ընկերները, եթե ոչ այն ընտանիքը, որը կարող ես ընտրել:
Ես հրավեր ունեմ մեկնելու Կոստա Ռիկա՝ այնտեղ ապրող հայ ընկերոջից (սիրելի՛ Արթուր, գիտեմ, որ երկար ժամանակ է անցել, եւ գուցե մի օր ժամանակ կգտնեմ այցելելու քո բնակավայրը): Ինչ վերաբերում է վայրերին, անկեղծ ասած, ես կցանկանայի այցելել մեր զրույցի սկզբում ձեր նշած Պորտասարը: Կցանկանայի նաեւ մի օր մեկնել Բաքու, նաեւ Կարալիո եւ Տյումեն, որտեղից են իմ իտալացի եւ ռուս նախնիները: Բայց ես փորձում եմ վայրերից ավելի առաջնահերթություն տալ ապրողներին, ինչն ինձ ստիպում է կենտրոնանալ առաջին հերթին ընտանիքի վրա:
Ես հիանալի գիտեմ այն փաստը, որ մեր օրերում թուրք բնակչությունը շատ քիչ առնչություն ունի Ցեղասպանության հետ (եւ որ նրանցից ոմանք կրոնափոխ հայեր են): Եվ հիանալի գիտեմ, որ ժողովուրդներն իրենց իշխանությունները չեն: Բայց որոշ անձնական փորձառություններ եւ մարդիկ, որոնց հետ ընկերացել եմ, ինձ ակնհայտորեն հասկացրին, որ ինձ համար անվտանգ չի լինի ճանապարհորդել Ադրբեջանում:
–Ծանո՞թ ես հայ երաժշտությանը, կինոյին, գրականությանը եւ այլն…
-Գիտեմ Հովհաննես Թումանյանի մասին: Անշուշտ, սիրում եմ Շառլ Ազնավուրի ստեղծագործությունը: Զարմացա՝ պատահաբար տեսնելով Թորոս Ռասթկելենյանի արձանն Էքս-ան-Պրովանսում (ես մեկնեցի այնտեղ՝ տեսնելու այն քաղաքը, որտեղ սովորել է հայրս, որը նա շատ էր սիրում եւ որտեղ բախտ է ունեցել դաշնամուր նվագել սովորել): Սիրում եմ դերասան Մայքլ Վարդանին, որը լավ կերպար ունի «Ալիաս» հեռուստասերիալում: Ինձ շատ դուր եկավ Գալուստ Կյուլբենկյանի պատմությունը: Ոչ ինքնին նրա պատմությունը (թեեւ միշտ հաճելի է տեսնել, որ մեկը վեր է բարձրանում բոլոր ակնկալիքներից), այլ այն բանի համար, թե ինչ է նա արել դրա հետ: Նրա արվեստի հավաքածուն տպավորիչ է (ինքս էլ հավաքում եմ որոշ նկարներ): Հետաքրքրական են նաեւ Արտեմ Միկոյանի աշխատանքները: Ես միշտ սիրել եմ կործանիչների տեսքը, քանի որ այդ ինքնաթիռները նման են թռչունների եւ ունեն ամենանրբագեղ ձեւավորումը (առնվազն՝ իմ տեսանկյունից):
Ինչ վերաբերում է ուտելիքին, ես շատ եմ սիրում նուռ: Մենք իրականում ունենք մեկ ծառ մեր բակում այստեղ:
–Վադի՛մ, հուսով եմ գիտես, որ մենք շատ ուրախ կլինենք Հայաստանում ընդունել մեր տղային Թաիթիից:
-Շնորհակալություն: Ես էլ եմ հուսով, որ մի օր դուք նույնպես կկարողանաք այցելել Թաիթի…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ