Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նեւդոն Ժամկոչյան. «Հայկական ժառանգությունս կենտրոնական է իմ արվեստում»

Արծվի Բախչինյան
24/10/2025
- 24 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ – Նեւդոն Ժամկոչյանը (ծն. 1971, Սան Ֆրանցիսկո) ամերիկյան բազմաճյուղ արվեստագետ եւ գրող է. ապրել է Ինդոնեզիայում, Գերմանիայում, Թայլանդում, Սենեգալում, Չինաստանում, Մալայզիայում եւ Հնդկաստանում: Ստացել է նկարչական կրթություն, սակայն նրա գործունեությունն ընդգրկում է նաեւ լուսանկարչություն, ինստալացիա, տեքստ եւ փերֆորմանս: Ցուցադրվել է տարբեր երկրներում (ԱՄՆ, Հայաստան, Թայլանդ, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա): «Ռիչարդ Բրանսոն Մարս 2025» մրցանակի դափնեկիր է: Գրում է «Հիպերալերգիկ» եւ «Արթքոր ջորնըլ» արվեստաբանական հանդեսների համար: Նրա հետաքրքրությունները ներառում են ֆուտուրիզմը, միջմեդիականությունը եւ մոդեռնիզմն արվեստի պատմության մեջ:

–Նեւդո՛ն, ձեր արվեստում առերեսվում եք պատմության եւ հիշողության թեմաներին՝ հաճախ անդրադառնալով ցեղասպանության, կենդանիների անհետացման, մարդկային ժառանգության փխրունության խնդիրներին: Պատանեկությանս տարիներին շատ էի ազդվում՝ նայելով անհետացած կենդանիների պատկերներին: Հետո գիտակցեցի, որ շատ ազգեր՝ յուրաքանչյուրը մարդկության խճանկարի յուրօրինակ մի գույն, նույնպես կարող են անհետանալ՝ մոտ կամ հեռու ապագայում: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ արվեստը որեւէ ձեւով կանխի նման ողբերգությունները:

-Արվեստը չի կարող կանխել աղետը՝ ուղիղ, գործնական իմաստով: Նկարները, ինստալացիաները կամ փերֆորմանսները չեն կարող դադարեցնել ցեղասպանությունը կամ կանխել որեւէ տեսակի անհետացումը: Սակայն արվեստը կարող է ամբողջականացնել հավաքական հիշողությունը, ձեւավորել խոսույթ եւ բացահայտել լռության հետեւանքները: Երբ մարդն արվեստի գործում տեսնում է ցեղասպանություն, անհետացում կամ ջնջված մշակույթի բեկորներ՝ վերստեղծված ինստալացիայի մեջ, այդ հանդիպումը կարող է հարուցել այնպիսի կարեկցանք եւ գիտակցում, որոնք հազվադեպ են քաղաքական զեկույցներում կամ լրատվական հոսքերի մեջ: Արվեստը երկար է ապրում. այն ստեղծում է փոքրիկ ճեղքեր մեր վստահությունների մեջ: Դրանք չեն կարող կանխել ողբերգությունը, բայց կարող են ստեղծել այնպիսի պայմաններ, երբ ժխտումը կդառնա ավելի դժվար, իսկ մոռանալը՝ գրեթե անհնար: Բացի այդ, արվեստը ամենեւին ծախսատար չէ. այն ամենաէժան միջոցն է՝ մարդկանց ստիպելու մտածել եւ հիշել:

Արվեստը որպես հիշատակ պետք է գործի մարդկային հիշողության բարդ կառուցվածքի հետ մեկտեղ: Աղետի ուղիղ եւ հետեւողական պատկերումն անհրաժեշտ է, սակայն չի կարող լինել միակ միջոցը, եթե ուզում ենք, որ հիշողությունը շարունակի մնալ կենդանի եւ իմաստավորված: Հավաքական գիտակցության մեջ պահպանվում է մոտեցումների շերտավորումը. տխուր հուշարձաններ՝ երգիծանքի հետ կողք-կողքի, կտրուկ վավերագրում՝ նուրբ ակնարկների հետ: Սա ամեննց ակնհայտ է Հոլոքոսթի դեպքում, որի հիշողությունը պահպանվել է ոչ միայն պաշտոնական հուշարձանների, այլեւ մշակութային դրսեւորումների միջոցով՝ Մել Բրուքսի հումորային «Պրոդյուսերները» ֆիլմից մինչեւ «Սթոլփերսթեյն» (անհատական հուշաքարերի) նախագիծը: Այդ բազմազան մոտեցումն է Հոլոքոսթը դարձրել նորագույն պատմության ամենահայտնի իրադարձություններից մեկը: Իսկ հայերի, ռուանդացիների կամ կամբոջացիների ցեղասպանությունները քիչ են ներկա հանրային պատկերացումների մեջ, մասամբ այն պատճառով, որ դրանց հիշողությունը հաճախ սահմանափակվել է վավերագրմամբ՝ առանց այնպիսի գեղարվեստական միջամտությունների, որոնք պատմությունը կդարձնեն ոչ միայն մտավոր առումով ընկալելի, այլեւ հուզականորեն վերապրելի: Հիշողությունը պահպանելը պահանջում է թե՛ լրջություն, թե՛ ստեղծարարություն: Իմ ուսումնասիրությունները՝ նվիրված համաշխարհային հիշողության վայրերին՝ սկսած Պնոմպենի Թուոլ Սլենգ Ցեղասպանության թանգարանի այցելուների մատյաններից մինչեւ Գանայի ստրուկների ամրոցները, ցույց տվեցին պատմական տրավմայի ընկալման մեջ առկա էական բացը: Մի բան՝ որ պետք է ընդգծենք, մեր փորձառության համընդհանրությունն է: Մենք չենք կարող որոշ սիոնիստների պես ասել՝ «Սա երբեք չպետք է կրկնվի՝ միայն մեզ հետ»: Ցեղասպանությունը երբեք չպետք է կրկնվի ոչ ոքի՛ հետ:

-2014 թվականին դուք պատրաստեցիք 1.500.000 հուշամեդալ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված էր «1 հայ» եւ նվիրեցիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նաեւ նախաձեռնեցիք «Բագրատյան նախագիծը»՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հերոս Ստեփան Բագրատյանի երեւակայական ինքնակենսագրությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարին: Ինչպե՞ս է ձեւավորվել այդ նախագիծը:

-Իմ վեպը (որը վերջնականապես ավարտեցի երկու շաբաթ առաջ՝ 11 տարվա աշխատանքից հետո, այժմ հրատարակիչ եմ փնտրում) ստեղծում է մի հակապատմական կտավ՝ հիմնված այն հարցի վրա, թե ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե Հայոց ցեղասպանությունը կատարված չլիներ: Վեպի գաղափարական նախադրյալը բխում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածից, որը քրեականացնում է «թրքության հանդեպ վիրավորանքը»՝ Ցեղասպանության ճանաչման դեպքում: Գրքում պատկերում եմ մի այլընտրանքային 20-րդ դար, որտեղ հայկական մտավոր եւ գեղարվեստական միջավայրը գոյատեւել է՝ մոդեռնիզմի առանցքը վերակենտրոնացնելով Անատոլիայում: Այդ զուգահեռ տիեզերքում երիտասարդ հերոսը՝ Ստեփան Բագրատյանը, խուսափում է իր գրական ճակատագրից (մահ՝ 15 տարեկանում): Ողջ մնալով՝ նա մեծանում է եւ դառնում արվեստի ականավոր գործիչ՝ փոխելով մշակութային մոդեռնիզմի աշխարհագրությունը: Առանց իր հին ժողովուրդներին արմատախիլ անելու՝ Կոստանդնուպոլիսը պահպանում է իր պատմական դերը որպես կոսմոպոլիտ մայրաքաղաք՝ ինչպիսին եղել էր Հռոմի անկումից մինչեւ նոր ժամանակները: Արդյունքում՝ ավանգարդի կենտրոնաձիգ ուժը երբեք չի տեղափոխվում Նյու Յորք. մոդեռնիզմը ծաղկում է Կոստանդնուպոլսի արվեստանոցներում եւ Անատոլիայի տարածքներում: Այս միջավայրում վերաիմաստավորվում են պատմական դեմքերը. Արշիլ Գորկին հանդես է գալիս իր ծննդյան անունով՝ Ոստանիկ Մանուկ Ադոյան, իսկ Կոմիտասը, փրկված իր պատմական ճակատագրից, հանդես է գալիս որպես դրվագային կերպար՝ վերականգնված իր ստեղծագործական կյանքում: Պատմությունը լեցուն է պատմական եւ հորինված բազմազան կերպարներով՝ ուկրաինացի ֆուտուրիստներից մինչև այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք են Դյուշանը, Պիկաբիան և Լոյը, բոլորը՝ խմբված արվեստի նորարարության այս նոր կենտրոնի շուրջ:

Սյուժեն հետեւում է Բագրատյանի ուղուն՝ քաղաքականորեն վերաձեւված Մերձավոր Արեւելքում: Տարածքը ձեւավորվել է ըստ Վիլսոնի առաջարկած քարտեզի: Նրա ճանապարհն անցնում է տարբեր երկրներով՝  նորաստեղծ Հայկական ժողովրդավարական հանրապետության, որի մայրաքաղաքը հառնում է Անիի ավերակների միջից, անկախ Հունական Պոնտոսի, Հռոդոս կղզու հրեական անարխո-սինդիկալիստական համայնքի եւ Սիրիայի ու քրդական տարածքների համար ստեղծված տարբեր մանդատավոր երկրների: Այս մանրակրկիտ ուսումնասիրությամբ կառուցված աշխարհը ներկայացված է նաեւ բնօրինակ քարտեզագրությամբ՝ ընթերցողին ուղղորդելով այս անծանոթ միջավայրում:

Վեպը պատմվում է առաջին դեմքով: Բագրատյանը միտումնավոր ներկայացված է որպես անկատար հակահերոս՝ ամբարտավան, մանրախնդիր, բայց նաեւ համակրելի: Սա հերոսական կերպարի գիտակցված մերժում է: Գեղարվեստական շարադրանքը հիմնավորված է հորինովի արխիվային նյութերի մերձտեքստային մեծ քանակով: Ես ստեղծել եմ տասնյակ նկարներ՝ 1910-20-ականների զուտ մոդեռնիստական ոճով, որոնք վերագրել եմ հենց Բագրատյանին: Դրանք ցուցադրվել են պատկերասրահներում՝ ինձ նշելով որպես համադրողի: Այս մտացածին աշխարհն ընդլայնված է նաեւ կայքէջով, փոստային նամականիշներով եւ կեղծ թանգարանային կատալոգներով՝ միտված լինելով ջնջել սահմանը պատմական փաստի եւ երեւակայական պատմության միջեւ: Բագրատյանի «լուսանկարներն» իրականում իմ հորեղբայր Մալքոլմ Մելքոնյանինն են՝ անզավակ մի ազգականի, որը սիրում էր լուսանկարվել:

Յուրաքանչյուր գլուխ ավարտվում է հայկական ռադիոյի ոճի 57 հումորային պատմություններով, որոնք գոյություն ունեն վեպի սյուժեի «աշխարհի» սահմաններից դուրս: Դրանք, արմատավորված լինելով մեր իրական պատմական իրականության մեջ, ծառայում են որպես արտատեքստային մեկնաբանություն՝ հիշեցնելու ընթերցողին, որ ցեղասպանությունը ոչնչացրեց այն, ինչը կարող էր տեղի ունենալ: Այդ հեգնական միջադեպերը ստեղծում են հումորային լարվածություն՝ հորինված հակապատմության եւ չվերականգնված պատմական տրավմայի միջեւ: Գիրքը նախատեսված է որպես առաջին հատոր՝ հնգամաս մի ինքնակենսագրության, որն, իհարկե, գոյություն չունի:

Այս նախագիծը սպեկուլյատիվ հիշատակայնացում է: Թեեւ այն ուղղակիորեն չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը, դրա նպատակն այդ աղետի թողած դատարկությունը շեշտելն է՝ ստեղծելով արմատական հակապատումն այն բանի, թե ինչ կարող էր լինել, եթե ցեղասպանությունը չլիներ: Նրա հիմնական թեմաները հետազոտում են հիշողության խոցելիությունը, պատմության վրա հաղթողների ունեցած մենաշնորհը եւ զոհերի մարդկայնությունը՝ ոչ միայն նրանց ստեղծագործական կարողությունը, այլեւ անկատարությունը: Ցեղասպանությունը մեզ զրկեց թե՛ մեր հնարավոր առավելագույն ձեռքբերումներից, թե՛ մեր անխուսափելի սխալներից. այս պատումը վերականգնում է անցյալը՝ ամբողջական, ճանաչելի եւ այդ իսկ պատճառով՝ ավելի խորապես ողբերգական կերպով:

–Կորստի թեման կենտրոնական տեղ է զբաղեցնում ձեր արվեստում, ինչը կապ ունի հայկական ծագման հետ: Կարո՞ղ եք մի փոքր պատմել ձեր ընտանիքի մասին:

-Այո՛, հայկական ծագումս կենտրոնական է իմ արվեստում: Պապիս հայրը՝ Ավետիս Ժամկոչյանը, թարգմանել է Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտը» թուրքերեն: Նրան աքսորել են շատ չանցած այն պահից, երբ ընտանիքի մեծ մասը կոտորվել է Ակնում: Նա տեղափոխվել է Մանչեսթեր, ապա՝ Գլենդեյլ՝ ստեղծելով տեղի առաջին հայկական ընտանիքը: Իր որդուն՝ իմ պապին, նա նորից ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ շատ հայերի պես հավատալով երիտթուրքերի ստերին: Պապս փրկվել է Ցեղասպանությունից եւ Առաջին աշխապհամարտի ժամանակ զինվորագրվել է ամերիկյան բանակին՝ հուսալով պայքարել թուրքերի դեմ, սակայն վարակվել է իսպանական գրիպով եւ չի մեկնել պատերազմ: Ես բախտ եմ ունեցել ծնվելու ստեղծագործ ընտանիքում, որն ինձ փոխանցել է այն գործիքները, որոնց միջոցով հիշողությունը կարող է կենդանի մնալ:

–Հիշում եմ 2015 թվականին ձեր «Պանթեոն Լուսնի վրա» ինստալացիան Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում, որը բարձրացնում էր թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների անհետացման հրատապ հարցեր: Այդ ժամանակ հասցրեցի՞ք ծանոթանալ ժամանակակից հայ արվեստին: Եվ որո՞նք են ձեր ամենավառ եւ յուրահատուկ տպավորությունները Հայաստանից:

-Ժամանակակից հայ արվեստի դաշտում ներգրավված լինելը եղել է ե՛ւ խոնարհեցնող, ե՛ւ ձևափոխող փորձառություն: Ամենից շատ զարմացրեց դրա լայն ընդգրկումը. այստեղ կան ստեղծագործություններ, որոնք ազատորեն «շարժվում են» համընդհանուր մշակութային խոսակցության մեջ եւ միաժամանակ խորապես արմատավորված են հայկական պատմության ու փորձառության մեջ: Հայաստանում ունեցած ամենաուժեղ տպավորություններս կապված են ոչ այնքան ցուցահանդեսների, որքան մարդկանց հետ ունեցած զրույցների հետ: Այդ շփումներում ընդգրկվելը մեծ պատիվ էր, եւ ես երախտապարտ եմ այն սրտաբացության համար, որով հայաստանցիները թույլ տվեցին ինձ դառնալ իրենց աշխարհի մի մասը:

Ես ապրել եմ յոթ երկրում, հայերն ամենուր են: Հաճախ անսպասելի հայկական ներկայության եմ հանդիպել նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ համայնքը գրեթե անտեսանելի է: Հայ ժողովրդի պատմությունը աշխարհացրվածության պատմություն է, պատմություն հիշողության հանգույցների, որոնք հայտնվում են ամենաանսպասելի տեղերում: Փողոցի անուն, մենավոր եկեղեցի կամ ընտանեկան արխիվ՝ այս բեկորները վկայում են համառ գոյատեւման մասին մեր ժողովրդի, որի գոյությունը հաճախ աննկատ է մնում…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Գյումրիում ուժի այս մեծադղորդ ցուցադրումն ինչի՞ համար էր

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Գյումրիում ուժի այս մեծադղորդ ցուցադրումն ինչի՞ համար էր

Լրահոս

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

17/06/2026

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Մինչև ժամը 17:00–ն...

Սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության, ոչ թե քաղաքականության հետ. «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար

17/06/2026

Հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքականության, այլ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ. հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի»...

Ողողել Երևանի և այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմեջ բողոքի ցույցերի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը. Հարութ Սասունյան

17/06/2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համակարգային և փաստաթղթերով հաստատված կեղծիքների պայմաններում։ Այս ընտրությունների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական