Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Լեոնիդ Ֆիլատով. «Չեն հարձակվել ձեր դեմ, հարձակվել եք դո՜ւք…»

Ռուսական կինոյի եւ թատրոնի ճանաչված դերասան եւ բեմադրիչ Լեոնիդ Ֆիլատովը (1946-2003) նաեւ գրող էր՝ բանաստեղծ, արձակագիր եւ հրապարակախոս: 2000 թվականին նա արժանացել է «Պոեզիա» միջազգային մրցանակին «Երգող Ռուսաստան» անվանակարգում:

Ներկայացնում ենք նրա հակապատերազմական թեմայով երկու բանաստեղծությունը՝ գրված, հավանաբար, առաջին չեչենական պատերազմի առիթով:

* * *

Հայրենիքի առջեւ, անշուշտ, գլխահակ ենք…

Պարտքերը մեր պիտի մարենք անկասկած,

Բայց ինչո՞ւ է նա ստիպում, որպեսզի մենք

Ինչ-որ մեկի սպանենք մեր պարտքերի դիմաց:

Եվ քանի որ նրան պարտական ենք այնքան,

Որ անգամ կյանքը մեր անարժեք է ու սին,

Ապա, սիրելինե՜ր, տվե՛ք ինձ պատասխան,

Այդ ծանր բեռն ինչո՞ւ վերցրինք մեր ուսին:

Քանզի հայրենիքը թիկունքից է զարկում,

Այնպես, որ չռվում են մեր աչքերն անգամ,

Ուստի հայրենիքին այդքա՜ն ահարկու

Ավելի լավ չէ՞, որ մենք չլինենք պարտական:

* * *

Սպասի՛ր… Հանգիստ նստած՝ խառնում ես դու հատուկ.

Ամեն ստահակի լավ էլ հայտնի է, որ

Չեն հարձակվել ձեր դեմ, հարձակվել եք դո՜ւք.

Դո՛ւք սկսեցիք այս պատերազմն ահավոր:

Դուք պաշտպանել էիք մարդկանց խոստանում,

Բայց խաղք ու խայտառակ եղաք դուք իրոք.

Ո՞ւմ եւ ումի՞ց էիք արդյոք պաշտպանում,

Երբ չէր հարձակվել ձեզ վրա ո՜չ ոք:

Ա՜խ, աշխարհում կա որքա՜ն ստոր մարդուկ.

Այդպիսին է, ավա՜ղ, ժամանակը մեր.

Ստորությունն իբրեւ սխրանք եք ծախում դուք

Եվ դրա համար ուզում եք մեդալներ:

1998

Ռուսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ