Մարտի 11-ին Պրահայի ֆիլհարմոնիայի՝ Ռուդոլֆինումի պատմական դահլիճում հնչեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»՝ դանիաբնակ հանրահայտ դաշնակահար Մարիաննա Շիրինյանի հոգեպարար կատարմամբ: Տաղանդավոր հայ դաշնակահարուհին այդպիսով իր հայկական ողջույնը հղեց դահլիճին, որը չդադարող ծափերով ընդունել էր նրա փառահեղ ելույթը՝ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ նորվեգացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի կատարումը: Համերգից առաջ տեղի ունեցավ երաժշտասերների հանդիպումը էստոնացի անվանի դիրիժոր Օլարի Էլտսի եւ Մարիաննա Շիրինյանի հետ: Համերգը նգիրված էր Չեխական ռադիոյի 100-ամյակին, որին նվագախումբն անդրադարձավ համերգի առաջին բաժնում՝ կատարելով չեխ կոմպոզիտոր Լուկաշ Հուռնիկի այդ առիթով գրված «Ռադիո» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որն ընդգրկում էր չեխ եւ միջազգային հայտնի ստեղծագործությունների մեղեդիներ:
Գրիգի՝ Դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի կատարումը համերգի գագաթնակետն էր, թեեւ երկրորդ բաժնում դեռեւս պետք է հնչեր Սիբելիուսի 5-րդ կոնցերտը: Մարիաննա Շիրինյանը երաժշտական աշխարհում համարվում է այս կոնցերտի լավագույն կատարողներից մեկը, եթե չասենք՝ լավագույնը: Եվ Գրիգի բնական ու սահուն ներկայացումը գրավեց խստապահանջ հանդիսատեսին, որն էլ պատասխանեց իր ծափողջույններով ու «բրավո»ներով: Համերգին նախորդած հանդիսատես-երաժիշտներ հանդիպմանը Մարիաննան չթաքցրեց, որ ներկայացնելու է Գրիգի իր մեկնաբանությունը, որ նորվեգիական երաժշտությունը կապեւոր տեղ ունի իր ստեղծագործական կյանքում: Նաեւ հիշեցնելով իր հայկական արմատների մասին, նա շեշտեց, որ գրիգյան հայրենաբաղձության մոտիվներն իրեն հիշեցնում են Հայաստանը՝ իր հայրենիքի կարոտը: Այն հոգեհարազատ է իրեն, եւ խորհրդանշական է, որ այժմ բնակվելով Կոպենհագենում, իր տունը հեռու չէ այն շենքից, որտեղ ապրել է եւ 24 տարեկանում այդ կոնցերտը գրել Գրիգը: Մեզ հետ զրույցում Մարիաննան ասաց. «Իմ հոգում Գրիգի կոնցերտը շատ կարեւոր տեղ է գրավում: Ես այն նվագել եմ հաճախ եւ ունեմ շատ առանձնահատուկ կապ այդ գործի հետ: Տարիների ընթացքում իմ կապը Նորվեգիայի, այնտեղի երաժշտական ավանդույթների, ժողովրդական երաժշտության հետ շատ սերտացել է: Դա առանձնահատուկ մի լեզու է, որ սերտ կապ ունի Նորվեգիայի բնության եւ ավանդույթների հետ: Ինձ համար շատ հետաքրքիր մի անկյուն է, որ ես սիրով հետազոտել եմ: Ուրախ եմ ներկայացնել չեխական հանդիսատեսին այդ հրաշք կոնցերտը»: Մեր կողմից ավելացնենք, որ ոչ միայն կոնցերտն էր հրաշք, այլեւ Շիրինյանի կատարումը: Այնպիսի տպավորություն էր, որ այդ գործի հեղինակը դաշնակահարն է:
Հայ դաշնակահարուհին իր գոհունակությունը հայտնեց նաեւ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մասին: Մեզ հետ զրույցում նա խոստովանեց, որ Պրահայում նվագում է առաջին անգամ: «Մեծ ուրախությամբ սպասում եմ իմ հանդիպմանը Չեխական ռադիոյի նվագախմբի եւ չեխական հանդիսատեսի հետ: Ունեմ չեխ երաժիշտ շատ ընկերներ եւ անչափ հարգում ու սիրում եմ չեխական երաժշտական ժառանգությունը: Չեխիայում տարիներ առաջ նվագել եմ Պլզենի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Գերշվինի «Rhapsody in blue»-ն»,- ասաց նա:
Ավելացնենք, որ Մարիաննա Շիրինյանը ծնվել է Երեւանում՝ երաժիշտների ընտանիքում, ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում, ապա հաստատվել Դանիայում եւ ելույթներով հանդես է գալիս ոչ միայն Սկանդինավյան երկրներում, այլեւ աշխարհի տարբեր համերգային դահլիճներում: Ունի թողարկած բազմաթիվ ձայնասկավառակներ, դասավանդում է Օսլոյի երաժշտական ակադեմիայում, պրոֆեսոր է:
Ինչպես բնութագրում է Պրահայի համերգի առիթով տպագրված գրքույկը, Մարիաննա Շիրինյանը համարվում է Եվրոպայի ամենաստեղծարար եւ ամենափնտրված դաշնակահարներից մեկը: Նրա երաժշտականությունը եւ վիրտուոզ կատարումը, ինչպես նաեւ հոյակապ տեխնիկան վայել է իրական դասական երաժշտին:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ
Պրահա