Էդուարդ Աղայանի ծննդյան 111-ամյակի առթիվ
Մարտի 16-ին լրանում է համբավավոր լեզվաբան, երկար տարիներ Երևանի պետական համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, ակադեմիկոս Էդուարդ Աղայանի ծննդյան 111-ամյակը: Այդ նվիրական առիթով ՝ստորեւ լեզվաբան Դավիթ Գյուլզադյանի հոդվածը:[1]:
***
Բանակից զորացրվելուց ինն ամիս հետո` 1981-ին, ԽՍՀՄ պատմության ընդունելության քննության թունավոր մղձավանջը մի կերպ հաղթահարելով` վերջապես ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության բաժանմունք: Նույն մասնագիտությունը կար նաեւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտում, բայց նպատակայնորեն էի պետական համալսարան գնում, որովհետեւ 8-րդ դասարանից սկսած` գրադարանս բեռնավորում էի լեզվաբանական գրքերով, որոնք կարդալով` ամեն ինչ չէ, որ հասկանում էի, եւ, այնուամենայնիվ, անհասկանալին հաղթահարելու անդիմադրելու մղում կար ներսումս: Նախ` լեզուն` որպես այդպիսին, ինքնին սիրո առարկա էր ինձ համար, եւ պատանեկան շրջանում բացատրել էլ չէի կարող` ինչու է այդպես, եւ որտեղի՞ց է այդ սերն իմ մեջ: Ապա` քերականական օրինաչափությունների զարմանալի ճշգրտությունն էր ձգում ինձ: Ահա նույն առարկային վերաբերող այդ երկու բաղադրիչի` հոգեւոր գեղեցկության եւ գիտական ճշգրտության միասնությունն անդիմադրելի դարձրեց մղումներիս տեր լինելու գայթակղությունը, եւ մի քանի փորձից հետո հայտնվեցի ուսանողական լսարանում: Իմ ուսանողական տարիներին Երեւանի համալսարանում սովորելը միայն հաստատության պատերի ներսում գիտելիք ձեռք բերելու հնարավորություն ու միջոց չէր: Նախ` հենց պատերի ներսում դրսի բարձրաշխարհիկ մարդկանց հետ էին բազմաթիվ հանդիպումներ կազմակերպվում` Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հրանտ Մաթեւոսյան, Սիլվա Կապուտիկյան, Պերճ Ժամկոչյան ու Լուսինե Զաքարյան, Սարգիս Մուրադյան եւ այլն, եւ այլն, ապա` թե՛ նույն անձանց, թե՛ բազմաթիվ այլոց արվեստին հաղորդակից լինելու հնարավորություն ունեինք արդեն պատերից դուրս` օպերայի եւ բալետի թատրոնում, ուր Գոհար Գասպարյանին ու Վահագն Ստամբոլցյանին տեսնել-լսելու հնարավորությունն էինք վայելում, կամերային երաժշտության տանը, որտեղ իր հիմնական համերգներն էր ունենում նույն Լուսինեն, այլեւ Ռուբեն Ահարոնյանի, Էդուարդ Թադեւոսյանի ջութակի անէացնող հնչյուններն էինք վայելում, Կոմիտասի անվան քառյակին էինք ունկն դնում, ներկայացումների էինք լինում Սունդուկյանի, դրամատիկական, պատանի հանդիսատեսի, երաժշտական կոմեդիայի թատրոններում, դրանց էլ ավելացրած մեր այցերը թանգարաններ, պատկերասրահ, Մատենադարան, Հայաստանի այլեւայլ տեսարժան վայրեր, ապա` տարբեր երթուղիներով ուսանողական արշավներ` ներառյալ դեպի Արցախ… Այդ ամենը համալսարանական ուսումնառության մի բաղադրիչն էր, նրա անքակտելի մասը` համակողմանիորեն լցնող-լրացնող մեր ներաշխարհը, անսահմանորեն ընդլայնող մեր մտահորիզոնը: Հայացքների առումով բեւեռացված քաղաք էր Երեւանը` բարձրագույն հայրենասիրությունն ու մարդասիրությունը, համամարդկային արարումներին հաղորդակից դառնալու մղումները` մի կողմից, օտարամոլության ու քաղքենիության անտանելի առատությունը` մյուս կղմից: Հայրենականին տեր կանգնելու` սերնդակիցներիս անտեղիտալի պայքարը ի վերջո մեզ հասցրեց 88 թվականին: Եթե ասվածին էլ ավելացնեմ, որ բանասիրական տիրույթում ինձ ու իմ սերնդին բախտ վիճակվեց ուսանելու ժամանակի երեւելիների շնչի ներքո, թերեւս մոտավորապես ուրվագծվի այն թթվածնառատ մթնոլորտը, որում գիտական ու գեղագիտական բարերար շերտերի ազդեցությամբ կոփվեցին մեր հոգիները: Ժամանակի նշանավոր բանասերներից չհասցրի լսել միայն Մկր Մկրյանին, որի` դասացուցակով մեր լսարան մտնելու առաջին ժամին լսարան հասավ նրա մահվան գույժը… Ինչեւէ, բախտ եմ ունեցել աշակերտը լինելու Լեւոն Ներսիսյանի, Էդվարդ Ջրբաշյանի, Հրանտ Թամրազյանի (գրականագետներ), Էդուարդ Աղայանի, Գեւորգ Ջահուկյանի, Էդուարդ Աթայանի (լեզվաբաններ):
***
Է. Աղայանը «Լեզվաբանության ներածություն» գիտակարգը դասավանդեց մեզ առաջին կուրսում: Չեմ կարող ասել, թե դասախոսելիս ճարտասան էր Է. Աղայանը: Նույնիսկ հակառակը, եթե լեզվաբանությամբ հետաքրքրվելիս չլինեի, դասախոսությունը գրառելիս չլինեի եւ փորձեի միայն լսել նրան, հաստատապես կձանձրանայի, ինչպես որ, իրոք, ձանձրանում էին լեզվաբանությամբ առանձնապես չհետաքրքրվողները, որովհետեւ ձայնը ցածր էր հարյուր հոգու համար նախատեսված, դահլիճ հիշեցնող մեծ լսարանում (դրա համար միշտ առաջին շարքում էի նստում նրա դասերին), եւ նույն միտքը տարբեր ձեւերով կրկնում էր մի քանի անգամ: Երբ ինչ-որ բան այս կամ այն ուսանողը չէր հասցնում գրառել եւ խնդրում էր դասախոսին կրկնել, ասում էր. «Եթե ձեր հարցը տրամաբանական չէ, ետ մնալու համար ինձ մի՛ ընդհատեք: Ես դիտավորյալ նույն բանը տարբեր ձեւերով կրկնում եմ, եւ այդ կրկնություններից մեկն անպայման գրի առած կլինեք»: Է. Աղայանի առավելությունն այն էր, որ դասախոսելիս փայլատակումների պահեր էր ունենում: Այսօր հանրածանոթ է մասնագիտական շրջանակներում լեզվաբանի հնչութաբանական տեսությունը` հնչույթ-հնչյուն զուգանդամի փոխարեն հնչույթ-հնչյուն-հնչուրդ եռանդամ հայեցակերպով, որը նա հրաշալիորեն է ներկայացրել 1987-ին լույս տեսած իր «Լեզվաբանության հիմունքներում»: Բայց բանն այն է, որ այդ տարեթվից հինգ տարի առաջ է ստեղծել այդ հայեցակարգը` 1982-ին` մեր` ուսանողներիս աչքի առաջ` մի զարմանալի պայծառացմա՞մբ ասեմ, թե՞ փայլատակմամբ:
Մասնագիտական մանրամասների մեջ չեմ մտնի, միայն կասեմ, որ երբ հնչուրդ-հնչյուն հակադրամիասնությունն էր ներկայացնում, ինձ թվաց` նույն հակադրությունն է, ինչ որ մինչ այդ ներկայացվում էր հնչյուն-հնչույթ հակադրությամբ, եւ կարծես զուտ տերմինաբանական փոփոխություն անելիս լիներ: Հարցրի. «Դուք հնչույթը չե՞ք ընդունում»: Կտրուկ շրջվեց դեպի ինձ, խիստ նայեց (խստություն խաղալու սովորություն ուներ), առանց հարցիս պատասխանելու` շրջվեց դարձյալ դեպի գրատախտակը, շարունակեց բացատրել, բայց բացատրությունն այն հունով տարավ, որ, զգում էի, հարցիս է պատասխանում: Երբ ավարտեց մեկնաբանությունը, դարձյալ կտրուկ շրջվեց դեպի ինձ եւ (դարձյալ խաղալով) զայրագին ու արագ հարցրեց ինձ.
– Հիմա ես ընդունո՞ւմ եմ հնչույթը, թե՞ չեմ ընդունում…
Ասեմ, որ հնչական այդ եռաստիճան մեկնաբանությունը, որ վերաբերում էր լեզվի տրամաբանական, հոգեբանական եւ արտասանական կողմերին եւ դրանցով էր պայմանավորված, Է. Աղայանը ներառեց քննական հարցաշար:
Է. Աղայանը հայկական իրականությանն ավելի շատ հայտնի է իր բառարանով` «Արդի հայերենի բացատրական բառարան», որում տրված ներածությունն արդեն հայերենի բառապաշարի ինքնատիպ եւ նորովի տեսություն էր, որն էլ հիմք դարձավ նրա բառագիտության բառապաշարի բաժնի համար: Խոշոր լեզվաբանը, տասնամյակներով քաղել-քարտավորելով մեր բառամթերքի միավորները, հայոց բառուբանի մշակութային խորքերն էր թափանցել, եւ իր տասնամյակների քրտնաջան աշխատանքի շնորհիվ բառապաշարի անօրինակ տեսական քննության բարձրակետին հասավ` դասդասելով հայերենի բառերը մի քանի շերտով` միաժամանակ տալով աշխարհաբարի բառապաշարի պատմական նկարագիրը: Սա նորություն էր ո՛չ միայն հայ լեզվաբանական իրականության մեջ: Այդպիսի քննություն արված չէ եւ ո՛չ մի լեզվով գրված բառային միավորների բազմության համար: Բայց բառարանի գիտականությունը չի սահմանափակվում բառապաշարի նոր ու անզուգական տեսության մշակմամբ: Ակնհայտ գիտականություն ունի յուրաքանչյոր բառահոդված` հասկացությունների սահմանման` զարմացնելու աստիճանի ճշգրտությամբ, սեղմությամբ ու պարզությամբ:
Մի քանի տասնամյակ Էդուարդ Աղայանը դպրոցական քերականության դասագրքերի հեղինակ եղավ Հովհաննես Բարսեղյանի գրչակցությամբ: Եվ հիմա վերապատմում եմ Հ. Բարսեղյանի պատմությունը նոր դասագիրք ստեղծելու մի դրվագի մասին:
Հ. Բարսեղյանի պնդմամբ` գրական արեւելահայերենի ուղղախոսության հիմնադիրը Է. Աղայանն է: Նախքան դասագիրք գրելը նա տասնյակ բառերի ցուցակ է կազմում, բազմացնելով բաժանում գրողներին, բանասերներին, հայերենին լավ տիրապետող այլ ոլորտների բազմաթիվ մասնագետների (որոնք, իրոք, բազմաթիվ էին ժամանակին), ուսուցիչներին, ուսանողներին` խնդրելով ներկայացնել, թե ինչպես են արտասանում ցուցակագրված բառերը: Բառիս բուն իմաստով Է. Աղայանը կատարում է հանրալեզվաբանական եւ վիճակագրական հետազոտություն: Տվյալներն ի մի բերելիս միանգամից պարզում է, որ բաղաձայնների խլացված արտասանություն ունեցող մտավորականները ժամանակի հանրահայտ ուսուցիչ Սիմակի երբեմնի աշակերտներն են: Մի կողմից` այդ խլացումը լեզվի արտասանության եւ գրության մեծ տարբերություն է առաջացնում, մյուս կողմից` այդպիսի արտասանության է տիրապետում համբավավոր մտավորականների մի հոծ բազմություն, որն անկարելի էր անտեսել: Եվ ահա կարողանում է մի միջին ելք գտնել եւ հենց այդպես էլ կանոնարկում է հայերենի գրական արտասանությունը: Հ. Բարսեղյանը տեղեկացնում է, որ սկզբնական շրջանում` մի քանի տարի, դասագրքերում ուղղախոսությունը ներկայացվում էր առանձին բաժնով` ուղղագրությունից անջատ: Հետագայում մեթոդական նկատառումներով այդ երկու բաժինը դպոցական նյութերում միավորվում է մեկ բաժնի մեջ:
Այս հատվածը հատուկ էլ մանրամասնորեն գրեցի` ցույց տալու, թե ինչ պատասխանատվություն են ունեցել մարդիկ դասագիրք գրելիս, որը, մեղմ ասած, շա՜տ է հեռու մերօրյա «շուկայական» փնթիությունից:
Է. Աղայանը ոչ միայն շատերիս արժանավոր ուսուցիչն է, այլեւ իր սիրելի ուսուցչի` Հրաչյա Աճառյանի արժանավոր աշակերտը, որը պատվով տարավ մինչեւ վերջ` ոչ միայն պարբերաբար անդրադառնալով նրա արած-թողածին, այլեւ հենց աշակերտի խոնարհությամբ հսկայական ժամանակի տրամադրումով մեկը մյուսի հետեւից լույս աշխարհ բերելով Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» քառահատորյակն ու «Հայերենի լիակատար քերականության» բազմահատորյակը` հաճախ ծավալուն առաջաբաններով ու ծանոթագրություններով, որոնք ինքնին գիտական արժեք են: Ի դեպ, Հ. Աճառյանը հենց միայն Է. Աղայանին էլ վստահել էր այդ գործը: Ամենայն հավանականությամբ այս ծավալուն աշխատանքի պահանջած տեւական ժամանակն էր պատճառը, որ նա այդպես էլ չկարողացավ ավարտին հասցնել (նույնիսկ կեսի կեսին չհասավ) իր` ութ գրքով նախատեսած «Գրաբարի քերականությունը», որի միայն առաջին հատորը լույս տեսավ, որը հենց միայն իրենով չափազանց արժեքավոր ուսումնասիրություն է, որ ուղղակի կարելի է համարել լեզվաբանական թեորեմների ժողովածու:
Լինելով ընդհանուր լեզվաբանության մասնագետ եւ մշտապես հետեւելով համաշխարհային լեզվաբանության ձեռքբերումներին` Է. Աղայանը ոչ միայն ինքն է հայերենի ուսումնասիրությունները կատարում ընդհանուր լեզվաբանության մեջ մշակված մեթոդներով, այլեւ գրքերից մեկի առաջին գլուխն ամբողջությամբ նվիրում է Խորհրդային Միության մեջ ժամանակին արգելված կառուցվածքային լեզվաբանության հայեցակարգերին, յուրացնում է դրանք ստեղծագործաբար եւ իր հետազոտությամբ ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարեն հենց հայերենի ուսումնասիրոթյունը հայ մասնավոր լեզվաբանության մասնագետները` ետ չմնալու համար ժամանակի գիտական բարձր պահանջներից: Չափազանց կարեւոր է ընդհանուր եւ մասնավոր լեզվաբանական գիտակարգերի համընթաց քայլքը, որոնց ներդաշնակությունն այսօր, ավա՜ղ, խախտված է մեծ չափուվ Է. Աղայանի եւ Գեւորգ Ջահուկյանի հեռանալուց հետո[2]:
***
Վերադառնամ առաջին կուրսիս շրջանին: Քննությունից առաջ խորհրդատվական ժամ էր նախատեսված: Հավաքվել է գրեթե ողջ կուրսը: Եկավ Է. Աղայանը: Նստեց, հարցրեց` ինչ հարցեր ունենք: Մի պահ լռություն տիրեց, ապա գյումրեցի մեր ընկերը` Սերգեյը, դիմեց լեզվաբանին, թե քննությանը մենք է՞լ ենք Նիկողայոս Մառի մասին ասելու այն, ինչ գրված է գրքում: Նկատելորեն մռայլվեց Է. Աղայանը: Երկար լռեց, ապա անցավ հարցի պատասխանին, եւ ամբողջ խորհրդատվությունը, որ տեւեց մոտ երկու ժամ, եղավ հենց այդ հարցի պատասխանը: Ի՜նչ իմանաս` ինչ մտքերից հետո ասես հավաքեց իրեն եւ դիմեց մեզ.
– Ախր դուք չգիտեք, թե ինչերի՛ միջով ենք անցել մենք: Եվ շա՛տ լավ է, որ չգիտեք: Բայց հիմա մի քիչ կիմանաք…
Նրա երկար պատմություններից ներսումս տպավորվել է հատկապես հետեւյալը:
Եվ պատմում է Է. Աղայանը, որ իր «Լեզվաբանության ներածություն» դասագրքի հերթական լույսընծայման շեմին զանգահարում են հրատարակչությունից, թե քանի որ լույս է տեսել Ստալինի «Մարքսիզմը եւ լեզվաբանության հարցերը» գրքույկը, դասագրքում պարտադիր մեջբերումներ են պետք այդտեղից: Է. Աղայանն ասում է` ուղարկեք գիրքը: Գիրքն ուղարկում են, մեջբերումներն անում է եւ ետ ղրկում: Զանգահարում են, թե քիչ են մեջբերումները: Է՛հ, նորից է ավելացնում: Ապա շարունակում է.
– Երբ երրորդ անգամ էլ զանգահարեցին, ասացի` բերեք, եւ ավելցրի անխնա: Երբ լույս տեսավ գիրքս, Ստալինի գրքից արված մեջբերումների էջերը գումարեցի, եւ գումարը երեք անգամ գերազանցում էր Ստալինի գրքույկին…
Այն, որ քննադատելու տեղեր ուներ Նիկողայոս Մառը, կասկածից վեր է, բայց քննադատության ուժգնությունն էր արհեստական, եւ մենք դեռ ուսանող էինք, որ Մառի, եթե չեմ սխալվում, 120-ամյակին նվիրված գիտաժողով էր, լիագումար նիստին Մառի կյանքն ու գործունեությունը ներկայցրեց Է. Աղայանը` փառաբանելով նրան անքննադատ:
Ի դեպ, միայն Մառի հանդեպ չէր Է. Աղայանի ինքնամերժ գնահատականը: Նա ընդհանուր լեզվաբանության հիմնադիր Վիլհելմ ֆոն Հումբոլդտին էլ էր քննադատական տարափի տակ առել` բնութագրելով նրան իբրեւ բուրժուական լեզվաբանի, եւ, ո՜վ զարմանք, իր «Հայ լեզվաբանության պատմության» առաջին հատորում անսպասելիորեն մի պատկառելի հատված է հատկացնում Հումբոլդտին` ըստ արժանվույն եւ խորությամբ գնահատելով նրա լեզվափիլիսոփայությունը, եւ դա` այն դեպքում, որ Հումբոլդտը նույնիսկ հայագետ չէր եւ տեղ պիտի չունենար այդ գրքում…
Կարծում եմ` սրանով` իր իսկ համար մերժելի այս իրողություններով, որոնց նա տրվել էր ոչ ինքնակամ, այլ ժամանակի սեւ բարքերի պարտադրանքով, պիտի բացատրել այն իսկական ճակատամարտերը, որոնք նա ունեցել է` ի պաշտպանություն իր աշակերտների, այն է` գաղափարական բութ հարվածներն իր վրա առնելով` աշակերտներին պաշտպանել է ոչ միայն գրաքննության տարափից, այլեւ իր պես պարտադրյալ կեղծիքների տրվելու մեքենայություններից: Է. Աղայանի սիրելի սաներն էին իր ամբիոնի տաղանդավոր փիլիսոփա-լեզվաբաններ Էդմոն Ավետյանը եւ Էդուարդ Աթայանը, որոնք նաեւ մտերիմ ընկերներ էին եւ Լեւոն Ներսիսյանի հետ նախանձելի եռյակ միություն էին: Խորհրդային բռնատիրությունն աչքը չէր կտրում այլախոհ Էդմոն Ավետյանից, որը պատանի տարիքում հորն աքսորելու եւ տաժանակրության մատնելու համար անանուն սպառնալից նամակներ է գրել Ստալինին: Բազմաթիվ առիթներ են եղել նրան ձերբակալելու, Է. Աղայանը միշտ (բացի 1982-ից), օգտագործելով իր հեղինակությունը, կարողացել է փրկել նրան, անգամ ձերբակալումից կարճ ժամանակ անց` ազատ արձակել տալ: Այդ նույնն անել չկարողացավ, ավա՜ղ, 1982 թվականին` Բրեժնեւի մահվան օրը, երբ միաժամանակ կալանավորեցին Ռաֆայել Պապայանին (հետագայում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներից), վրացի երկրաբան Գեորգի Խոմիզուրուն եւ Էդմոն Ավետյանին, որին շուտով տեւական ժամանակով փոխադրեցին Սեւանի հոգեբուժարան… Է. Ավետյանին կալանավորելուց հետո ՊԱԿ-ը Է. Աղայանից բնութագիր է պահանջում: Է. Աղայանն ընտիր բնութագիր է տալիս: Երկրորդ անգամ է ՊԱԿ-ը բնութագիր պահանջում` հուշելով, թե իրականում ինչ պիտի գրի: Է. Աղայանը նախորդից ավելի՛ փառաբանող բնութագիր է ուղարկում…
Թեժ պայքար է մղել Է. Աղայանը նաեւ Է. Աթայանի համար, որի «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը եւ արտաքին վերաբերությունը» գիրքը գրաքննությունը համառորեն մերժում էր վերնագրից սկսած, բովանդակությամբ վերջացրած մարքս-լենինյան դիալեկտիկային հիմնովին հակասելու համար: Հերթական անգամ, երբ մի վերջին ճիգով 1981-ի մի լուսավոր օր Է. Աղայանը հայտարարում է, թե գնում է կռիվ տալու այդ գրքի համար, ընկերներով (Էդուարդ Աթայանը, Էդմոն Ավետյանը եւ Լեւոն Ներսիսյանը) սպասում են ամբիոնում Է. Աղայանի վերադարձին: Վայրկյանը ժամ է թվում, րոպեն` տարի, ժամը` դար, ի վերջո կարմրատակած ու քրտնամխած, զայրույթը դեմքին վերադառնում է Է. Աղայանը, նստում իր աթոռին, զայրալից հայացքը հառում Է. Աթայանի վրա ու հայտարարում արագ ու բարկացկոտ.
– Չգիտեմ` ի՞նձ էշի տեղ դրեցի, թե՞ իրենց, բայց գիրքդ անցկացրի…
Եվ հանում է պահարանից կոնյակը… Բայց դրանով էլ չի բավարարվում: Է. Աթայանի գիրքը ներկայացնում է համալսարանի ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովին, որն էլ տարեվերջին Է. Աթայանին իր քննախոսության համար արժանացնում է «Տարվա գիրք» մրցանակին:
***
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի համալսարանից լեզվաբանների հանձնաժողով էր ժամանել ԵՊՀ` այստեղի լեզվաբանական ամբիոններում ստուգումներ անցկացնելու: Բոլոր ամբիոններում աղմուկ-աղաղակով ստուգումներն ավարտելուց հետո այցելում են ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության ամբիոն: Նրանց` դուռը բացելուն պես Է. Աղայանը հեգնորեն ժպտում է` ասելով.
– Ստուգելո՞ւ եք եկել: Բարո՛վ եկաք: Միանգամից ասեմ` ես ամբիոնի նիստեր չեմ անում, ծրագրեր չունեմ, օրացուցային պլաններ չունեմ, իմ ամբիոնի դասախոսները բանիմաց մարդիկ են, յուրաքանչյուրն իր գործը գիտի եւ հրաշալի է կատարում: Եթե առարկություն ունեք, խնդրե՛մ, սա չհրկիզվող պահարանի բանալին է, եկեք-նստեք իմ տեղում, ինքներդ էլ ղեկավարեք ամբիոնը…
Հիացած ու զարմացած այս անօրինակ ծերուկի պահվածքից` ծիծաղելով առաջ են գալիս, Է. Աղայանը կոնյակն է հանում, ամբիոնի իր սիրելի աշխատակիցների` Է. Աթայանի եւ Է. Ավետյանի ընկերակցությամբ երկա՜ր, խաղաղ ու կատակներով լեցուն զրույց է ծավալվում: Մոսկովյան գործընկերները խնդրում են ծանոթացնել ամբիոնի գիտական արտադրանքին, Է. Աղայանը մի-մի հոդված է տալիս Ավետյանից ու Աթայանից: Երկու տարբեր մարդիկ սկիզբը կարդալուն պես դադար են առնում եւ գրեթե միաժամանակ նույն զարմանքը հայտնում մոտավորապես նույն բառերով.
– Հենց միայն այս առաջին նախադասության համար մեզ կմերժեին: Ոչ միայն կմերեժեին, այլեւ պատասխանատվության կկանչեին: Դուք սա ինչպե՞ս եք տպագրել:
Է. Աղայանը հանգիստ պատասխանում է.
– Իմ երաշխավորությամբ…
Հրաժեշտից առաջ եւ հետագայում նամակով սիրո խոստովանություն են անում ստուգողները.
– Մենք եղել ենք Խորհրդային Միության բազմաթիվ համալսարաններում: Բայց չենք իմացել, որ այդ համալսարաններից մեկում կա մի ամբիոն, որը դուրս է ոչ միայն այդ համալսարանից, ոչ միայն Խորհրդային Միությունից, այլեւ մեր մոլորակից: Շնորհակալություն ձեր մոլորակին, որ մի կարճ ժամանակով մեր մտքերն առանց կաղապարելու, անկաշկանդ արտահայտելու հնարավորություն ունեցանք, ամենայն հավանականությամբ` վերջին անգամ: Ափսո՜ս, որ ուրիշ տեղ պատմել չենք կարող ձեր մոլորակի մասին…
***
Նախքան նյութս եզրափակելն ուզում եմ եսակենտրոն մի զգացողության մասին խոսել…
Այսօր, բացի Է. Աղայանի սանը եւ նրա տեսությունը գնահատողներից մեկը լինելուց, երախտագիտության մի մասնավոր խոսք էլ ունեմ` նրան ուղղված: 4-րդ կուրսի վերջում ավարտաճառի թեմաներ էինք ընտրում: Մոտեցա գործավարուհուն` տեղեկացնելու, որ ես իմ թեման ունեմ: Մեծ եղավ զարմանքս, երբ նա «տեղեկացրեց», թե ցուցակով տրված թեմաներից պիտի ընտրեմ: Նայում եմ ցուցակը, գրո՛ղը տանի, նավթալին է բուրում բոլորից: Իմ այդ մի քանի րոպեանոց մոլորյալ վիճակում նաեւ զգում եմ, որ Է. Աղայանի ամբիոնի գործավարուհին` տիկին Կարինեն, ասես հետեւելիս լինի ինձ: Չէի սխալվել: Երբ հուսահատ վար նետեցի ցուցակը ձեռքիցս, մոտեցավ ինձ` խնդրելով առանձնանալ: Ասաց, որ դիմեմ Է. Աղայանին: Առարկում եմ` ասելով, թե լեզուների համեմատությամբ չեմ զբաղվում: Հետեւողականորեն համոզեց, որ անգամ եթե միայն հայերենի շուրջ եմ ուզում ուսումնասիրություն անել, Է. Աղայանը համապատասխան ձեւակերպում կգտնի: Նրանից ունեցած պատկառանքն էր երեւի, որ համարձակություն չէր տալիս ինձ: Օրհնվե՛ս դու, տիկի՛ն Կարինե: Առաջնորդեց դեպի Է. Աղայանի ամբիոն: Կարճ հարցուփորձ արեց, հարցրեց` մաթեմատիկա գիտե՞մ, ասացի` ստիպված ուզում եմ սովորել: Արձագանքը սա էր.
– Այսօր լեզվաբան չեք կարող լինել, եթե մաթեմատիկա չգիտեք:
Էլի մեկ-երկու հարց տվեց եւ իմ խոսելուն զուգահեռ` ընկալուչը ձեռքն առավ ու սկսեց համար հավաքել: Ե՛վ իմ խոսելուն է գլխով անում, եւ՛ խոսում է ինչ-որ մեկի հետ: Ճիշտն ասած` վիրավորվեցի այդ վարմունքից: Մեկ էլ վար դրեց ընկալուչն ու դիմեց ինձ.
– Էդուարդ Աթայանին ճանաչո՞ւմ եք:
– Առաջին կուրսից գիրքը գնել եմ, ժամանակ առ ժամանակ փորձում եմ կարդալ, դեռ բան չեմ հասկանում:
– Ես ձեզ չէի հարգի, եթե ասեիք` հասկանում եք: Վաղը չէ մյուս օրը` ժամը 13-ին, կսպասեք նրան լեզվի կաբինետում…
Նշված օրն ու ժամին հանդիպեցի Է. Աթայանին, նույն արագությամբ պայմանավորվեցինք, որից հետո անհնար եղավ կտրվել նրանից: Հատկապես սրա՛ համար անսահման շնորհակալություն հակասություններով լեցուն, բայց մարդկային վեհ նկարագրի տեր Էդուարդ Աղայանին…
***
Խորհրդային Միության արտաքին գործոց նախարար Մոլոտովը Թուրքերի հետ հերթական սիրախաղի մի բարձրակետում, երբ սրանք ակնարկում են հայկական հողերի ճակատագրի մասին եւ խորհրդային պետության վերաբերմունքն են փորձում կռահել, Մոլոտովը հանգստացնում է.
– Դուք հանգի՛ստ եղեք, ես հայ ժողովրդի անունից այդ հողերը նվիրում եմ Թուրքիային…
Պետական համալսարանի կուսկազմակերպության մի ժողովի ժամանակ, երբ մի բարձրաստիճան պաշտոնյա ներկայացնում է Խորհրդային Միության արտաքին քաղաքականությունը` իր «մարդասիրությամբ»` մեջբերելով Մոլոտովի խոսքը, Է. Աղայանը պոռթկում է տեղից.
– Իսկ ո՞վ է իրավունք տվել ՄոլոտովԻն հայ ժողովրդի անունից հայկական հողերը նվիրելու մեր թշնամուն…
Սա էլ թող լինի ի գիտություն Հայաստանի` «խաղաղության դարաշրջան» տարփողող մերօրյա առաջնորդների…
ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
[1] Տե՛ս այս հղմամբ`
https://language.sci.am/sites/default/files/hayots–lezvi–owsowmnasirowtyan–ardi–khndirner.pdf?fbclid=IwAR178QkI8XsqHN11Ew56ZvFnYQOTg6FG8nongsHabVmqTIZNyA45iFhji9k
[2] Է. Աղայանի գիտական գործունեության արժեւորմանն ընթերցողը կարող է ծանոթանալ տողերիս հեղինակի «Լեզվի կերպընկալման աղայանական փիլիսոփայությունը» հոդվածում` ըստ վերը բերած հղումի (էջք 74-89):