«Վճռական ճակատամարտը»
(Հուշեր Կոմիտասի մասին)
Հետադարձ ու քննարկու մի հայացք ձգելով Կոմիտասի գիտակցական ուղու վրա, պիտի հավաստել որ նա պատկանում էր, այսպես կոչված, դժբախտ աստղի տակ ծնված մարդկանց թվին:
1904-1905 ուսումնական տարին Գևորգյան ճեմարանում հիշեցնում էր ռազմական տենդային նախապատրաստություն զորական ճամբարում: Երգեցիկ խմբի պարապմունքներն սկսելուց առաջ Կոմիտասը նորից ուշի-ուշով փորձեց ձայները, վերադասավորեց դրանք, ընտրեց նոր երգիչներ և առաջին պարապմունքից հետո հայտարարեց մեզ.
– Տղերք, ես ծրագրել եմ մի շատ լուրջ գործ, որի հաջողությունը կամ տապալումը ամբողջովին կախված է ձեզանից. ձեր ուշիմ կամ անփույթ վերաբերմունքից: Որոշ փափկանկատությամբ ես ստիպված եմ այսօր գաղտնիքի քողով պատել այդ գործը: Բայց դուք պիտի վստահեք ինձ, պիտի հավատաք իմ հայտարարության կարևորությանը և ոչ մի ջանք չխնայեք հարյուր տոկոսով արդարացնելու իմ սպասելիքները ձեզանից: Գիտցեք միայն, որ ես տանելու եմ ձեզ «վճռական ճակատամարտի»՝ թե ուր և երբ, այդ հետո: Ես չեմ կասկածում որ ձեզ սպասում է փայլուն հաղթանակ, եթե մեր մարզանքի աշխատանքները համարեք ձեզ համար պատվի խնդիր: Խոստանո՞ւմ եք:
– Խոստանում ենք, – հնչեց մեր միաձայն պատասխանը կլոր հանդիսարանի բարձր գմբեթի տակ:
Պիտի ասել, որ Կոմիտասը առհասարակ վայելում էր ամբողջ աշակերտության սերն ու համակրանքը, իսկ երգեցիկ խմբի անդամներն ուղղակի հիանում էին նրանով պարզ ընկերական վերաբերմունքի, կենսուրախ բնավորության համար: Ուստի, բնական էր այն օրինակելի եռանդը, այն զարմանալի ճշտապահությունը որ ցուցաբերում էր խումբը օր ու մեջ տեղի ունեցող փորձերի ընթացքում: Ես չեմ հիշում ուշանալու ոչ մի դեպք, չեմ հիշում նաև չարաճճիություն մեկն ու մեկի կողմից, երբ մի ձայնի պարտիան սովորեցնելիս մյուս ձայների երգիչները բնականաբար մատնված էին պարապության: Ընդհակառակը, նրանք ուշադրությամբ հետևում էին իրենց ընկերների աշխատանքին և գիտեին միմյանց պարտիան: Խումբը միացնելիս՝ երբեմն մեկն ու մեկը երգում էր հարևան ձայնի մելոդիկ կտորը:
– Է՛յ, քյանդրիբազ, ո՞ւր թռար:
Կամ.
– Է՜յ, զուրնաչի՛, երգիր քո պարտիան, – ձայնում էր Կոմիտասը ժպտերես՝ լսելով գիտակցաբար արված շեղումը:
Անհրաժեշտ է նշել, որ երգերը մշակելիս (քառաձայնելիս) Կոմիտասն աշխատում էր բոլոր ձայներին տալ մելոդիկ եղանակավորում՝ երբեք չխախտելով տեքստի և երաժշտության շեշտերի հարմոնիկ միասնությունը: Դրանով յուրաքանչյուր ձայն դառնում էր ինքնին գրավիչ ու հեշտացնում էր նրա յուրացումը:
1905 թվի փետրվարին վերջացավ երկու համերգի համարյա ծրագրված աշխարհիկ և հոգևոր երգերի սև աշխատանքը, և սկսվեց նրանց գեղարվեստական հղկումը:
Կոմիտասի համար շատ բնորոշ է հիշատակել, որ խմբերգեցողության պրոցեսում անընդհատ շարուակվում էին նաև նրա ստեղծագործական նոր փոփոխակները արդեն համարյա պատրաստ երգերի: Սակայն յուրաքանչյուր նոր տարբերակ թվում էր այնքան ուշագրավ ու գեղեցիկ, որ խումբը մեկեն հաղթահարում էր այն, և այդ կարգի բազմաթիվ ուղղումները չէին անդրադառնում աշխատանքի տեմպերի վրա: Համեմատաբար դժվար էր խմբի կատարողական նրբերանգների և մանավանդ ձայնական նյուանսների հարցը. գեղջկական ինտուիտիվ ազատ երգի սովոր տղաները, առաջին անգամ բերանին երասան դրած նժույգի պես, տաքանում էին՝ բնազդաբար բողոքելով իրենց ազատությունը կաշկանդող պրիոմների դեմ: Բայց Կոմիտասի զարմանալի դիմախաղը և ձեռքերի խոսուն շարժումները հմայիչ դաշնակություն ունեին. համեմատաբար կարճ ժամանակից հետո խմբից նրա դուրս քաշած ձայնը նման էր շերամի բերնից ձգվող հավասար մետաքսաթելի:
Դրան զուգընթաց Կոմիտասը հոգ էր տանում նաև ձայների հնչեղությունը զորեղացնելու վրա: Այդ նպատակով նա փորձերից առաջ քառորդ ժամ պարապում էր խմբական ձայնավարժությամբ: Ավելորդ չէ հիշատակել նաև մի այլ կարևոր հանգամանք: Հայտնի է, որ խոսելու և երգելու ժամանակ ձայնլարերի լարվածքը բոլորովին տարբեր է և անպայման բացասաբար է ազդում ձայնի վրա: Այդ վնասակար պրոցեսը կանխելու նպատակով Կոմիտասը փորձերը վերջացնելուց հետո անմիջապես չէր արձակում խումբը. նա նվագում էր դաշնամուրի համար գրված որևէ փոքրիկ բան, բացատրում էր հեղինակի մտահղացումը, դրա երաժշտական ձևակերպումը, ապա ցտեսություն ասում մեզ:
Չմոռանանք, որ խմբի հիսուն երգիչների ընտրությունը Կոմիտասը կատարել էր ճեմարանի 225 սաներից միայն, հետևապես ընտրությունն ակամա եղել էր ի վնաս ձայների որակի և հօգուտ նրանց քանակի:
Այդ ժամանակ Կոմիտասի միակ սոլիստը ես էի և ինձ վրա թափած նրա մեծ աշխատանքը երբեք չեմ մոռանա: Իմ երգելիք բոլոր համարները նա անցնում էր ինձ հետ առանձին, իրեն հատուկ նուրբ վարպետությամբ՝ գունավորելով յուրաքանչյուր երաժշտական ֆրազ ու պատկեր: Երգի պատկերավորումը Կոմիտասի բնորոշ, հատկանշական գիծն էր: Այդ չափազանց հետաքրքրական աշխատանքի միջոցին նա ցուցաբերում էր գույների այնպիսի բազմապիսություն, որ ես ապշում էի: Միևնույն երգը նա կարող էր տասն անգամ իրար վրա երգել և ամեն անգամ նոր հմայք պատճառել լսողին, այնքան տարբեր ու բազմազան էին նրա կատարողական նրբերանգները:
Երգուսուցման հետ միասին Կոմիտասը գերմանական մի ձեռնարկով մշակում էր նաև իմ ձայնը: Այդ աշխատանքի համար ես լինում էի նրա մոտ առավոտյան ժամը 11-ից 12-ը, տեսչի հատուկ թույլտվությամբ: Պարապմունքները վերջանալուց հետո նա ինձ հյուրասիրում էր նախաճաշով և սերկևիլի հատիկների հետ եփած մի բաժակ կարմիր գինով, որպես ձայնալարերը փափկացնելու, ավելի առաձիգ դարձնելու միջոց: Մեծ Պահքին, երբ ճեմարանի սաներին կերակրում էին համարյա բացառապես լոբիով, ձիթապտուղով, զզվելի թթու մախոխով, առանձնապես մեծ էր լինում Կոմիտասի ինձ տված նախաճաշի բաժինը: Այդ օրերին նա խորապես տանջվում էր, որ խմբի անդամները վատ սննդի պատճառով ուժասպառ են լինում, և տուժում է նրանց ձայների որակը, իսկ ինքը հնարավորություն չունի բարելավելու նրանց վիճակը: Կոմիտասը դիմել, խնդրել էր որ երգիչներին ուտիսի կերակուր տան, բայց ապարդյուն, որովհետև պահքը խախտելը «սրբապղծություն» էր համարվում վանական միջավայրում:
Մի առավոտ սովորական ժամին գալով Կոմիտասի մոտ՝ նրան գտա խիստ ոգևորված: Առանց ընդունելու բարևս, նա բացականչեց.
– Ի՞նչ ես շշմել, զուռնաչի՛, կոչիր «ուռռա՜», երեկ երեկոյան մեծ հաղթանակ տարա:
– Ի՞նչ հաղթանակ, – թոթովեցի ես:
– Երեկ խնդրեցի վեհափառին, նա թույլ տվեց խումբը տանել Թիֆլիս: Վերացավ ամենամեծ արգելքը, ես այնպես բախտավոր եմ, – ասաց նա, ապա ավելացրեց, – վեհի թույլտվությամբ համերգներիս կարող են ներկա լինել նաև քահանաները: Գիտե՞ս, ինչ բան է դա. դրանով փակվում են «սեր ու աղջիկ», «պագ և համբույր» երգող վարդապետին հայհոյող թշնամական բերանները: Մեր հաջողության վերաբերմամբ ես կասկած չունեմ: Քորեբդան անցանք բարեհաջող, հիմա պիտի հայտնել տղաներին, թե ո՛ւր եմ տանում նրանց:
Խումբը հրճվանքի բուռն արտահայտություններով ընդունեց Թիֆլիս գնալու հայտարարությունը: ԽղճուկԵրևանից հետո Անդրկովկասի մայրաքաղաքը թվում էր երազական չքնաղ աշխարհ, որ վառում էր մեր երևակայությունը և անտեսանելի հազար թելերով քաշում դեպի ինքը: Լինել հայ կուլտուրայի կենտրոնում, որտեղ ապրել ու ստեղծագործել են «Փորձի» Աբգար Հովհաննիսյանը, «Պեպոյի» Գաբրիել Սունդուկյանը, «Սպանված աղավնու» Նար-Դոսը, «Տորք Անգեղի» Աղայանը, «Անուշի» Հովհաննես Թումանյանը, գուցե և տեսնել նրանց, թվում էր այնպիսի՜ երջանկություն, որ դժվար է բառերով արտահայտել: Հետևաբար պիտի երևակայել այն խանդավառությունը, որով ամենքս սպասում էինք այդ երանելի օրվան:
Թիֆլիսում անպատեհությունների չհանդիպելու նպատակով Կոմիտասը գրագրություն էր վարում Արտիստական թատրոնը նախապես վարձելու և խմբի համար իջևան պատրաստելու կապակցությամբ: Տիկին Ղամբարյանը, Երևանի սինթետիկ կաուչուկի այսօրվա տնօրեն պրոֆեսոր Ղամբարյանի մայրը, վերին աստիճան համակրելի մի անձնավորություն, իր վրա վերցրեց այդ գործի կազմակերպումը և խմբին տրամադրեց իր տան (Ձերժինսկու փողոց 13) ամբողջ ներքին հարկը, ստեղծելով այնտեղ հանրակացարան՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Միաժամանակ Կոմիտասը զբաղված էր մեր զգեստավորությամբ, մեր արտաքին տեսքը բարենպաստ դարձնելու հոգածությամբ: Այլ կերպ ասած, հմուտ ռազմավարի պես՝ Կոմիտասը նախատեսում ու կարգավորում էր այն բոլորը, ինչ անհրաժեշտ էր իր «բանակի» հաղթության համար:
Զատկական տոնի արձակուրդներին խումբը մեկնեց Թիֆլիս:
Գարնանային պայծառ առավոտ էր: Թովիչ կանաչից բարձրացող ցողի գոլորշին մուժի բարակ քող էր փռել Արարատյան դաշտի վրա: Ձյունապսակ Մասիսների և Արագածի գագաթները շողշողում էին արևի տակ շող տված գոհարների շլացուցիչ փայլով: Մեր պատանի սրտերը ճղփում էին կայտառ հրճվանքից, որին մասնակցում էին մեզ կայարան տանող լինեյկաների արծաթահնչույն զանգուլակները:
Էջմիածին կայարանում նստեցինք մեզ համար պատվիրված երրորդ կարգի վագոնը՝ Կոմիտասի հետ միասին, որի դեմքի մշտախնդուն արտահայտությանը միացել էր խոհուն լրջություն: Աներկբայորեն նա համակված էր իր առաջիկա ելույթի պատասխանատվության գիտակցությամբ: Դա փղձկոցի պես պայթեց Ալեքսադրոպոլի (Լենինականի) կայարանում, որտեղ տղաներից երկու հոգի գնել էին արևածաղկի սերմ և ուտում էին:
– Մի՞թե զինվոր է նա, ով գնում է կռվի և կոտրում, դեն է ձգում իր զենքը, – բացականչեց Կոմիտասը դառնությամբ՝ դիմելով զանցառուներին, – Ո՛չ, այդպիսին է դասալիքը, իր ընկերոջ և ընդհանուր գործի դավաճանը, – եզրափակեց նա, աչքերը սրտնեղությունից թաց:
Այս խոսքերի ծանրությունն ավելի քան սթափեցրեց ամենքիս, և մինչև Թիֆլիս անախորժ ոչ մի դեպք չմթագնեց մեր տոնական բարձր տրամադրությունը, իսկ այս միջադեպից քիչ անց Կոմիտասը հայրական քնքշանքով գուրգուրեց իր զայրուրյթի օբյեկտներին՝ տալով նրանց նաբաթի մի քանի բյուրեղ:
Թիֆլիս հասանք համերգներից երեք օր առաջ: Կոմիտասը դա նույնպես կանխամտածել էր. ճանապարհի պատճառած հնարավոր անպատեհություններից խմբին հանգիստ տալու, նրան Արտիստական թատրոնի ռեզոնանսին հարմարեցնելու և նախապես փորձեր անելու նպատակով:
Մեր երթը կայարանից Երևանյան հրապարակ՝ ձիաքարշով, այնտեղից էլ մինչև Ղամբարյանների տունը՝ ոտով, հարուցում էր ընդհանուր հետաքրքրություն: Թիֆլիսի տաք գարունը մարդկանց փողոց էր դուրս բերել ամառային զգեստներով. նրանց սպիտակ ֆոնի վրա մենք մեր մուգ կապույտ մահուդե բլուզներով ու սև ֆեսերով կազմում էինք աղաղակող դիսոնանս: Հագուստի հարցը ևս Կոմիտասը վճռել էր կանխամտորեն: Մենք վերարկուներ չունեինք:
Ճեմարանում ցրտերին հագնում էինք ֆարաջա, որով անհարմար էր երևալ Անդրկովկասի մայրաքաղաքում, իսկ ճանապարհին Ջաջուռի ցրտից մեզ պաշտպանել չէին կարող մեր պարուսինե բարակ բլուզները, ուստի նախապատվություն տրվեց ձմեռվա զգեստին: Բոլոր անցորդները, համարյա առանց բացառության, կանգնում, զարմացական դիտում էին մեզ ու հարցնում մեր ով լինելու և ինչի համար Թիֆլիս գալու մասին: Այդ և այնուհետև մեր պարբերական հաճախումները Սադայանի կաֆեն, որի տիրոջը կանխապես պատվիրված էր մեր պահանջած կաթը, սուրճն ու կակաոն անպայման տալ գոգլիմոգլու հետ, ամենացայտուն ռեկլամը եղան մեր համերգների համար: Ճեմարանի խումբը լսել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ նրանց ամենքին ներս ընդունելու համար Արտիստականը պետք է ունենար տասնապատիկ ավելի տարողություն:
Առաջին համերգը տեղի ունեցավ կիրակի: Դահլիճում բուրժուական հանդիսականների հետ կար նաև դեմոկրատական տարրերից ստվար հասարակություն: Առավոտյան ժամը 11-ին, վարագույրը բարձրացնելուց առաջ Կոմիտասը դիմեց մեզ այս խոսքերով.
– Տղե՛րք ջան, այսօր հազարներ են եկել լսելու ձեզ և հմայվելու մեր անուշ երգերի բույրով: Ապացուցենք որ նրանք զուր դրամ չեն ծախսել և զուր ժամավաճառ չեն եղել:
Համերգն սկսեց հոգևոր երգերի բաժնով: Զուտ պատահականության հետևանքով դահլիճը չէր լուսավորված, և այդ հանգամանքը ակամա ստեղծեց յուրահատուկ միստիկ մթնոլորտ կրոնական տաղերի համար: Երբ հնչեց «Էջ Միածին ի հորե» շարականի առաջին ակորդը, դահլիճի խորհրդավոր խավարի մեջ լսվեց ոտի կանգնող հասարակության հարուցած խուլ շրշյունը, որը էլեկտրական հոսանքով վարակեց մեզ ծայր աստիճան լարելով մեր ուշիմությունը: Իսկ երբ վերջացավ այդ էֆեկտավոր համարը, և բազմահազար հանդիսականները, որոնց մեջ կային բավական թվով օտարազգիներ, որոտալի ծափահարություններով ու «կեցցե՜» և «բռավո՜» բացականչություններով թնդացրին սրահը, մեզ համակեց հոգեխինդ էնտուզիազմի սարսուռ: Հիացմունքի այդ տարերային ցույցը տևեց րոպեներ և իրար հետևից գլորվող լեռնացած ալիքների հետ ուղեկցեց այնուհետև կատարվող ամեն համարի:
Ընդմիջումի ժամանակ Կոմիտասը, որը պատվիրել էր ոչ ոքի ներս չթողնել բեմ, թաշկինակով սրբում էր իր լայն ճակատն ու գլուխը և ուրախ ձայնով ասում.
– Տղե՛րք ջան, բարձր մի խոսեք: Տղե՛րք ջան, մի-մի բաժակ գոլ թեյ խմեք:
Այդ միջոցին դահլիճից սպիտակ թիթեռների պես թռչում գալիս էին տղամարդկանց մասսիվ ու կանանց բարակ, գեղեցիկ այցետոմսեր կամ ուղղակի սովորական թղթի կտորներ, որոնց տերերն շտապում էին հայտնել Կոմիտասին իրենց տպավորությունները:
«Հրաշալի է, սքանչելի է, զարմանալի…»
«Կախարդ վարդապե՛տ, դու թովեցիր ինձ…»
«Եթե մեր եկեղեցիներում այդպես երգեին, այնտեղ մտնելու համար պետք կլիներ ժամերով հերթի կանգնել…»
«Վանականի սև հագուստի տակ տեսնում եմ քո սիրաբորբոք սիրտը…»
«Եթե բորբոսնած հոգևոր երգերին դու տվել ես այդպիսի շունչ ու փայլ, հապա ինչպիսի՜ հրաշալիք պիտի լինեն քո աշխարհիկ երգերը…»
«Շնորհքդ վառ է, պայծառ է, ափսո՜ս… Ախ, ինչո՞ւ դու սոսկ Կոմիտաս չես…»
Այդպիսի անմիջական զգացմունքների մոլի տարափ:
Համերգի երկրորդ բաժինը, բաղկացած համարյա բացառապես ժողովրդական երգերից, սկսվեց դահլիճի բոլոր լույսերի ծիծղուն ծովի մեջ, ասես հարավի ոսկեհուր արև էր բոսորել այնտեղ, առանց իր այրող տապի: Այդ բաժնի յուրաքանչյուր համարը հաղթական երթի խանդավառ հանդես էր: Թվում էր, թե գեղջուկ երգերի ջերմ շնչից հալվել են թատրոնի պատերը և ունկնդիրների առաջ բացվել են Արարատի բարձունքները, Զանգվի ու Արաքսի ափերը, որտեղ աշխատող հայ շինականը, քաղհան անող գեղջկուհին, ոչխարի հոտն արածացնող հովիվը, մրմնջում են իրենց սերն ու խինդը, վիշտն ու թախիծը, իրենց ապրումների անմիջականությամբ համակելով լսողներին, որոնք մերթ քարանում, դառնում էին ամենակուլ լսողություն, մերթ ալեկոծվում, դառնում էին հիացմունքի փոթորիկ: Իսկ երբ Կոմիտասը նստեց դաշնամուրի առաջ ու նվագակցելով իրեն երգեց «Մոկաց Միրզան»՝ հայկական ռեչիտատիվի հիասքանչ վարպետությամբ, հիացքի թնդուն կանչերին միացավ նաև արցունքի փղձկոցը: Ամեն կողմից տեղացող ծաղիկները, ծաղկեփնջերը ու ծաղկեպսակները հեղեղեցին բեմը:
«Լո՜-լո՜ն»՝ համերգի վերջին հաղթաշունչ համարը, որը հասարակության համառ պահանջով իրար վրա կրկնվեց երեք անգամ, եկավ աներկբայորեն հավաստելու Կոմիտասի շահած «վճռական ճակատամարտը», նրա արվեստի հմայիչ ուժը, նրա խմբավարական շլացուցիչ տաղանդը: Ւ դեպ ասած, հայ և օտար մամուլը զանազան վարիանտներով ու ջերմագին խոսքի ավելի կամ պակաս գունեղ արտահայտություններով արձանագրեց Կոմիտասի ցուցադրած հայ երաժշտական կուլտուրայի այդ հաղթանակի տոնը:
Թատրոնի պայտաձև միջանցքի աջ թևի փոքրիկ դուռը բացվեց, և ծանոթ-անծանոթ տղամարդկանց հախուռն հոսանքը հորդեց դեպի բեմ՝ իր հուզումնացունց գոհունակությունը հայտնելու «կախարդ» Կոմիտասին: Դրանցից ես ոչ ոքի չէի ճանաչում, բացի Հովհաննես Թումանյանից: Սա գրկախառնության համար բաց-պատրաստ թևերով, անուշ ժպիտը երեսին, մոտեցավ Կոմիտասին ու գրկելով նրան՝ ասաց.
– Կոմիտա՛ս ջան, եթե վեղար չունենայիր, ես կուզենայի լինել Կոմիտաս:
– Վեղար չունեմ, Օհաննես, խիտ մազերս վեղարի տեղ ես ընդունում, – պատասխանեց Կոմիտասը ծիծաղելով և նրանք համբուրվեցին…
Խմբի անդամներից յուրաքանչյուրը հափշտակության զգացմունքով, հաղթական ճակատամարտին մասնակցող զինվորի պարծանքով կուզենար հետևել Թումանյանի օրինակին, եթե ակնածության գիտակցությունը պատնեշ չքաշեր նրա առաջ:
Թատրոնի գլխավոր մուտքի մոտ Կոմիտասին սպասում էր ծաղիկներով ու երփներանգ ժապավեններով զարդարված քառաձի մի կառք, շուրջը հոծ բազմություն, որը տեսնելով նրան, ծաղիկներ ու կոնֆետներ շաղեց վրան: Երբ նստեցինք ու կառքը շարժվեց, Կոմիտասը, կարծես սպառնալով մեկին, ասաց.
– Ես ձեզ ցո՜ւյց կտամ՝ «հայ ժողովուրդը ե՛րգ չունի»…
Այդ խոսքերն ունեին իրենց նախապատմությունը. Էջմիածնում Կոմիտասի բազմաթիվ օտար այցելուներից մեկն ասել էր, իբր ռուս արիստոկրատիայի մեջ տիրող կարծիք է, որ հայ ժողովուրդը երգ չունի, որ նա օգտագործում է իր հարևաններից փոխ առած երգերը միայն, որ այսպես կոչված հայ կուլտուրական երաժշտությունը, ավելի ճիշտ՝ բազմաձայն երգեցողությունը, չափազանց պրիմիտիվ է, և իր մշակույթի խղճուկ որակով հեռու չի գնում ռուսական զինվորական երգերից:
Այդպիսի թյուր տեսակետը չէր կարող խորապես չվրդովել հայ երաժշտության պատշաճ գնահատականին նախանձախնդիր Կոմիտասին: Եվ Կոմիտասը գիտական փաստարկներով հերքեց այդ լեգենդը՝ երկրորդ համերգից հետո կոսերվատորիայի դահլիճում տված իր դասախոսությամբ, որի ժամանակ նա իրեն հատուկ պատկերավոր ոճով բացատրում էր հայ ժողովրդական երգի ծագումը ու երգելով կամ սրնգի նվագով ցույց էր տալիս նրա տարբերակները (վարիանտ) որոնք պայմանավորվում են նրա երկրի տեղագրական զանազանակերպ բնույթով և մեր ժողովրդի տնտեսական-կենցաղային առանձնահատկություններով: Իսկ համերգներում նրա ցուցադրած բազմաձայն երգերի մշակույթը համոզեց ամենախստապահանջ արվեստագետներին, որ մեր երաժշտական կուլտուրան, Կոմիտասի շնորհիվ, լայն ճանապարհ է բացում իր համար՝ տեղ գրավելու եվրոպական ազգերի հարակից կուլտուրայի շարքում:
Այս տեսակետից վերին աստիճանի նշանակալից է ռուս արդի երաժշտության հայտնի քննադատ Գնեսինի կարծիքը Կոմիտասի արվեստի մասին.
«Քսանհինգ տարի առաջ, հետամնաց Պարսկաստանին սահմանակից ռեակցիոն ցարական Ռուսաստանի մի ծայրագավառում Կոմիտասն ստեղծել է այնպիսի շեդյովրներ, որոնց տակ պարծանքով կստորագրեր եվրոպական հռչակ ունեցող ամեն երաժշտագետ»:
Մի ուրիշ հեղինակավոր անձ՝ պրոֆեսոր Հարդմանը, 1918 թվին Արտիստական թատրոնում Կոմիտասի մասին տված իր հատուկ դասախոսությունը փակեց հետևյալ խոսքերով.
«Յուրաքանչյուր հայ երաժիշտ նախ պետք է ուշի-ուշով ուսումնասիրի Կոմիտասի արվեստը և մարսի, յուրացնի այն, ապա ձեռք զարկի ստեղծագործական աշխատանքի»:
Ընթերցողը թող ների ինձ, եթե հիշողությունս բառացի ճշտությամբ չի վերարտադրում այս երկու մեջբերումները, որոնց հեղինակները միանգամայն զերծ են Կոմիտասի վերաբերմամբ աչառու լինելու ախտից:
Մինչդեռ մեզանում որոշ անհատներ, չհասկանալով մեր երաժշտական կուլտուրայի հատկանշական տարերքը կամ ղեկավարվելով անձնական նկատառումներով, թերագնահատում են Կոմիտասին՝ որակելով նրան որպես լոկ ազգագրագետ կամ հայտարարելով նրա հարմոնիզացիան աղքատիկ: Կոմիտասի արվեստի մասին Հարդմանի և Գնեսինի հայտնած կարծիքները հերքելով «ազգագրագիր» արտառոց բնորոշումը, շեշտում են նրա ստեղծագործական կարողության, նրա պայծառ տաղանդի շլացուցիչ փայլը: Իսկ Կոմիտասի հարմոնիզացիայի «աղքատիկության» առթիվ նույն Գնեսինը 1927 թվին, երբ Երևանի կոնսերվատորիայի խումբը տողերիս գրողի հետ գնացել էր Մոսկվա՝ Հոկտեմբերյան հեղափոխության տասներորդ տարեդարձին, ասաց մոտավորապես հետևյալը.
«Պարզությունը, հարմոնիզացիայի հնարավորությունների ժլատ կիրառումը Կոմիտասի արվեստի ամենաուժեղ գիծն է: Կոմիտասը վրձնի թեթև շարժումով, հատընտիր բարակ, նուրբ քսուկներով կերտում է այնպիսի ցայտուն, ամողջական և ազդու նկարներ, որոնց վրա ուրիշները կսպառեին մի քանի կիլո ներկ ու չէին արտահայտի նրա կախարդական մտապատկերը»:
Այո՛, Կոմիտասը կախարդ էր իր ստեղծագործական հնարավորությունների թափով: Կոմիտասն անզուգական էր իր արվեստը ցուցադրելու, նրա գրավչությամբ սիրտ թովելու մոգությամբ: Կոմիտասը վարպետ էր հայ երաժշտության ոճը հասկանալու և այդ ոճով հայ աշխատավոր մարդու հուզական աշխարհը պատկերելու կարողությամբ: Կոմիտասը մեր երաժշտական կուլտուրայի հաղթական զորավարն էր, որ բուռն ովացիաների ձայնակցությամբ այդ կուլտուրան տարավ, հռչակեց Էջմիածնից Երևան, Թիֆլիս, Բագու, Բեռլինից Փարիզ, Պլոսից Ասորիք, Եգիպտոս:
Եվ այսօր չկա այլևս Կոմիտասը, այդ զարմանահրաշ, այդ սքանչելի մարդը: Մահը հավիտյան փակեց Կոմիտասի այնքան խոհուն աչքերը, կտրեց թելը նրա երբեմնի հանճարեղ մտքի, որի վրա երկու տասնյակ տարի առաջ անողոք հիվանդությունը ձգեց խավարի թանձր քող: Կոմիտասը մեռավ օտար երկնքի տակ, տասնյակ հազարավոր կիլոմետր հեռու իր հայրենիքից, իր ժողովրդից, որոնց հետ նա կապված էր իր զգացմունքների ու ստեղծագործությունների զգալի մասով, իր զգայուն սրտի հազար-հազար թելերով:
Վահան Տեր-Առաքելյանի հուշերհ