«Մատեան հիշատակի». գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Սփյուռքը Հայաստանին կամրջող ամենաազդեցիկ ու ականավոր հայերից մեկի՝Երվանդ Ազատյանի մահից 3 տարի անց հրատարակվել է նրան նվիրված ժողովածու:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում, մայիսի 26-ի երեկոյան, ընտիր բազմության ներկայությամբ: Գերշ. Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի օրհնությունից հետո խոսք առան «Ազգ»ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆ. Աելիտա Դոլուխանյանը, գրականագետ եւ արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը:




«Մատեան հիշատակի» գրքի շնորհանդեսին ցուցադրվեց Երվանդ Ազատյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող «Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ» փաստավավերագրական ֆիլմը, որը նույնպես նվիրված է մեծ հայի հիշատակին: Ֆիլմի սցենարի հեղինակն է Դիանա Մարկոսյանը, ռեժիսորը՝ Արտյոմ Աղասարյանը, օպերատորը՝ Հրայր Սիրականյանը, մոնտաժի հեղինակը՝ Արթուր Փարսյանը:
Գրքի հրատարակիչն է Վան Արյանը:
Երվանդ Ազատյանը Բեյրութում հիմնադրել է «Զարթօնք-սպորտ» հավելվածային շաբաթաթերթը: Կահիրեում «Արեւ» օրաթերթի խմբագիրն է եղել, Բոստոնում՝ «Պայքարի» վարիչ-տնօրենը, «Արմինիըն միրըր-սփեքթեյթըր»-ի սյունակագիրն ու խմբագիրը, Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, «Նյու Յորքի «Արարատ» անգլերեն հանդեսի, Երեւանում՝ «Ազգ» օրաթերթի, Բեյրութի «Կամար» գրական հանդեսի համահիմնադիրն ու հոդվածագիրը:
Նրան ճանաչել են աշխարհահռչակ մտավորականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, երկրների ղեկավարներ: Անչափելի է Երվանդ Ազատյանի գործունեության շրջագիծը, նրա ծանոթության ու մտերմության միջավայրն ընդգրկում է մոլորակի բոլոր աշխարհամասերը:



1500-ից ավելի խմբագրականներ է գրել, բազմաթիվ ժողովածուներ: Նրա վերլուծական միտքը, դիպուկ խոսքն ընդգրկել են քաղաքական, հասարակական, գրական, մշակութային բոլոր ոլորտները:
«Մատեան հիշատակի» գրքում ընդգրկված են ոչ միայն հիշողություններ, պատմություններ, հրաժեշտի խոսքեր, այլ նաեւ Երվանդ Ազատյանի բազմաշերտ գործունեության, հարուստ ճանապարհի մասին վկայող լուսանկարներ:
Երվանդ Ազատյանը Սփյուռքում՝ Հայաստանի եւ Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտն էր: Ապրելով օտար երկրներում՝ նա ձեռքը միշտ պահում էր Հայաստանի զարկերակի վրա: Իր անձնվիրությունը, անշահախնդիր սերը միշտ արտահայտել է բարեգործություններով, զանազան նախագծեր իրականացնելով:
Երվանդ Ազատյանի մտերիմների, նրա ընկերակցությունը, ջերմությունն ու տիեզերական սերը վայելած մարդկանց սրտի խոսքն է ամփոփված «Մատեան հիշատակի» գրքում, որը կազմվել եւ հրատարակվել է Թեքեյան մշակութային միության հայաստանյան եւ Սփյուքի գործիչների նախաձեռնությամբ ու ջանքերով:
Այն հարգանքի տուրք, նվիրումի ու գնահատանքի արտահայտություն է, որով հոդվածագիրները, ցավակցագրերի հեղինակները հրաժեշտի խոսք են ասել մեծ հային, անվանի մտավորականին: Բայց այդ խոսքը ցավով չի թաթախված, այլ լուսավոր, բարի, ջերմ հիշողություններով, Երվանդ Ազատյանի պատգամներով, Հայաստանը մանրամասնորեն սիրող ու ճանաչող նրա տեսակով:
Երվանդ Ազատյանի անվան հետ են կապվում հայանպաստ բազմաթիվ ծրագրեր: Նա ղեկավարել է Ազգային հերոս, մեծանուն բարերար Ալեք Մանուկյանի գրասենյակը:
Երվանդ Ազատյանն Ալեք Մանուկյանի հետ բառացիորեն փրկել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության մատենադարանից գողացված եւ «Սոթբիս» աճուրդում վաճառվող հայկական ձեռագրերն ու Թորոս Ռոսլինի 5-6 նկարները:
Բազմաթիվ են այսպիսի պատմությունները, որոնք պատիվ կբերեին յուրաքանչյուրին: Բայց նա ամեն ինչ անում էր աննկատ, առանց իր բարի գործերի մասին խոսելու, ակնարկելու:
Նրա համար կարեւորը արդյունքն էր, ոչ թե իր անունը: Երվանդ Ազատյանի նվիրվածությունը Հայաստանին, Հայկական Սփյուռքին, համայն հայությանը մեկ անուն ունի՝ լուռ սեր:








