ԵՐԵՎԱՆ – Նոյեմբերի 15-ին երեւանցի հանդիսատեսը ներկա եղավ ֆլամենկո երաժշտության համերգի: Անսպասելի էր համույթի՝ Իրանից լինելը: Խմբի ղեկավարը մեր հայրենակից, իրանահայ կիթառահար, կիթառի ուսուցիչ եւ երգահան Ռոմիկ Հովհաննեսյանն էր, որի ստեղծագործություններն էլ հնչեցին երեկոյի ընթացքում:
Ռոմիկ Հովհաննեսյան (ծն. 1976, Թեհրան) բուն մասնագիտությունը էլեկտրոնիկան է, սակայն նա մանկուց նվագել է դաշնամուր, ապա՝ կիթառ: Իսպանիայում պարբերաբար հանդիպել է կիթառի մեծ վարպետների (Վիկտոր Մոնխե Սեռանիտո, Դենի Դե Մորոն, Դիեգո Դել Մոռաո, Պեդրո Սիեռա, Էլ Ամիր), մասնակցել Օսկար Հերերոյի դասերին: Թուրքիայում մասնակցել է ֆլամենկոյի կիթառի փառատոնին եւ Սարանիտոյի ու Պեդրո Սիրայի վարպետության դասերին:
«Ռոմիկ Հովհաննեսյան եւ ընկերներ» խմբի համերգից երկու օր անց Ռոմիկի հետ մեր հանդիպմանը մասնակցեց նաեւ նրա կինը եւ մուսան՝ Նարինե Քեշիշյանը, որը մեր զրույցի ընթացքում երբեմն լրացնում էր ամուսնուն…
–Ռո՛միկ, թո՛ւյլ տուր շնորհավորել քո բեմելը Հայաստանում՝ հուսալով, որ համերգներդ շարունակական կլինեն մեզ մոտ, քանի որ երեւանի հանդիսատեսը ձեր խումբը սիրեց եւ ընդունեց:
-Ես էլ ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր համերգի կազմակերպիչներին, Երեւանի Կամերային տան ղեկավարությանը: Երբ համերգը վերջացավ, չէի հավատում, որ այսքան տարիներ այս մասին երազելուց հետո վերջապես դա իրականություն դարձավ: Ամենքս շատ ազդված, ոգեւորված, ուրախ էինք հանդիսատեսների բուռն ընդունելության համար: Սա առաջադիմության մի թռիչք եղավ մեզ համար: Ես իմ երաժիշտներին ասում էի՝ իմացե՛ք, Երեւանում մարդիկ երաժշտության մեջ ուժեղ են, նրանց երաժշտական ճաշակը բարձր է, Պարսկաստանում ձեզ ինչքան էլ ծափ տան, շատ մի՛ ուրախացեք: Հիմա էլ ասացի՝ էլի մի՛ ուրախացեք, միշտ մտածե՛ք, որ շատ ավելիին պիտի հասնեք: Տրամադրությունս լավ է: Երաժիշտները մեկ-մեկ բեմ մտան ու զարմանքով տեսան, որ ուրիշ մի երկրում, ուրիշ մի մշակույթում, որտեղ իրենց ճանաչող չկա, դահլիճը լցված է, ոչ մի դատարկ աթոռ չկա, ու երբ մարդիկ առաջին համարից իրենց քաջալերեցին, դա շատ ոգեւորեց, ու եթե Թեհրանում նրանց նվագածը 100 էր, այստեղ 1000 եղավ: Հանդիսատեսի էներգիան վերցրին եւ ուրիշ եղավ իրենց կատարումը: Շատ հետաքրքրական փորձառություն էր:
2012-ին իմ գործերի առաջին համերգը կայացավ Թեհրանի «Արարատ» միությունում: Բոլոր տոմսերը սպառված էին: Նաեւ ալբոմ թողարկեցի՝ «Թոլուե Էշղ» (Սիրո արշալույս) վերնագրով: Սակայն տարիներն անցնում էին, ու ես ոչ մի ուրիշ համերգ չէի ունենում: Կիթառի աշակերտներիցս մեկը՝ տարեց մի պարսկուհի, մի անգամ զրույցի ժամանակ հուզմունքով պատմեց, որ երիտասարդ ժամանակ լավ երգել է ու հիմա զղջում է, որ չի հետեւել սիրած գործին: Նրա խոսքը մեծ ազդեցություն ունեցավ վրաս ու մղեց, որ սկսեմ համերգներով հանդես գալ: Երկրորդ համերգս 12 տարի հետո եղավ, 470 մարդ էր եկել: Այս մեկ տարում վեց համերգ ունեցանք Թեհրանում, որից հետո որոշեցինք մեր ծախսերով գալ Հայաստան եւ համերգ տալ:
–Ներկայացրո՛ւ, խնդրեմ, երաժիշտներիդ:
-Մեր համերգին միացավ տեղացի թմբկահար Արթուր Մանուկյանը, մյուսները Թեհրանից են՝ Սայեդ Ալամդարին (կիթառ), Փուրիա Բաբաին (ջութակ), ինձ աշակերտած Ամիր Բախտիարին (կիթառ), Արշամ Զաքիզադեն (բաս կիթառ) եւ Սառա Ալիմիրզային (հարվածայիններ): Հանդիսատեսների շատ հավանած մեր հայ երիտասարդը՝ նույնպես հարվածային գործիքներ նվագող Արիել Պողոսյանն առաջ լատինամերիկյան հարվածային գործիքներ էր նվագում, բայց ֆլամենկոն ինձ հետ սկսեց:
–Փաստորեն, ֆլամենկոն սիրված եւ ընդունվա՞ծ է Իրանում:
-Սիրողները շատ են, կատարողները՝ քիչ, բայց ճիշտ հասկացողներն էլ շատ քիչ են: Իսկական ֆլամենկոն ապրելակերպ է՝ ջազի ու դասական երաժշտության նման: Ես մեր տանը մինչեւ 20 տարեկանս դաշնամուր եմ նվագել, իսկ երբ առաջին անգամ 17 տարեկանում լսեցի «Ջիփսի քինգս» խմբին՝ սիրահարվեցի այդ երաժշտությանը: Իսկ երբ դաշնամուրի ուսուցչուհիս՝ օրիորդ Հերմինեն, մի անգամ ինձ նվիրեց ֆլամենկո կիթառի լեգենդ Պակո դե Լուսիայի ձայնապնակը, այդ օրվանից լրիվ կյանքս փոխվեց: Կիթառի ուսուցիչներիս հաճախ փոխում էի, քանի որ շատ սխալ էին սովորեցնում, իսկ այն ժամանակ չկար ինտերնետ, որ ինքնուրույն սովորեինք: Բարեբախտաբար Երեւանի կոնսերվատորիայից Թեհրան եկավ դոկտոր Մարինան, որը մեզ փրկեց, մի քանի տարի սովորեցրեց հարմոնիա, կոնտրապունկտ, այդ ժամանակ հասկացանք՝ ինչ ասել է երաժշտական կրթություն: Հետո Թուրքիայում մասնակցեցի Պակո դե Լուսիայի համերգին ու նրան հանդիպելուց հետո մի քանի անգամ գնացի Իսպանիա՝ կատարելագործվելու:
–Ֆլամենկո անթերի կատարելու համար չպե՞տք է իսպանացի ծնված լինել:
-Տարիներ առաջ ես էլ շատ երկմիտ էի այդ առումով, բայց հասկացա, որ դա շատ կարեւոր չէ: Պայման է, որ սիրես ու շատ լավ իմանաս իսպանական մշակույթն ու լեզուն: Հարյուր տոկոս իսպանացու պես չես նվագի, բացյ կարող է հասնես մի վիճակի, որ ֆլամենկոյի մեծ կատարող Օսկար Գուսմանին առաջարկես իր հետ նվագել, ու նա համաձայնվի: Եթե քո զգացմունքը դնես նվագածիդ մեջ, այդ օտար մշակույթն արդեն կդառնա քոնը: Իմ կատարումների ձայնագրությունները ես միշտ ուղարկում եմ իսպանացի վարպետներին, նրանք ուղղություն են տալիս, որ, օրինակ, այստեղ պիտի նվագել ֆլամենկոյի ֆարուկա ոճով, ոչ թե, ենթադրենք, սոլարես կամ ֆանդանգո: Ինչքան սովորես՝ մեկ է, վերջ չկա: Մյուս կողմից, ես ուրիշների գրածները չեմ կատարում, միայն իմ ստեղծագործությունները, իսկ դրանց մեջ 80 տոկոսը ֆլամենկո կիթառ է, մնացած 20 տոկոսը տարբեր խառնուրդներ ունեն:
–Այո, օրինակ, համերգին ներկա մի ռուս ընկեր հայկական ոճ զգաց…
-Եթե առանձին լսես՝ հայկական կամ պարսկական ոճ չկա, բայց իրականում հայկականից հեռու չէ, քանի որ իմ զգացումներն են, երկրից դուրս ապրող հայի մշակույթը կարող է տարբեր լինի:
–Իսկապես, հատուկ հայկական մեղեդիներ չկան, բայց գործերը կոչվում են «Երեւան», «Սեբաստիա»…
-Հայկական մեղեդիները պիտի Հայաստանում ուսումնասիրել, ինչպես Իսպանիայում իսպանականն ենք ուսումնասիրում: Ես նախ իմ գործերը ստեղծում եմ, երաժիշտներիս նվագել եմ տալիս այս կամ այն մասը, հետո նոր վերնագիրն եմ դնում: Սեբաստիան իմ մեծ պապի՝ Արամ Հովհաննեսյանի ծննդավայրն էր: Մանկուց լսել եմ իր պատմությունը, թե ինչպես է ութ տարեկանում Ցեղասպանության ժամանակ կորցրել ընտանիքը, քրոջ հետ փախել են, բայց հետո քրոջն էլ է կորցրել… Գործը սկսում եմ շատ զգացմունքով, հետո հնչում է սրտի բաբախը՝ վախ է, զինվորներ են գալիս, պատերազմ է…
–Ստեղծագործություններիցդ մեկը, նվիրված կնոջդ, քո իսպաներեն բանաստեղծության հիման վրա էր գրված: Այդ լեզուն այդքան լա՞վ գիտես: Իսպաներեն բանաստեղծություննե՞ր ես գրում (այս հարցը տվեցի իսպաներեն):
-(Շարունակելով նույն լեզվով) Այո՛, իսպաներեն խոսում, գրում կարդում եմ, բայց կարիք ունեմ կատարելագործելու: (Շարունակելով հայերեն): «Արարատում» ֆլամենկո երգերից մեկը կատարեց մի հայ աղջիկ, բայց, ցավոք, Իրանում ֆլամենկո երգիչ եւ պարող չունենք, քանի որ նրանց հետ նվագելիս շատ բան ես սովորում:
–Եվ ի՞նչ նոր լավ գործեր ունես մոտ ապագայում:
-Գրում եմ նոր ստեղծագործություններ, ձայնագրելու եմ նոր ալբոմներ, շարունակելու եմ մասնավոր դասերս եւ ֆլամենկոյի կրթական դասընթացներս: Բայց ամենակարեւոր նորությունն այն է, որ մյուս տարվա սեպտեմբերից դիրիժորության դասընթացների պիտի մասնակցեմ Երեւանի կոնսերվատորիայում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ