Խրիմյան Հայրիկին պատկերող երկու կտավները

171

Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին պատկերող երկու շատ կարևոր կտավի մասին ենք պատմելու ընթերցողին. առաջին կտավը պատկանում է Վարդգես Սուրենյանցի վրձնին և ստեղծվել է 1906 թվականին:


            Կտավն ունի ստեղծման պատմություն. 1903 թ. հունիսի 12-ին  Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը  ցարից հրովարտակ է ստանում հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին: Թեև նամակը փակ ընկած է նրա ոտքերի առաջ, բայց կաթողիկոսը շատ լավ գիտի նրա բովանդակությունը: Նամակաբերը Երևանի նահանգապետ իշխան Նակաշիձեն էր, իսկ այդ օրենքի գլխավոր նախաձեռնողը Կովկասի փոխարքա Գոլիցինն էր:
             Ճիշտ է`1905 թ. օգոստոսի 1-ին  Նիկոլայ 2-րդը ստորագրեց Հայ առաքելական եկեղեցու գույքը վերադարձնելու մասին հրամանագիր և թույլատրեց վերաբացել հայկական ազգային դպրոցները Ռուսական կայսրության տարածքում, բայց դրան բազմաթիվ  դեպքեր նախորդեցին, որոնք վճռորոշ էին հայության համար. Խրիմյան Հայրիկը նզովում է ռուսական միապետությանը. «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը», ժողովրդական ցասումը  այնքան մեծ էր, որ  1905 թվականի մայիսին Բաքվի կենտրոնական հրապարակում 21-ամյա Դրաստամատ Կանայանը ռումբ է նետում իշխան Նակաշիձեի կառքի վրա, հենց վերջինս էր  Բաքվի հայկական ջարդերի հրահողն ու կազմակերպիչը:
            Թեև հայ եկեղեցուն պատկանող գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը ստորագրվեց, բայց Սանկտ Պետերբուրգ ու Մոսկվա տեղափոխված անգին գանձերով բեռնված տասնյակ արկղեր այդպես էլ Մայր Աթոռին չվերադարձվեցին, պարզապես անհետացան:
            Սուրենյանցը պատկերել է Խրիմյան Հայրիկին իր ծերունազարդ կեցվածքի մեջ, նա նամակը անգամ չի բացել, այն իր ոտքերի տակ է` արհամարհված, կաթողիկոսը բռունցք է արել, որով կոչ է անում հայ ժողովրդին միավորվել` ընդդեմ բռնատիրության:
            Երկրորդ կտավը պատկանում է Այվազովսկուն:


            1895 թվականին Այվազովսկու մոտ հյուրընկալվում է Խրիմյան կաթողիկոսը, երկար ժամանակ նրանց միջև նամակագրական կապ է եղել: Հանդիսավոր ճաշին Կաթողիկոսը նկարչին խոստանում է. «Ես Խրիմյան Հայրիկն եմ, մի ձեռքիս խաչ է, մյուսին` Աստվածաշունչ: Կաղոթեմ քո և իմ հայ ժողովրդի համար»:
             Հենց նույն տարում էլ` 1895 թվականին, Այվազովկսին ստեղծում է «Խրիմյան Կաթողիկոսը Էջմիածնի շրջակայքում» կտավը:
            Այվազովսկին  կաթողիկոսին պատկերել է  հանգիստության, խաղաղության մեջ` Արարատ լեռան ֆոնին: