Category: 01 Փետրվարի, 2019

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Փետրվարի 11-ինՙ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա

    Մհեր Ղազարյանի

    լուսանկարների ցուցահանդեսը:

    Ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի բնության գեղատեսիլ վայրերը:

    Մհեր Ղազարյանը 2006-2010 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան, իսկ 2010-2012 թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

  • ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅԱԳԵՏ ՌՈԲԵՐՏ ՀՅՈՒՍԵՆԸ

    ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅԱԳԵՏ ՌՈԲԵՐՏ ՀՅՈՒՍԵՆԸ

    Հ.Ծ.

    Նյու Յորքից, Հայկական ուսումնասիրությունների ընկերությունը (SAS) տեղեկացնում է, որ 84 տարեկանում վախճանվել է հայագետ պրոֆ. Ռոբերտ Հյուսենը:

    Ռոբերտ Հյուսենյանը ծնվել էր Նյու Յորքում 1934-ին: Ուսումը ստացել էր Մերիլենդի համալսարանի պատմության ֆակուլտետում, դոկտորական էր պաշտպանել 1967-ին Ջորջթաուն համալսարանում: Նույն տարում նա աշխատանքի էր անցել Նյու Ջերսիի Ռոուան համալսարանի պատմության ֆակուլտետում, որտեղ ավելի քան 30 տարի դասավանդել էր Բյուզանդիայի եւ Ռուսաստանի պատմություն առարկաները: Այնուհետեւ 1999-ից դասավանդել էր Չիկագոյի, Կալիֆոռնիայի, Ֆրեզնոյի եւ Լոս Անջելեսի համալսարաններում:

    Նա Հայկական ուսումնասիրությունների ընկերության նախագահն էր 1988-89 տարեշրջանում: Ծանոթ է հատկապես Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» իր թարգմանությամբ: Հեղինակ է նաեւ կոթողային «Հայաստան: Պատմական ատլաս» աշխատության, որը հրատարակել է Չիկագոյի համալսարանի հրատարակչատունը 2001 թվին: Նան նաեւ հիմնադիրն էր եւ նախագահը «Կովկասյան ուսումնասիրությունների ընկերության»:

    Վերոնշյալ ատլասի համար Մայքլ Սթունը գրել է, որ այն չունի իր հավասարը: «Դա իր տեսակի մեջ լավագույնն է»:

  • ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐԸ` 300 ՄԵՏՐ

    ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

    Հունվարի 29-ին լրացավ Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը: Թե ինչ զգալի ավանդ ունի Արամ Մանուկյանը մեր առաջին հանրապետության կերտման գործում` պատմաբանները վաղուց ամրագրել են ժամանակի հոլովույթում, եւ ամենեւին հարկ չկա դրա մասին այստեղ խոսելու: Հիմա, ասելիքս ավելի շատ ներկա ժամանակի մասին է. իսկ ներկան մենք ենք:

    Ա՛րդ, մինչ օրս ինչպե՞ս է հայությունը երախտապարտ եղել Արամին: Մի կողմ նետենք քաղաքական կողմնորոշումներն ու նախասիրությունները: Ներկաներս հարգե՞լ ենք Արամի հիշատակը, որպեսզի ապառնի ունենանք: Ո՞ւր են հարգանքի պտուղները կամ գոնե այդ տեսակի մեկ հատիկը: Հարգանքի ու հիշողության հրապարակից դուրս գտնվելով, Արամ Մանուկյանը միակը չէ, մեկն է հազարավորներից. մենք լա՞վ ենք ճանաչում, ասենք, Փանոս Թերլեմեզյանին, Արշակ Չոպանյանին, Քսան հնչակյաններին ու մյուսներին: Եթե չենք հիշում, չենք ճանաչում, չենք կրում մեր անցյալը, վստա՞հ ենք, որ ներկան մաքուր ու հիշատակի արժան ենք ապրում, այս ապրելակերպը մեզ թույլ տալո՞ւ է սերունդների համար ապագայի, գոնե, ուրվագիծ կազմել: Ցայսօր մենք անգործ ենք:

    Ի՞նչ խոսք, խորհրդային իշխանությունները յոթ տասնամյակ արգելել են նման հերոսներին հարգել, իսկ դրանից հետո՞, դրանից հետո ո՞վ է արգելել քայլել, մարդավարի քայլել:

    Հարգել ասելով էլ ես նկատի չունեմ այն երկու, չորս, վեց կամ որեւէ զույգ թվով վարդերն ու մեխակները, որոնք տարին մի քանի անգամ խցկվում են Արամի փլուզված, աղբանոցի վերածված ու անտեր մնացած տան վիրավոր ճակատին փակցված խղճուկ ցուցանակի արանքում, որն անցնողին հուշում է` թե այստեղ է ապրել Արամ Մանուկյանը: Ցուցանակը կարդալուց հետո տանջող միտք է առաջանում` մեռե՞լ են Արամի հետնորդները, որ տունն այս թշվառ վիճակին է հասել, թե՞ ուրացող են: Անշուշտ պնդում ենք, որ ուրացող չենք: Մեռնելու մասով էլ, իհարկե, ո՛չ, չեն մեռել, նրանք ապրում են, եւ վատ չեն ապրում, դե, գոյատեւում են, ավելին` նրանք են տարին մի քանի անգամ ծաղիկներ դնում ցուցանակի արանքում ու միստիկ հայացքով նայում դեպի վեր` իրենց չորս կամ վեց ծաղիկ նվիրաբերումից գոհացած Արամ Մանուկյանի շնորհակալ դեմքը որսալու: Բայց ծաղի՞կն է, որ պետք է լիարժեք դարձնի Արամի հիշատակի հավերժացումը:

    Մենք Արամի տան մոտակայքում արձան ունենք, որի վրա գրված է` Արամ Մանուկյան, բայց, գաղտնիք չէ, այն կապ չունի նրա կերպարի ու ապրած կյանքի հետ, ավելի` չարժեր որեւէ ազատագրական գործչի պատվին նման վատ արձան կանգնեցնել: Ամեն դեպքում արձանը շքեղ է, թանկարժեք, ուշադրության արժանի: Շքեղ արձանի ու թշվառ տան բաժանարարը երեք հարյուր մետր է: Ամոթ մեզ:

    Այսօր Արամի տունը փլուզման եզրին է: Մեղավորները շատ են, բայց ես ոչ մեկին չեմ մատնանշելու, բացի ինձանից, իհարկե, որովհետեւ, որպես հայ, ես էլ իմ մեղավորության բաժինն ունեմ: Թող ամեն մարդ պատասխան տա իր խղճին, եւ թող ամեն մեկը բավարար անմեղություն ունենա մեղքի ծանրությունը մերժելու համար…

    Աստված ողորմի քեզ, Արա՛մ Մանուկյան:

  • ԹՌԱՆՔ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Որ շատ խորանանքՙ փիղն էլ է թռչուն: Բավական է փակել աչքերը ու պատկերացնել, թե ինչպե՞ս է թռչում, իսկ եթե նման տեսիլքներ հաճախ ունենանք, ապա մեզ ոչ մեկը չի կարող ապացուցել, որ փիղը թռչուն չէ: Դե իսկ եթե փիղը թռչուն է, կոկորդիլոսը…Մի խոսքով: Եթե Արարատի մարզպետը կոկորդիլոսին թռչուն անվանելուց հետո Ֆեյսբուքի իր պատին Վիքիպեդիայից քաղվածք է դնում, որտեղ հայ կոկորդիլոսագետներին ցույց է տալիս, որ կոկորդիլոսը սերում է ինչ-որ թռչնախմբից եւ ուրեմնՙ մաքուր թռչուն է, ուրեմն մարդը համոզված է, որ աշխարհի ամենամեծ սողունն իրականում թռչուն է:

    Չվիճենք: Փոխարենն առաջարկում են մի առակ հիշելՙ կրկին կենդանիների թեմայով, բայց ինչպես բոլոր առակներըՙ մարդկանց մասին: Քանի որ պատկերացրեցինք, որ կոկորդիլոսը թռչուն է, ուրեմն պատկերացնեք, որ մի ծիտՙ բառիս ճնճղուկ իմաստով, ուրախ-զվարթ թռչում է կապույտ երկնքում, մեկ էլ հանկարծ ընկնում է գետնինՙ գյուղական մի դաշտավայրում: Պարզվում էՙ ճնճղուկը չափից դուրս վեր է բարձրացած լինում ու թեւերը վնասվում են եւ ընկնում է: Նա այլեւս չի կարողանում թռչել: Այդ տեղով մի կով է անցնում եւ, չնկատելով ճնճղուկին, կեղտոտում է նրա վրա: Ճնճղուկը մի քանի վայրկյանից ուշքի է գալիս եւ զգում է, թե որքան տաք է: Զգացած ջերմությունից ճնճղուկն սկսում է երգել: Հիշում եք, եթե կոկորդիլոսը թռչուն է, ուրեմն ճնճղուկը երգում է: Թռչունի երգը լսում է մոտակայքում ինքն իր համար քայլող մի կատու եւ հարձակվում է խեղճ ճնճղուկի վրա, հանում է նրան կովի կեղտից եւ ուտում:

    Ի՞նչ է ստացվում: Այն, որ ամեն մեկը, ով կեղտոտում է քեզ վրա, պարտադիր չի ուզում վնասել քեզ եւ քո թշնամին չէ: Բացի այդՙ ամեն մեկը, ով քեզ հանում է կեղտից, պարտադիր քո ընկերը չէ: Եւ ամենակարեւորըՙ երբ դու ամբողջովին կեղտի մեջ ես, ավելի լավ է ձայն չհանես:

    Բայց այս առակն ինձ ուրիշ բան էլ հիշեցրեց: Մի խոսք կաՙ քննադատությունն այն է, ինչը մենք ստանում ենք հանրահայտության դիմաց: Ես վստահ եմ, որ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ սա չգիտեն: Եւ ամեն անգամ, երբ հրոսակախումբ հիշեցնող եւ նախկին ռեժիմին սպասարկող մամուլը կեղտ է շպրտում նրանց վրա, սկսում են աղմկելՙ պնդելով, որ իրենք իրականում մնում են նույն սուրբը եւ մոռանալով, որ իրականում մարդու ամենամեծ սրբապղծությունը մարդկանց մեջ սրբեր փնտրելն ու մանավանդ գտնելն է:

    Տղերք, աղջիկներ, տիկնայք եւ պարոնայք, նորմալ է, որ սխալվում եք, հրաշալի է, որ ձեզ քննադատում են դրա համար, ընտիր է, որ այնքան երեւակայություն ունեք, որ վստահ եք, թե կոկորդիլոսը թռչուն է, բայց լավ չէ, որ չգիտեք, թե ինչ է քննադատությունը եւ ինչի համար եք դուք այն ստանում:

    Բայց ուշ չէ, սրանից հետո, երբ կեղտի մեջ եք հայտնվում, ուղղակի լռեք: Հա, մեկ էլ, երբ թռչում եք, մի մոռացեք, որ շատ բարձր չեք կարող: Ի դեպ, մարդն էլ է թռչում:

  • ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՉՈՐՐՈՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ

    ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՉՈՐՐՈՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ

    ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

    Վարշավայի հանդիպման ժամանակ կստեղծվի՞ հակաիրանական դաշինք

    Լիբանանում օրերս ավարտված Արաբական պետությունների լիգայի չորրորդ գագաթաժողովը նվիրված էր տնտեսական ու սոցիալական զարգացմանը եւ առանձնապես ուշադրության չէր արժանանա, եթե չլինեին որոշ հետաքրքրական մանրամասնություններ: Այսպես, տվյալ հանդիպումը կարող էր իսկական հեղաշրջում լինել արաբական աշխարհում, եթե դրան մասնակցեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նա հրավեր էր ստացել Լիբանանի նախագահ Միշել Աունից, բայց չէր օգտվել դրանից:

    Թե որքան խելամիտ էր Աունի որոշումը, դժվար է ասել: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, հրավերը կշռադատված եւ նպատակամետ բնույթ էր կրում: Հնարավոր կլիներ աշխուժացնել արաբական երկրների մի մասի գործունեությունը սիրիական ուղղությամբ, քննության առնել Արաբական պետությունների լիգային Սիրիայի մասնակցության հարցը եւ խորհել այն մասին, թե արաբական երկրները ինչպես կկարողանային օժանդակել Սիրիայի վերականգնմանը:

    Ինչպես այս կապակցությամբ ասել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը , Սիրիայի վերադարձը Լիգա դեպի արաբական աշխարհ նրա վերադարձի մի մասն է, եւ դա բխում է բոլոր արաբական երկրների շահերից: Առավել եւս, որ ֆրանսիական Le Figaro թերթի գնահատման համաձայն, 2011 թ. Արաբական պետությունների լիգայից վտարված Սիրիան սկսել է աստիճանաբար դուրս գալ արաբական աշխարհում իր օտարումից եւ մեկուսացումից:

    Այն ժամանակ արաբական մի շարք երկրներ իրենց դեսպաններին հետ էին կանչել: Հետագայում Լիգան չէր մասնակցում Սիրիային նվիրված բանակցություններին, թեեւ խոսքը արաբական աշխարհի կարեւոր երկրներից մեկի մասին է: Արաբ քաղաքական գործիչներից շատերը սխալ են համարում Լիգայի այդ քաղաքականությունը: Իսկ ի՞նչ է կատարվում այժմ: Արաբ դիվանագետներից մեկը պարզաբանում է, որ «ամեն ինչ կապված է գործնական մոտեցման հետ: Լիգայից Սիրիայի հեռացումը հանգեցրեց այն բանին, որ Սիրիային առնչվող բոլոր դիվանագիտական մեխանիզմներում բացակայում է արաբական բաղադրատարրը»: Սակայն այժմ անգլիական Financial Times թերթը արձանագրում է. «Սիրիայի հարեւան երկրները, որոնք այս կամ այն չափով աջակցում էին ընդդիմությանը, զգուշորեն սկսում են Դամասկոսի հետ վերականգնել դիվանագիտական շփումները, որոնք ընդհատված էին ընդհուպ 2018 թվականի վերջերը»:

    Իսկ Իրաքը, Լիբանանը եւ Ալժիրը առհասարակ չէին խզել կապերը Դամասկոսի հետ: Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման առաջամարտիկներ դարձան Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը, որոնք վերականգնեցին իրենց ներկայացուցչությունների աշխատանքը Դամասկոսում: Ինչ վերաբերում է ֆիզիկական շփումների վերահաստատմանը, այստեղ առաջնության դափնին պատկանում է Սուդանի նախագահ Օմար Բաշիրին, որը պաշտոնական այցով Դամասկոս այցելեց 2018-ի դեկտեմբերին: Հորդանանը բացել է Սիրիայի հետ սահմանային հսկիչ անցակետերը: Այնպես որ Լիբանանում անցկացված Լիգայի գագաթաժողովը կարող էր խթանել այդ գործընթացը: Հայտնի է, որ Արաբական երկրների լիգայի մասնակից 22 երկրները այլեւս չեն հակազդում Սիրիայի վերադարձին: Սակայն ի հայտ են եկել ընդհանուր առմամբ սպասելի ներածական գործոններ:

    ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է փետրվարի վերջերին Վարշավայում անցկացնել հանդիպում 70 երկրների, այդ թվում մերձավորարեւելյան որոշ պետությունների (օրինակՙ Իսրայելի) ղեկավարների մասնակցությամբ, որպեսզի ձեւավորեն հակաիրանական դաշինք: Վաշինգտոնի երկյուղները կապված են այն բանի հետ, որ Արաբական պետությունների լիգա վերադառնալովՙ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը է՛լ ավելի անհարմար գործընկեր կդառնա Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված բանակցություններում: Այնպես որ ամերիկացիները գոհ են, որ Սիրիան չմասնակցեց Լիբանանի գագաթաժողովին:

    Պատահական չէ, որ Վաշինգտոնն անչափ ուժգին ճնշում էր գործադրում Արաբական պետությունների լիգայի եւ մի շարք այլ երկրների վրաՙ պահանջելով հանդիպման չհրավիրել Սիրիային: Սա առաջին: Երկրորդ, Վաշինգտոնը վախենում է, որ արաբական աշխարհի երկրների միջեւ տեղի կունենա մերձեցում տարածաշրջանային մի շարք հարցերի առնչությամբ: Ըստ ամերիկացիների, եթե արաբական երկրները հասունացել են իրար հետ իրոք հաշտվելու համար, ապա նրանք պետք է դա անեն բացառապես հակաիրանական, այլ ոչ թե սիրիական հողի վրա:

    ԱՄՆ-ը հասավ որոշակի արդյունքի: Քաթարի, Քուվեյթի եւ Եգիպտոսի ղեկավարները հրաժարվեցին մեկնել Բեյրութ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները առայժմ մտադիր չեն դեսպանատուն բացել Դամասկոսում: Լիգայի մյուս երկրների ղեկավարներից Լիբանան ժամանեցին միայն Քաթարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին եւ Մավրիտանիայի նախագահ Մուհամմեդ Աբդել Ազիզը: Մնացած տասնյոթ պատվիրակությունները գլխավորում էին կառավարությունների ղեկավարներ եւ նախարարներ: Լիբիայի պատվիրակությունը գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվեց այն բանից հետո, երբ Լիբանանի շիաները սպառնացին բողոքի ելույթներ կազմակերպել պատվիրակության ժամանման դեպքում: Այս ամենի արդյուքում Սիրիայի թեման մղվեց երկրորդ կամ երրորդ պլան, իսկ Արաբական պետությունների լիգայի ամփոփիչ հայտարարությունը գերհագեցած էր ընդհանուր արտահայտություններով նույնիսկ այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր Լիգայի Մաքսային միության եւ Ազատ առեւտրի արաբական գոտու ստեղծմանը: Բարդ է մնում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման խնդիրը:

    «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Արաբական պետությունների լիգայի տնտեսական ու սոցիալական զարգացմանը նվիրված հաջորդՙ հինգերորդ գագաթաժողովը տեղի կունենա Մավրիտանիայում 4 տարի հետո: Հիմա մնում է միայն սպասել Վարշավայի գագաթաժողովի աշխատանքի արդյունքներին: Շատ փորձագետների գնահատումների համաձայն, այդ համաժողովը հրավիրվում է ռազմական կամ քաղաքական որեւէ ձեռնարկման նախօրեին կամ հակաիրանական շարժման պահպանման նպատակով: Սակայն Վաշինգտոնին դժվար թե հաջողվի արաբների հակաիրանական լուրջ կոալիցիա ստեղծել այն պայմաններում, երբ արաբները չեն կարողանում միմյանց հետ փոխհամաձայնության հասնել:

  • ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

    ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

    ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

    Էրդողանը Մադուրոյի աջակից

    Վենեսուելայի տնտեսությունը հիմնված է նավթարդյունահանման վրա, որից ստացվում է երկրի արտահանական եկամուտների 95 տոկոսը: Ըստ BP վերազգային ընկերության 2014 թ. տվյալների, երկրի նավթի հետախուզված պաշարները գնահատվում են 46,6 մլրդ տոննա, որը կազմում է նավթի համաշխարհային պաշարների 17,5 %-ը:

    Այն բանից հետո, երբ հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակեց պետության ղեկավար եւ խոստացավ պայքարել նախագահ Նիկոլաս Մադուրոյի բռնատիրության դեմ եւ անցկացնել ազատ ընտրություններ, նրա իշխանությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան եւ լատինամերիկյան պետություներըՙ Բրազիլիայի եւ Արգենտինայի գլխավորությամբ: Նախագահ Դոնալդ Թրամփը Խուան Գուայդոյին նախագահ ճանաչեց Կարակասի հանրահավաքում ընդդիմության դիմումի հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց:

    Երբ վերոհիշյալ երկրները ճանաչեցին Վենեսուելայի ինքնակոչ նախագահին, ակնհայտ դարձավ, որ այդ երկրում սուր ճգնաժամը տեղայնացված չէ, ինչպես դա լինում էր անցյալում Հարավային Ամերիկայում: Ճգնաժամը դուրս է եկել միջազգային մակարդակՙ դառնալով աշխարհաքաղաքական խաղի բաղկացուցիչ մաս: Ըստ որում, եթե անցյալում ԱՄՆ-ը (ասենք Մերձավոր Արեւելքում, իրականացնելով այսպես կոչված արաբական գարնան սցենարը), գործում էր հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, ապա այժմ սուր ճգնաժամի է բախվում իր հետնաբակում:

    Այս կապակցությամբ որոշ փորձագետներ խոսում են նույնիսկ քաղաքակրթային պառակտման մասինՙ նկատի ունենալով, որ մի կողմում հայտնվել են ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրոմիության երկրները, Հարավային ամերիկայի շատ երկրներ, ինչպես նաեւ Վրաստանը, մյուս կողմումՙ Ռուսաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Իրանը:

    Վենեսուելայում միլիարդավոր դոլարներ ներդրած եւ դրանց կորստից վախեցող Մոսկվան այդ երկրի տնտեսական ճգնաժամը կանգնեցնելու նպատակով 2018 թ. նոյեմբերին այնտեղ գործուղեց մի խումբ փորձագետների, գրում է Փարիզի Le Monde թերթը: Նիկոլաս Մադուրոն եւ նրան նախորդած Ուգո Չավեսը երկար ժամանակ կանոնավորապես հյուրընկալվել են Կրեմլում: Իր կառավարման հինգուկես տարում Մադուրոն առնվազն չորս անգամ այցելել է Մոսկվա: Վերջին այցելությունը 2018-ի դեկտեմբերին էրՙ իր երկրորդ պաշտոնակալությունից մեկ ամիս առաջ: Ս.թ. հունվարի 24-ից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց Մադուրոյին եւ իր աջակցությունը հայտնեցՙ նշելով, որ քաղաքական ճգնաժամի սրումը հրահրել են արտաքին ուժերը:

    Վենեսուելայում իշխանափոխությունը կարող է աղետ դառնալ Ռուսաստանի համար: 2000-ականների սկզբից Մոսկվան եւ ռուսական խոշոր ընկերությունները վարկերի տեսքով Վենեսուելայում ծախսել են 15 մլրդ եվրո: 2018 թ. դեկտեմբերին Մադուրոն հայտարարեց, որ Ռուսաստանը ավելի քան 5 մլրդ դոլար է ներդնում Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ եւ ավելի քան 1 մլրդՙ արդյունահանման ոլորտում, ինչպես նաեւ կմատակարարի 600 հազար տոննա հացահատիկ, ասվում է Le Monde-ի հրապարակման մեջ:

    Ռուսաստանցի լրագրող Միխայիլ Զիգարը իր «Կրեմլի մարդիկ» գրքում հիշատակում է մի հետաքրքրական փաստ: Վենեսուելայում խոշոր ներդրումներ կատարած Роснефть-ի ղեկավար Իգոր Սեչինը Ուգո Չավեսին հորդորել էր ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը 2008 թ ռուս-վրացական պատերազմից հետո: Դրա դիմաց Վենեսուելային մեկ մլրդ դոլարանոց վարկ էր հատկացվել ռուսական զենքի գնումների համար:

    Նիկոլաս Մադուրոյին դժվար կլինի պահպանել ստատուս քվոն, եթե տարածաշրջանային ուժերը եւ ԱՄՆ-ը սկսեն ակտիվորեն կապեր զարգացնել Խուան Գույդոյի հետ, կարծում է AKE International միջազգային վերլուծական կենտրոնի փորձագետ Լյուսիա Կամանյոն :

    Եթե Վենեսուելայի ճգնաժամը առայժմ միայն տեսականորեն կարող է թեժ կետ դառնալ Հարավային Ամերիկայում, ապա Մերձավոր Արեւելքում վաղուց նման կետ է Սիրիան: Եվ Վենեսուելայի դեպքերը արտաքուստ զարգանում են սիրիական սցենարով, թեպետեւՙ որոշ տարբերություններով: Այդ մասին ասում է Սիրիայում Վենեսուելայի դեսպան Խոսե Գրեգորիո Մուցատիսը ՙ համեմատելով երկու երկրների իրադարձությունները եւ վկայակոչելով «համանման սկզբնավորումը»ՙ օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հրահրված դժգոհության ալիքը, իրեն ժամանակավոր նախագահ հռչակած, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն եւ Վաշինգտոնի կողմից նրա շուտափույթ ճանաչումը, «նոր վարչակարգի» ճանաչման նպատակով Վաշինգտոնի գործադրած ճնշումը:

    Երկու ճգնաժամերը նման են նաեւ նրանով, որ սկսվեցին տնտեսական ու քաղաքական բարեփոխումների պահանջով ծայր առած ժողովրդական հուզումներով, իսկ հետո վերաճեցին միջազգային ճգնաժամիՙ ներքին խնդիրների միահյուսմամբ: Առայժմ հայտնի չէՙ ամերիկացիները ուղղակիորեն կմիջամտե՞ն արդյոք հարավամերիկյան երկրի գործերին, կփորձե՞ն արդյոք կոալիցիա կազմել հարեւան երկրներից: Կասկածից վեր է, որ ամերիկացիները հսկայական ջանքեր են գործադրում Վենեսուելայի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար: Իհարկե, շատ բան կախված կլինի փոխզիջումային լուծումներ փնտրելու եւ գտնելու Մադուրոյի կարողությունից: Նրա ջանքերին պետք է օժանդակեն պայմանական «եվրասիական կոալիցիայի» երկրներըՙ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ Իրանը, կարծում է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

    Այս ուղղությամբ կոալիցիան կարող է դիվանագիտական եւ քաղաքական երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների եւ նրա գործընկերների հետՙ նկատի ունենալով սեփական շահերը Լատինական Ամերիկայում: Բացառված չէ, որ իրադարձությունների նման ընթացքը հիվանդագին կերպով ընկալվի Վաշինգտոնում:

    Երկրորդ սցենարն այն է, որ Սիրիայի նմանությամբ, Վենեսուելայի ճգնաժամը կարող է տեւել տարիներՙ առաջացնելով գաղթականների զանգվածային ալիք դեպի հարեւան երկրներ եւ ԱՄՆՙ Վենեսուելան բաժանելով տարբեր խմբերի ազդեցության գոտիների եւ հաստատելով փաստական երկիշխանություն, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում եւ մասամբՙ Սիրիայում:

    Եվ վերջապես, երրորդ սցենարն այն է, որ կշարունակվի տնտեսական ուժգին ճնշումը Կարակասի վրա, որպեսզի Մադուրոն հեռացվի ասպարեզից եւ հաստատվի ամերիկամետ վարչակարգ, թեեւ դեպքերի նման ընթացքը եւս չի բացառում քաղաքացիական պատերազմը, որը կորոշի ուժերի նոր դասավորությունը Հարավային Ամերիկայում: Սիրիայի փորձը դա արդեն ցույց է տվել:

    Տարասովի կարծիքով, այժմ խնդիրը նույնիսկ այն չէ, թե Կարակասը պե՞տք է արդյոք աշխարհաքաղաքական դաշնակից համարվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Թուրքիայի համար: Կարեւորն այն է, որ ԱՄՆ-ը իր սահմանների մոտակայքում ստանում է անսովոր հարավային ճակատ սիրիականի նմանությամբ, սակայնՙ հարեւան երկրների անուղղակի եւ սահմանափակ մասնակցությամբ, որոնք գրագետ կերպով օգտագործում են միջազգային իրավունքը: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, Գազիանթեփում (Այնթափ) ելույթ ունենալիս, հարց տվեց. «Իսկ ի՞նչ են անում Սիրիայում 12 հազար կիլոմետր հեռվից եկածները: Նրանց չի մտահոգում սիրիացի ժողովրդի ազատությունը: Ընդհակառակը, նրանք ուզում են լոկ բարդացնել խնդիրը»: Դեռ պարզ չէ, թե Մոսկվային, Պեկինին, Թեհրանին եւ Անկարային կհաջողվի՞ արդյոք ի չիք դարձնել Գուայդոյի ապստամբությունը եւ Վենեսուելային օգնել դուրս գալու տնտեսական սուր ճգնաժամից:

    Թուրքիայի նախագահ Էրդողանը կարեւոր աշխարհաքաղաքական քայլ է կատարել: Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա մասնավորապես ասել է. «Եղբայր իմ, Մադուրո, դիմացի՛ր, մենք քեզ հետ ենք»: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը ընդգծել է, որ Անկարան կպահպանի հեղաշրջումների միջոցով իշխանությանը տիրելու ամեն տեսակ փորձերի մերժման իր դիրքորոշումը:

    Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին եւ լատինամերիկյան մի շարք երկրների մեղադրել է Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու մեջ: Նա նշել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել քաոսի, եւ որ երկրները չպետք է ենթարկվեն մեկուսացման: Ինքըՙ Էրդողանը, ով 2016-ի հուլիսին փրկվեց պետական հեղաշրջման փորձից, եւ հրաշալի գիտե, թե ով եւ որտեղ է գրել սցենարը, ըմբռնումով է վերաբերվում Վենեսուելայի իրավիճակին, որտեղ ընդդիմությունը փորձում է տապալել Մադուրոյին: Նախագահ Էրդողանն ինքը զգում է Վաշինգտոնի քաղաքական ու տնտեսական ճնշումը: Բայց բանը միայն դա չէ:

    Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Թուրքիան բացահայտ մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում, որն ավանդաբար համարվում է ամերիկյան շահերի գոտի: Անկարան ցույց է տալիս, որ ինքն ընդլայնում է արտաքին քաղաքական հետաքրքրությունների ոլորտը, մասնավորապեսՙ Վենեսուելայում, որի հետ քաղաքական ու տնտեսական լայն երկխոսություն է սկսել: Ինչպես նշում է թուրքական Sabah թերթը, G20-ի արգենտինյան գագաթաժողովից հետո Էրդողանն այցելել է Կարակաս, որտեղ ստորագրել է 5 մլրդ դոլարի հասնող պայմանագրեր: Ի դեպ, Չինաստանի կապիտալ ներդրումները Վենեսուելայում գնահատվում են 60 մլրդ դոլար, Ռուսաստանինըՙ 16-17 մլրդ դոլար:

    Թուրք փորձագետներից շատերը Վենեսուելայում իրենց երկրի ներդրումների փաստը գնահատում են որպես Թուրքիայի հայտՙ դառնալու ոչ թե լոկ տարածաշրջանային, այլ առհասարակ մեծ տերություն: Խոսքը Հարավային Ամերիկայում Անկարայի ազդեցության աճի մասին է: Ահա թե ինչու Վենեսուելայի դեպքերին Էրդողանի արձագանքը միանգամայն բացատրելի է: Նա հասկացնում է, որ Թուրքիայի նկատմամբ նույնպես գոյություն ունի միջազգային դավադրություն, որի նպատակը երկրի քաղաքական ու տնտեսական ձեռքբերումների ոչնչացումն է: Պատահական չէ, որ ամերիկացի փորձագետներից շատերը համեմատում են Էրդողանի եւ Մադուրոյի ռազմավարություններըՙ պնդելով, որ նրանք ամբոխավարական ձեւով օգտագործում են ժողովուրդների հակաամերիկյան տրամադրությունները: Միայն թե, ի տարբերություն Մադուրոյի, Էրդողանն առավել ակտիվորեն է հանդես գալիս Վաշինգտոնի դեմ:

    Հիշեցնենք, որ վերջերս Դոնալդ Թրամփը սպառնացել էր տնտեսապես սնանկացնել Թուրքիան, եւ դրան պետք է հաջորդեին քաղաքական ցնցումներ: Ընդհանուր առմամբ այսպես է բնորոշվում աշխարհաքաղաքական համատեքստը, որը բնութագրում է Անկարայում Կարակասի իրադարձությունների ընկալումը: ինչպես նշում է վենեսուելական TalCual հրատարակությունը, Մադուրոյի եւ Էրդողանի միջեւ հաստատվել են վստահական հարաբերություններ, Կարակասը Թուրքիան դասում է վերածնվող համաշխարհային տերությունների շարքին: Էրդողանը հասկանում է, որ ամերիկացիները բոլոր հնարավորությունները չունեն Կարակասի վարչակարգը փոխելու համար, ամերիկացիներին ինչ-որ բան պակասում է: Այս կապակցությամբ Sabah թերթը չի բացառում, որ Վենեսուելայում իրադարձությունները կարող են զարգանալ սիրիական սցենարով: Հնարավոր է, որ Վենեսուելայում Թուրքիան եւ որոշ այլ երկրներ (ներառյալ Ռուսաստանը) իբրեւ միջնորդ հանդես գան իշխանությունների եւ ընդդիմության փոխհարաբերություններում:

    Մինչդեռ ԱՄՆ-ը սպառնում է նույնիսկ ռազմական միջամտությամբ: Ինչպես ժամանակին Սիրիայում Բաշար Ասադի դեպքում, այստեղ էլ նա պահանջում է Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը, ինչը տեղական ընդդիմությանն օբյեկտիվորեն դրդում է կառավարության նկատմամբ ուժային դիմակայության: Բայց ներկա պահին առավել իրատեսական է թվում Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պատժամիջոցների խստացումը: Վենեսուելայի հակամարտությունը, ինչպես Սիրիայինը, վճռական են Հարավային Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում միջազգային կարգի պահպանման տեսակետից: Չնայած տարբերություններին, երկու ճգնաժամերն ունեն ընդհանուր բովանդակություն:

    Ի դեպ, հունվարի 25-ի Նիկոլաս Մադուրոն հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը չի նշանակում կապերի խզում ամերիկացիներ հետ: «Ես հարաբերությունները խզեցի ԱՄՆ կառավարության, այլ ոչ թե ժողովրդի հետ: ԱՄՆ-ը ավելին է, քան Թրամփի կառավարությունը: Մենք կշարունակենք վաճառել նավթ, որն այնտեղ խնդրում են մեզանից», հայտարարեց Մադուրոն Վենեսուելայի ռադիոյի ուղիղ եթերում: Ավելի վաղ նա քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ խզել էր ի պատասխան երկրի ընդդիմությանն ամերիկացիների աջակցության: Ուրբաթ օրը ԱՄՆ-ը սկսեց իր դիվանագետներին դուրս բերել Վենեսուելայից:

    Իսպանական El Pais թերթը հաղորդում է, որ ԵՄ չորս խոշոր երկրներՙ Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հունվարի 26-ին պատրաստակամություն են հայտնել Խուան Գուայդոյին ճանաչելու որպես Վենեսուելայի նախագահ: Երկրները Նիկոլաս Մադուրոյին առաջարկել են ութ օրվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ, այլապես իրենք կճանաչեն Գուայդոյին: Ինչ վերաբերում է Նիկոլաս Մադուրոյին, նա հունվարի 27-ին հանդես եկավ հայտարարությամբՙ ասելով, որ ինքը անվերապահորեն մերժում է իրեն ներկայացված վերջնագիրը:

    Հունվարի 29-ին ԱՄՆ գանձապետարանը հաղորդեց, որ նոր պատժամիջոցներ են սահմանվում Վենեսուելայի Petroleos de Venezuela պետական նավթային ընկերության նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ ամերիկացիները կարող են այսուհետեւ էլ գործարքներ կնքել այդ ընկերության հետ, բայց դրանցից ստացվող փողերը կփոխանցվեն հատուկ հաշիվների, որոնք անհասանելի են պաշտոնական Կարակասի համար:

  • ՏԻԿԻ՛Ն ԱՆՆԱ … ՔԱՅԼ ԱՐԱ ԵՒ ԸՆԴՈՒՆԷ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԸ

    ՏԻԿԻ՛Ն ԱՆՆԱ … ՔԱՅԼ ԱՐԱ ԵՒ ԸՆԴՈՒՆԷ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԸ

    ՄԱԹԻԿ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ, Ժնեւ

    Ժընեւահայ գաղութը դեկտեմբերի կէսերուն մէկ շաբաթ տեւողութեամբ պատիւը ունեցաւ «աշխատանքային այցով» հիւրընկալելու Հայաստանի Հանրապետութեան վարչապետի տիկինը` Աննա Յակոբեանը:

    Ժողովրդային առաջին եւ վերջին հանդիպումը կայացաւ ժամանման օրը, 12 դեկտեմբերի երեկոյեան, Հայ կեդրոնի սրահին մէջ, շուրջ երկու հարիւր հոգիի ներկայութեամբ:

    Տիկին Աննան իր խօսքին մէջ կեդրոնացաւ «Իմ քայլը» բարեսիրական ծրագրին վրայ, ընկերակից գործավարին օժանդակութեամբ, եւ իր ակնկալութիւնները յայտնեց այս գործին հանգանակութեան մասին` բացատրելով նաեւ նպատակները:

    Ելոյթի աւարտին Ժընեւէն եւ հեռաւոր քաղաքներէն ժամանած այլազան բնագաւառներու մասնագիտութեամբ պարապողներ իրենց առաջարկներն ու ծրագիրները ներկայացուցին նոր Հայաստանի վերականգնումին համար:

    Իմ կարգիս մտահոգութիւն յայտնեցի Սուրիոյ տագնապի սկզբնաւորութեան ընթացք առած արտագաղթի մասին` յուսալով, որ նոր վարչակարգը աւելի կարեւորութեամբ կը հետեւի հալէպահայերու ներգաղթին, յատկապէս` ճարտարարուեստի մարզի վարպետներուն դիւրութիւններ տալով, հիմնուելով վարչապետի յայտարարութեանՙ «տնտեսական յեղափոխութեան» կարեւորութեան վրայ:

    Մեկնումի պահուն «սելֆի» նկարուելու հերթի կանգնածներու շարքին, որ կը դասաւորուէր երկու թիկնապահներու կողմէ, կարողացայ մօտենալ տիկին Աննային` ներկայացնելով ժընեւահայ գաղութի երկամսեայ պարբերաթերթի` «ԱՐՁԱԳԱՆԳ»-ի վերջին թիւը, ուր գրախօսած էի վարչապետ Նիկոլ Փաշինեանի` «Երկրի հակառակ կողմը» հատորը, խնդրելով ամուսնոյն հասցնել զայն եւ արտատպել «Հայկական ժամանակ»-ին մէջ, որուն խմբագրապետն է տիկին Աննան:

    Սիրով կը յանձնեմ, «բայց… ՄԵՆՔ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ ՉԵՆՔ ՏՊԵՐ», եղաւ տիկին Աննային կտրուկ պատասխանը:

    Լախտի հարուածի նման ստացած պատասխանս Զաքարիա մարգարէի պապանցումին մատնեց լեզուս:

    «Մենք արեւմտահայերէն չենք տպեր». այս կարճ նախադասութեան ականջալուր եղայ` շօշափելով անհանդուրժելի մտայնութիւն մը, որ ցնցեց թաւշեայ յեղափոխութեամբ ապրող էութիւնս:

    Հիմա պիտի ըսեմ` ՔԱՅԼ ԱՐԱ… ԵՒ ԸՆԴՈՒՆԷ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԸ:

    Թաւշեայ յեղափոխութեան վարդագոյն շողերը աշխարհասփիւռ մեն մի հայատրոփ սիրտ խռովեց: Հայրենիքի գաղափարը իր դաստիարակութեան առանցքը ընդունող արեւմտահայը նոյնքան իր գուրգուրանքն ու սէրը կը տածէ հարիւրամեայ անկախ հայրենիքին հանդէպ, երբ տակաւին չէ սպիացած մեծ վէրքը` իր կորսնցուցած պատմական հայրենքի տարածքները, Արեւմտահայաստանը:

    Արեւմտահայերէնը մեզի հետ բերուած է որպէս անկորնչելի գանձ, որ ոչ մէկ հարստութեան հետ կարելի է փոխարինել:

    Հայոց պատմութեան մեծագոյն դէմքին` Մեսրոպ Մաշտոցի ստեղծագործած սրբազան տառերը ոսկեդարեան գրաբառով, ապա շուրջ մէկուկէս դար առաջ Աբովեանով սկսած արեւելահայերէնին զուգահեռ, պոլսահայ գրողներու ճիգերով ծնունդ առաւ արեւմտահայերէնը, որոնք միասնաբար ծաղկած են` հասնելով այսօրուան բիւրեղ հայերէններուն. անոնք կը նմանին որեւէ ծնողքի երկուորեակ զաւակներուն:

    Թուրքի եաթաղանին նման` խորհրդային «բարիքներ»-ու շարքին մեր լեզուն ալ ստացած է աբեղեանական ուղղագրութեան հարուածը` իրարմէ հեռացնելով մեր զոյգ մշակոյթները: Մեսրոպեան դասական ուղղագրութեան վերադառնալու կոչերը … «Ձայն բարբառոյ յանապատի» են երեսուն տարիէ ի վեր:

    Արամ Ա. կաթողիկոսին հովանաւորութեամբ, Կիլիկիոյ կաթողիկոսութեան զանազան մարմիններու շարքին կը գործէ «Արեւմտահայերէնի պաշտպանութեան յանձնաժողով» մը` բաղկացած շուրջ քսան սփիւռքահայ մտաւորականներէ: Անոնցմէ մէկը` հալէպահայ հրապարակագիր Լեւոն Շառոյեան, վերջերս Պէյրութի «Ազդակ» օրաթերթի մամուլի լսարաններու շարքին հանդէս եկաւ «Արեւմտահայերէնը եւ արեւմտահայերէնի պահակները» նիւթով, ուր ներկայացուց երկու պահակախումբեր` դպրոցներ եւ մամուլ, որոնք սփիւռքի տարածքին կը պահպանեն մայրենին` առանց խտրութիւն դնելու Մաշտոցի երկուորեակներու միջեւ: Սփիւռքահայ մամուլին մէջ կողք-կողքի կը կարդանք հայերէնի երկու ճիւղերով յօդուածներ, մեր աշակերտներու շուրթերէն կը լսենք Պարոյր Սեւակի ու Վահան Թէքէեանի ոտանաւորները, մեր դասագիրքերուն մէջ տեղ գտած են Րաֆֆին ու Շիրվանզադէն, Դաշտենցն ու Շիրազը` իրենց արեւմտահայ գրչեղբայրներ Մուշեղ Իշխանի ու Արփիարեանի, Արամ Հայկազի ու Երուանդ Օտեանի հետ: Եւ վերջապէս, մարդասէր գրագիտուհի Զապէլ Եսայեանը արեւմտահայ էր, ներգաղթեց հայրենիք… ուր ան նահատակուեցաւ:

    Հայաստանի Առաջին տիկնոջ հոգեբանութիւնը շօշափելով, որ նաեւ լրագրող է, մտահոգուած եմ արեւմտահայ գրականութեան ճակատագրով հայրենի հողին վրայ, անոր գագաթներէն` Յակոբ Պարոնեանի անուան խորհրդային օրերէն հիմնուած թատրոնը Երեւանի մէջ կրնա՞յ անուանափոխուիլ, ուր արեւմտահայ թատերագիրներու ստեղծագործութիւնները կը ներկայացուին արեւմտահայերէնով:

    Սփիւռքահայ երիտասարդներ, երբ նահատակուեցան Արցախի անկախութեան ի խնդիր, գիտէին, որ հոն ապրող ժողովուրդը արեւելահայերէն կը խօսի եւ իրենք` արեւմտահայերէն:

    Եւ վերջապէս` հաստատում մը, որ իւրաքանչիւր գիտակից հայ պարտաւոր է իմանալ: Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 20-րդ յօդուածը կ՛ըսէ. «Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է»: Հոն չկայ խտրութիւն արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի:

    Վերադառնալով տիկին Աննայի այցելութեան, ան պատշաճօրէն, ճանապարհորդութեան աւարտին, յստակ թիւերով ներկայացուց իր կատարած հանգանակութեան եւ ծախսերուն գումարները: Շնորհակալութի՛ւն: Լաւ կ՛ըլլար իմանալ նաեւ, թէ որքանո՛վ արեւմտահայ բարերարներ նպաստած են այս առիթով:

    Ազնուփայլ հիւրը իր պետական հանդիպումներու շարքին այցելեց Ս. Յակոբ եկեղեցի, ներկայ գտնուեցաւ Թօփալեան միօրեայ վարժարանի Կաղանդի հանդիսութեան, հովանաւորեց երկրաշարժի երեսնամեակին նուիրուած երաժշտական երեկոն: Ան մասնակցեցաւ նաեւ զուիցերահայ վերնախաւի հաւաքներուն, երեւոյթ մը, որ յիշեցուց լուծարքի ճակատագրին արժանացած Սփիւռքի նախարարութեան պաշտօնին տասնամեակ մը միահեծան նստած նախարարուհին:

    Զուիցերիահայ գաղութին մէջ օրէ օր աճող եւ արդէն իսկ գաղութին մեծամասնութիւնը կազմող Հայաստանէն արտագաղթողները, որոնցմէ ոմանք տակաւին կ՛ապրին հանրակացարաններու մէջ, արժանի չեղան հաւաքական հանդիպումին: Նկատի ունենալով, որ թաւշեայ յեղափոխութեան գլխաւոր լոզունգի` «Մեծ հայրենադարձութեան» առաջին քայլը կը սկսի հեռաւոր այս կայքերէն:

    Այսօր, երբ սեւի եւ ճերմակի հոգեբանութիւնը կը տիրապետէ հայրենի քաղաքական կեանքի բեմահարթակին վրայ, խոհեմութիւն է ըլլալ զգօն եւ համբերատար` լաւատես ակնկալութեամբ` դիտելով նոյնիսկ յոռի երեւոյթները: Սակայն մայրենիի հանդէպ որեւէ արհամարհում մեզ կը դասէ Մաշտոցի թիկնազօրի շարքին:

    Վերոյիշեալ նիւթը թուղթին յանձնելէ առաջ պատմեցի բարեկամի մը, պատասխանը եղաւ… «Նիկոլի երեւակայական ճանապարհորդութիւնը սկսած է դառնալ ընտանեկան ծրագիր»:

    Հայ ժողովուրդը 2019 տարին կը դիմաւորէ թաւշեայ ուրախութեամբ, լաւատես ոգիով: Տասը միլիոն հաշուող Հայկ նահապետի շառաւիղները, ի Հայաստան, յԱրցախ եւ սփիւռս, պահանջը կը զգան եւ իրաւունք ունին արդար ու անկողմնակալ վերաբերմունքի` հայրենի նորընտիր ղեկավարութեան կողմէ:

    Ժընեւ, 1 յունուար 2019

  • ԲՈԼՈՐԻՆ ՑԱԽԱՎԵԼՈՎ ՔՇԵ՛Լ …

    ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

    Պաղեստինյան շարժման առաջնորդ Յասեր Արաֆաթի կինը ֆրանսուհի էր, իրենից մոտ 30 տարով փոքր մի լրագրողուհի:

    Նա Արաֆաթից հարցազրույց էր խնդրել, եւ հենց այդ հարցազրույցի ժամանակ էլ նրանից ամուսնության առաջարկ էր ստացել ու… ընդունել էր այդ առաջարկը: Երբ պիտի ծննդաբերեր, ամուսնու համաձայնությամբ Փարիզ էր թռելՙ այնտեղ իր հարազատների հոգածության ներքո եւ ֆրանսիացի բժիշկների հսկողության տակ զավակին աշխարհ բերելու: Նրա երբեմնի գործընկեր-լրագրողները հարցրել էինՙ մի՞թե Պաղեստինի ինքնավարությունում որեւէ հմուտ բժիշկ-գինեկոլոգ չկար, որի հսկողությամբ ծննդաբերեիր: Տիկնոջ պատասխանը, որը հրապարակեցին աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում «Ազգ» թերթը, բառացի հիշում եմ.

    – Ամուսինս ֆանատիկոս է,- ասել էր տիկին Արաֆաթը,- նա ինձ համար կենցաղային ոչ մի պայման չի ստեղծում… Գտնում է, թե ինքը, որպես ժողովրդի առաջնորդ, բարոյական իրավունք չունի ավելի լավ ապրելու, քանի դեռ ամենավերջին պաղեստինցու կյանքը չի բարելավել…

    Որքանո՞վ էր տիկին Արաֆաթի այս հայտարարությունը համապատասխանում իրականությանըՙ թողնենք ապագա պատմաբաններին: Արաֆաթը թե՛ կյանքի ընթացքում, թե՛ դրանից հետո հակասական մեկնաբանությունների արժանացած գործիչ էր, մանավանդ մահից հետո շատ առասպելներ էին պտտվում նրա մասին: Մասնավորապես, նշում էին, թե աշխարհի բազմաթիվ բանկերի նրա հաշվեհամարներում տասնյակ-միլիարդարվոր դոլարներ կային: Մինչդեռ կենսագիրներից ոմանք ընդգծում են, թե այդ գումարները պարզապես Արաֆաթի անունով էին հավաքվում, որպեսզի օգտագործվեն Պաղեստինի օգտին: Որովհետեւ բոլոր նրանք, ովքեր աշխարհով մեկ խոշոր գումարներ էին զոհաբերում պաղեստինյան ինթիֆադային (ընդվզում), անվերապահորեն հավատում էին Արաֆաթի ազնվությանը, վստահում էին նրա անշահախնդրությանը: Գիտեին, որ Արաֆաթը ստացած գումարների մինչեւ վերջին ցենտը կտրամադրի իր ղեկավարած շարժման շահերին, Պաղեստին պետության ստեղծման նպատակներին:

    Այս պատմությունը ակամայից կրկին հիշեցի, երբ վերջին շրջանում մեզանում բավական տուրեւառումներ եղան մի շարք մարզպետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց այսպես կոչված թիմակիցներին խոշոր չափերի պարգեւավճարներ տրամադրելու մասին: Զանգվածային լրատվամիջոցներում նույնիսկ վարչապետ Փաշինյանին արված հղումներ կային, թե իբր երկրի ղեկավարը այդ պարգեւավճարների մեջ ոչ մի դատապարտելի բան չի տեսել եւ վերջերս դավոսյան իր այցի ժամանակ ասել է, թե այդ պարգեւավճարների հարցում օրենքի ոչ մի խախտում չկա: Միգուցե վարչապետն իրո՛ք այդպիսի բան է ասել (ի՞նչ մեղքս թաքցնեմՙ անձամբ ես չեմ լսել), միգուցե որքան էլ անհավատալի էՙ իսկապե՛ս օրենքի տեսակետից այստեղ ոչ մի խախտում չկա: Բայց մի՞թե տեսանելի չէ, որ ժողովրդի զգալի մասի համար նյութական առումով «թավշյա հեղափոխությունից» հետո էական գրեթե ոչինչ չի փոխվել: Այդ առթիվ մի տխուր անեկդոտ է շրջանառվում.

    – Ի՞նչ էիք ուտում հեղափոխությունից առաջ,- հարցնում են շարքային հայաստանցուն:- Խաշած մակարոն,- պատասխանում է:

    – Իսկ հեղափոխությունից հետո՞ ինչ եք ուտում:

    – Էլի՛ խաշած մակարոն:

    – Բա հին ու նոր մակարոնների տարբերությունը ո՞րն է,- հարցնում են:

    – Հիմա նույն մակարոնը դուխո՛վ ենք ուտում, է՜, դուխո՛վ…

    Ասել կուզեմՙ քանի դեռ Հայաստանում միայն խաշած մակարոնով օրը մթնացնողների հսկայական բազմություն կա, ի՞նչ խղճով են պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենք իրենց հարյուր-հազարավոր եւ անգամ 8-10 միլիոն դրամների պարգեւավճարներ տրամադրել: Ասենք թեՙ օրենքը իրո՛ք չի արգելում: Բա տարրական պարկեշտությունն է՞լ չի արգելում: Ըստ ֆեյսբուքյան հավաստիացումներիՙ վարչապետը այդ պարգեւավճարներից հրաժարվել է: Մյուս պաշտոնատարնե՞րն ինչու չեն հետեւել վարչապետի օրինակին, մինչդեռ այլ առիթներովՙ արեւո՛վ են երդվում: Ինչպե՞ս ենք կառուցելու նոր Հայաստան, եթե ով գալիս էՙ առաջին հերթին մտածում է… անձամբ իր նյութականի բարելավման մասին: Քանի կալի վրա ենՙ ձգտում են օգտվե՞լ: Թե՞ հիշյալ պարգեւավճարները դիտարկում են իբրեւ չվերցվող կաշառքների փոխհատուցում, կաշառքի յուրատեսակ օրինականացում…

    Վարչապետին խորհուրդ կտայի բոլոր այդ կարգի պաշտոնատարներին ցախավելով քշե՛լ պետական ապարատից…

  • ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ. Ո՞Վ Է ՁԳՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՐՁԻԳ ԴԱՌՆԱԼ

    ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ. Ո՞Վ Է ՁԳՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՐՁԻԳ ԴԱՌՆԱԼ

    ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

    Ղազախստանյան Կարագանդա քաղաքում կենցաղային հակամարտությունը, որը տեղի ունեցավ ռեստորաններից մեկում ամանորյա գիշերը եւ ավարտվեց դանակահարությամբ, հետեւողականորեն փորձում են տեղափոխել հայերի եւ ղազախների միջեւ ազգամիջյան դիմակայության հարթություն:

    Համացանցը պայթեցնում են սադրիչների բացահայտ մարդատյաց գրառումներն ու մեկնաբանությունները, հասարակության մեջ հնչում են ազգային երանգ ունեցող կոչեր: Ո՞վ եւ ինչո՞ւ է փորձում բորբոքել ազգային հողի վրա հակամարտության կրակը, արդյոք հայերը Ղազախստանում ինչ-որ բանից պե՞տք է վախենան եւ կա՞ արդյոք իրականում Կարագանդայում պատահածի էթնիկ ենթատեքստ: Մենք կփորձենք պատասխանել այդ հարցերին:

    Եվ այսպես, հունվարի 1-ի գիշերը ղազախստանյան Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցավ զանգվածային ծեծկռտուք: Երկու խմբերի միջեւ սկզբում բռնկվեց խոսքակռիվ, այնուհետեւ գործի դրվեցին բռունցքներն ու դանակները: Չորս մարդ վիրավորվեց: Մեկըՙ 23-ամյա տղա, զոհվեց:

    Նույնքան չոր եւ իր նկարագրության մեջ կարճ միանգամայն կարող էր լինել եւ ոստիկանական տեղեկագիրը, որը կհայտներ, ըստ էության, սովորական կենցաղային հակամարտության մասին, որպիսին հաճախ է պատահում, հատկապես, ամանորյա գիշերը: Բայց այս անգամ ոստիկանական տեղեկագրում, չգիտես ինչու, նշված էր պատահարի մասնակիցների ազգությունը: Պարզվեց, որ ծեծկռտուքը սկսվել է հայերի եւ ղազախների խմբերի միջեւ: Այդ փաստը հիշվել էր տեղեկագրի մեջ: Չնայած դեպքի հետ այն կապ չուներ: Ծեծկռտուքի առիթը ոչ մի կերպ կապված չէր նրա մասնակիցների ազգային պատկանելիության հետ: Եվ դա միայն մեկն է այն փաստարկներից, որոնք ակնհայտորեն խոսում են այն բանի օգտին, որ Կարագանդայում տեղի ունեցած հակամարտությանը ակնհայտորեն եւ ոչ շատ հմտորեն փորձում են վերագրել ազգային ենթատեքստ: Թե ինչո՞ւ տեղեկագրի մեջ շեշտ էր դրվել ազգային պատկանելիության վրա եւ ինչո՞ւ այդ տեղեկագիրը արագորեն հայտնվեց «մեսենջերներում», մեզ համար հանելուկ է մնում:

    Տեղեկագիրը եւ ծեծկռտուքի տեսանկարահանումը չէին հասցրել հայտնվել համացանցում, երբ սկսեցին արագորեն տարածվել դրանում շահագրգռված անձանց ասեկոսեներով եւ մտացածին մանրամասներով: Շուտով գործընթացին միացան արհեստավարժ սադրիչները: Այդ կեղծ հաղորդագրությունների արդյունքում ղազախստանյան այլ քաղաքումՙ Սեմեյում, դժգոհները փորձեցին նույնիսկ ավերածություն անել Բաքու սրճարանում: Մի խոսքով, հիվանդ երեւակայություն եւ աբսուրդ դատողություն ունեցող սադրիչների ջանքերով, շարքային կենցաղային հակամարտությունը սրընթաց կերպով սկսեց պատվել բոլորովին էլ ոչ շարքային հնարած մանրամասներով:

    Այնինչ, իրական փաստերը հետեւյալն էին: Ծեծկռտուքը սկսվել էր այն պատճառով, որ ռեստորանի անձնակազմը հայտարարել էր հաստատության ավելի շուտ փակման մասին, քան կարծում էին հյուրերը: Ծեծկռտուքին մասնակցել էին համարյա երեք տասնյակ մարդ: Առճակատման երկու կողմերն էլ մոնոէթնիկ (ազգային պատկանելիությամբ միատարր) չեն եղել: Թե՛ մի կողմում, թե՛ մյուս կողմում եղել են ղազախներ, թե՛ հարձակվողների մեջ, թե՛ տուժածների մեջ: Այդ ընդհանուր քաշքշուկում ոչ մեկը, ակնհայտ է, չէր զանազանում, թե ի՞նչ ազգության է պատկանում ընդդիմախոսը: Իսկ զոհվածն, ընդհանրապես, ռեստորանում չէր գտնվել ծեծկռտուքը սկսվելու պահին: Նա եկել էր ընկերոջ խնդրանքով, հատուկ քաշքշուկում մասնակցելու նպատակով: Սա Ղազախստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներն են, որոնք ամրապնդված են տեսագրված ապացույցներով եւ ականատեսների ցուցմունքներով:

    Այսինքն, առանց վարանելու կարելի է ասել, որ Կարագանդայում տեղի ունեցածը պարզունակ կենցաղային հակամարտություն էր, որը կարող էր տեղի ունենալ որտեղ ասես եւ երբ ասես: Հատկապես, հաշվի առնելով Ղազախստանի բնակչության բազմազգ լինելու հանգամանքը:

    Ղազախստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, բնակվում են ավելի քան 25 հազար հայեր: Բնակվում են իրենց վրա չզգալով որեւէ ճնշում: Այդ մասին բացահայտորեն խոսում են թե՛ մեր համայնքի ներկայացուցիչները, թե՛ փաստերը: Մեղմ ասած, Ղազախստանի հայության թիվը չի կրճատվում եւ, նույնիսկ, ընդհակառակը, ինչը նշանակում է, որ այդ երկրում հայերն իրենց այնքան լավ են զգում, որ վերադառնալ մայր հայրենիք չեն շտապում: Հայերը հաջողությամբ աշխատում եւ բիզնես են անում Ղազախստանում: Հենց այն ռեստորանը, որի մոտ տեղի ունեցավ չարաբաստիկ ծեծկռտուքը, պատկանում է հայ համայնքի ներկայացուցիչներին:

    Կոնկրետ Կարագանդայում բնակվում են մոտ երեք հազար մեր հայրենակիցներ:

    Հասկանալի է, որ նրանք հանգամանքների բերումով կարող էին եւ կարող են դառնալ կենցաղային որեւէ հակամարտության մասնակիցներ, որպիսիք պատահում են աշխարհի որեւէ քաղաքում: Կրկնվեմ, հատկապես ամանորյա գիշերը:

    Այն հարցին, թե ո՞վ է փորձում այդ կենցաղային հակամարտությանը հաղորդել ազգային ենթատեքստ, կարելի է առանց դժվարության պատասխան գտնել, թերթելով սոցիալական ցանցերում ժողովրդականություն վայելող բլոգերների մեկնաբանությունների ու գրառումների ժապավենները: Ինտերնետի հայկական եւ ղազախական սեգմենտները հեղեղված են կեղծ հայրենասերների ջղաձգությամբ, որոնք մեկնաբանում են իրավիճակը, մեծամասամբ իրենք էլ չգտնվելով ո՛չ Ղազախստանում եւ ո՛չ էլ Հայաստանում: Այն հարցին, թե ինչո՞ւ են նրանք դա անում, պատասխանելն ավելի բարդ է: Հնարավոր է, այսպիսով, այդ մարդիկ ուզում են քաղաքական դրամագլուխ վաստակել զգայուն թեմայի շուրջ էժանագին սպեկուլյացիաներով: Չի բացառվում, որ իրենց վտանգավոր հռետորաբանությամբ, հայկական կողմի սադրիչները փորձում են խաթարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը: Որովհետեւ նա անձամբ է ցավակցություն հայտնել զոհվածի ընտանիքին եւ կոչ է արել հակամարտությանը չտալ ազգամիջյան երանգավորում:

    Ղազախստանյան իշխանություններն իրենց հերթին արդեն սկսել են հետաքննություն ազգամիջյան թշնամանքի հրահրման հարցով եւ հստակորեն հասկացնել են տվել, որ չեն պատրաստվում հակամարտության մասնակիցներին բաժանել ըստ ազգային պատկանելության: Այդ հետաքննության մեջ կլինեն միայն հանցագործներ եւ տուժածներ: Հանցագործները, անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից, կկրեն պատիժ: Իսկ տուժողները, նույնպես անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից կստանան օգնություն եւ աջակցություն: Եվ այդ դիրքորոշումը ղազախստանյան հայերին հիմք է տալիս համոզված լինելու իրենց ապագայում եւ, ինչպես նախկինում, համարելու Ղազախստանը իրենց տունը, իսկ ղազախներինՙ եղբայր ժողովուրդ:

    Այս ամբողջ պատմության մեջ պարզորեն երեւում է, թե որքան կարեւոր ու խորն է հայերի ու ղազախների բազմադարյա եղբայրության, բարեկամության, համագործակցության ու համակեցության պատմությունը եւ որքան ազնիվ կարող է լինել բոլոր նրանց կեցվածքը, ովքեր վճռականորեն պատվար կդառնան մեր երկու եղբայր ժողովուրդների միջեւ թշնամություն, կասկած եւ անվստահություն սերմանելու պրիմիտիվ, չարանենգ եւ, չի բացառվում նույնիսկՙ երրորդ-չորրորդ կողմերից հատուկ նպատակով իրականացվող քայքայիչ քարոզչական օպերացիաների դեմ:

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՐԱԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ

    ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՐԱԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ

    ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ

    Առաջին անգամ անգլերեն գիտական մի աշխատություն պատմում է Լեւանտի հայկական լեգեոնի էպոսը. դասերով հարուստ հերոսական ու ողբերգական երանգներով մի պատմություն: Կիլիկիայի Հայկական լեգեոնի ոդիսականի 100-ամյա պատմությանը նվիրված նորընծա այդ գրքին գրախոսականով անդրադառնում է, ստորեւ, մեր վաղեմի աշխատակից, France-Armenie հանդեսի խմբագրակազմի անդամ Տիգրան Եկավյանը:

    1916-ին բրիտանացիներն արաբներին խոստանում էին անկախ եւ վերամիավորված արաբական թագավորություն: Ֆրանսիացիները ետ չէին մնումՙ վաճառելով Կիլիկիայում հայկական պետության պատրանքը, ապա իրենց հայ դաշնակիցներին լքելով նրանց հրդեհված քաղաքների մոխիրների մեջ: Հայկական լեգեոնի պատմությունը «քրիստոնյաների պաշտպան» Ֆրանսիայի համար թե՛ համընդհանուր հպարտության առարկա է, եւ թե՛ անջնջելի մի բիծ: Առատ պատկերազարդումներով այս ստեղծագործության մեջ պատմաբան Սյուզան Փ. Փաթին անդրադառնում է ֆրանսիական բանակին միավորված այս հայկական օժանդակ զորքի պատմությանը (*): Այն ծնունդ էր առել 1916 թվականի նոյեմբերին, Փարիզի Հայ ազգային պատվիրակության այդ ժամանակվա նախագահ Պողոս Նուբար փաշայի կամքով, որը կարողացել էր համոզել իր ընկերոջըՙ վարչապետ Ժորժ Կլեմանսոյին: Մինչ շարունակվում էր հայ ժողովրդի բնաջնջումը, վերապրողները խանդավառվել էին Կիլիկիայում անկախ հայկական պետության խոստումով: Առաջինը, 1917 թվականի հունվարին, զինվորագրվում են Եգիպտոսի Պորտ Սայիդում խմբված Մուսա լեռան նախկին դիմադրողները: Ֆրանսիական դրոշի ներքո լեգեոներների հավաքագրումը տարածվում է նաեւ Եվրոպայում եւ Ամերիկայում: 1918 թվականի մայիսին նրանց ընդհանուր թիվը կազմում է 4360 զինվոր (որոնցից 288ըՙ Ֆրանսիայի հայեր) եւ 58 սպա: Գերմանական սուզանավերով լի Միջերկրական ծովի վրայով դժվարությամբ հասնելով Պորտ Սայիդՙ կամավորները մարտի են ուղարկվում միայն Կիպրոսի Մոնարգայի ճամբարում երկարատեւ ու ծանր վարժանքներից հետո, ֆրանսիացի սպաների հրամանատարության ներքո:

    Պատմական փաստաթղթերի հիման վրա, համալրված ականատեսների վկայություններով, նամակներով ու լուսանկարներովՙ հեղինակը ներկայացնում է մարդկային մի պատմություն, որից հորդում են արմատախիլ եղած այս երիտասարդների ցավն ու տառապանքը, անհամբեր կռվելու փափագըՙ փրկելու համար իրենց ժողովրդի բեկորներին: Այն պատմում է նրանց ծանր կենսապայմանների մասին, ինչպես եւ բազմաթիվ ֆրանսիացի սպաների արհամարհանքի ու հաճախՙ այլատյացության մասին: Կիպրոսում վարժանքներն ավարտելուց հետո, լեգեոներները քաջաբար կռվում են Պաղեստինում եւ Կիլիկիայումՙ դաշնակից ուժերի հրամանատար գեներալ Ալենբիի կողքին: 1918 թվականի սեպտեմբերին Պաղեստինում տեղի ունեցած Արարայի ճակատամարտում նրանք լավագույնս դրսեւորում են իրենցՙ վճռորոշ դեր խաղալով գերմանական եւ օսմանյան ուժերի պարտության մեջ, ինչի համար էլ արժանանում են դաշնակցային բարձրագույն հրամանատարության մեծարանքին: 1918 թվականի հոկտեմբերին Արեւելյան լեգեոնը պաշտոնապես վերանվանվում է Հայկական լեգեոն: Լեգեոներները Կիլիկիա են ժամանում 1918 թվականի դեկտեմբերինՙ ֆրանսիական օկուպացիոն զորքերին օժանդակելու առաքելությամբ:

    Ապա 120000 հայ փրկյալներ հայրենադարձվում են Կիլիկիա, սակայն նրանց վերադարձի համար պայմաններ չկային: Մեծ Բրիտանիան հետ է քաշվումՙ ֆրանսիական բանակին թողնելով անբավարար մարդուժովՙ Կիլիկիայի պես ընդարձակ տարածքը վերահսկելու համար: Թեեւ հայ լեգեոներները լի էին վրեժի աննկարագրելի ծարավով, նրանք առաջին հերթին նախանձախնդիր էին վերապրածների մեջ փրկել հնարավորինս շատ հայերի կյանքերՙ սկսած առեւանգված եւ բռնի մահմեդականացված աղջիկներից: Նրանց դա բազմիցս հաջողվում է, սակայն երբեմն արդեն «ուշ» է լինում ոմանց համար, ովքեր նախընտրում են մնալ իրենց առեւանգողների եւ իրենց երեխաների հետ: 1919 թ. մարտին ալժիրյան լեգեոներների հետ լարվածությունն Ալեքսանդրեթում հանգեցնում է 4-րդ գումարտակի լուծարմանըՙ սկիզբ դնելով աստիճանական զորացրման: Այդ ընթացքում քեմալական շարժումը հզորանում է, եւ այն աստիճան, որ Ֆրանսիան վերանայում է իր վարած քաղաքականությունը եւ 1919 թվականի սեպտեմբերից սկսում բանակցել թուրք ազգայնականների հետ: Ֆրանսիան, ուժասպառ, գիտակցում է, որ Կիլիկիան պահել չի կարողանա:

    Որոշ սպաներ, ինչպիսիք էին գնդապետ Լուի Ռոմյոն կամ գնդապետ Բրեմոնը, խորին համակրանքի վկայությունն են ցուցաբերում իրենց հայ լեգեոներների նկատմամբՙ հաճախ ի վնաս իրենց: Սակայն 1920 թվականի փետրվարին Մարաշից ֆրանսիական զորքերի նահանջը ընկալվում է որպես դարձյալ ցավալի դավաճանություն: Բոլոր այն հայերը, ովքեր չեն կարողանում փախչել, անխուսափելիորեն կոտորվում են: 1921 թ. հոկտեմբերին ստորագրված Անկարայի համաձայնագրերը գալու էին վավերացնելու իրական քաղաքականության (real politique) թելադրած այդ կողմնորոշումը:

    Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ Բ.ԳՐԻՆՈՆ

    *) Susan Paul Pattie, The Armenian Legionnaires: Sacrifice and Betrayal in World War 1- Tauris- 266 էջ, Amazon-ի կայքէջում գինըՙ 28,10 եվրո: