Ամեն տեսակ ռազմական կոնֆլիկտի անսպասելի բռնկումը – դա հետախուզական աշխատանքի անհաջողության նշան է։
Այդպես են կարծում շատ վերլուծաբաններ, քաղաքական փորձագետներ և արհեստավարժ հետախույզներ (հիմնականում նախկին հետախույզների կարծիք է)։
Հետախուզության աշխատանքի հիմնական գործառույթներից մեկն է՝ ստանալ տեղեկատվության սպառնալիքների վերաբերյալ մինչ տեղի կունենան անուղղելի գործընթացները։
Բացի այդ հետախուզության խնդիրների մեջ է մտնում նաև պարզել հակառակորդի (կամ թշնամու) թույլ, խոցելի կետերը, նրանց կողմից թույլ տրված նախազգուշական ազդանշանները, վերլուծության ենթարկել դրանք և զեկուցել քաղաքական որոշումներ ընդունողներին (այսինքն՝ պետության համապատասխան ղեկավարներին, ովքեր N 1 պատասխանատուներն են պետության անվտանգության համար)։
Գազայի պատերազմը սկսվեց 2023թ․ հոկտեմբերի 7-ին, որը հրահրվեց «ՀԱՄԱՍ»-ի հարձակումով Իսրայելի վրա։
Այդ հարձակումը մտավ հետախուզությունների ձախողումների պատմության էջեր՝ քանզի հայտնի են 3 միտումները՝
1․ Տեխնոլոգիաների կողմից ստեղծված տեղեկատվական գերբեռնվածությունը, որոնք նվազեցնում են վերլուծաբանական սրությունը և արդիականությունը (նկատի ունենք, այն տեղեկատվությունները, որոնք ստացվում են, սկսած տիեզերական հետախուզությունից, վերջացրած հեռախոսային խոսակցությունների վերահսկելուց)
2․Անցում մարդկային բանականությունից դեպի էլեկտրոնային աղբյուրներ
3․ «Տեղեկատվության հասկանալն ու ճիշտ գնահատական տալը» ավելի դժվար է, քան այն ձեռք բերելը»։
Այսօրվա դրությամբ հետախուզական գործակալությունները տեղեկատվության 75-80 % տոկոսը ստանում են «բաց աղբյուրներից», և ընդամենը 5-10 % (կամ ավելի քիչ) ստանում են փակ, կոնֆեդինցեալ աղբյուրներից (նկատի ունեմ գործակալական ցանցերը, վստահելի անձանց հույժ գաղտնի փաստաթղթերի ձեռք բերումը, կարևոր խոսակցությունների գաղտնալսումը և այլն)։
Հայտնի է, որ «ՀԱՄԱՍ»-ը, «Հեզբոլլահը» և նրանց թիկունքում կանգնած դաշնակից հատուկ ծառայությունները բացի այն, որ ինչ-որ չափով հսկել են Իսրայելի կապի միջոցները (այդ թվում և գաղտնի, չնայած Իսրայելի հետախուզությունը՝ «Մոսսադը», ինքը համարվում է այդ գործընթացի լավագույն մասնագետներից մեկը, օրինակ՝ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված “PEGASUS” գաղտնալսող ծրագիրը) նաև հաճախ խառնաշփոթ են ստեղծել «սոցիալական ցանցերում», «կեղծ գաղտնի տեղեկատվություններ են տարածել», կեղծ ահազանգեր, ոչ իրական անձնական տվյալներով մարտիկների անուններ են տարածել, որոնց փնտրտունքները շատ ժամանակ են խլել և արդյունքներ չեն տվել։ Մի խոսքով բավականին հաջող հրամցրել են Իսրայելական հատուկ ծառայություններին «ապակողմնորոշիչ լուրերի հեղեղ», որտեղ բավականին դժվար է գտնել իրական, ճիշտ տեղեկատվությունը։
Հայտնի է, որ Իսրայելի հետախուզությունը վերոնշյալ կոնֆլիկտից առաջ ձեռք է բերել մի «հույժ գաղտնի» փաստաթուղթ, բաղկացած 15 էջից և թվագրված 2023թ․ հունիս ամսին, որտեղ նշված է եղել, «ՀԱՄԱՍ»-ի հատուկ ջոկատ «Նուխբա»-յի ծրագրվող գործառույթի մասին։
Մասնավորապես ջոկատը պետք է ներխուժեր կիբուցներից* մեկը և այնտեղի բնակիչներին պատանդ վերցներ։
Ընդ որում նման տեղեկատվություն ստացել էր նաև Իսրայելի «Շին Բեթ» անվտանգության ծառայությունը իր գործընկերներից։ Ընդ որում «ՀԱՄԱՍ»-ի և «Պաղեստինի իսլամական ջիհադի» այլ Ազգային ֆրոնտի ջոկատները վաղուց էին պատրաստվում կիբուցներ գրավել։
Այդ գործառույթը հաջողվեց «ՀԱՄԱՍ»-ին, քանի որ Իսրայելի զինվորականները, Գազայի սահմանին կանգնած հանկարծակիի եղան և չկարողացան պաշտպանել հսկվող տարածքը։
Մի խոսքով իրականացավ պատմական ասացվածքը՝ «Անակնկալը մատուցվում է ոչ այնքան զարմացնողի հանճարից, որքան զարմացածի դատողության բացակայությունից»։
Փաստորեն Իսրայելի հատուկ ծառայությունները գերծանրաբեռնված էին ֆեյք (կեղծ) տեղեկատվություններով, որոնք մշակված էին «ՀԱՄԱՍ»-ի և նրանց դաշնակից պետությունների հատուկ ծառայություններում։
Այո, դա համակարգային խնդիր է, աշխարհի բոլոր հետախուզությունների համար – ստեղծել ճկուն և համապատասխան շղթա, որտեղ պետք է կուտակվի, և վերլուծվի, և օգտագործվի ձեռք բերված հետախուզական տեղեկատվությունը։
Ապահովել ուղղահայաց հոսք տեղեկատվության աբղյուրներից դեպի ռազմա-քաղաքական որոշումը առանց նախնական իրական տվյալների (պատկերի) փոփոխության կամ վատթարացման։ Հակառակ դեպքում ռազմա-քաղաքական որոշումներում տեղի է ունենում մի երևույթ, որը կոչվում է «դատողության կասկադային սխալներ»։
Գուցե և իսրայելական հետախուզությունը գիտեր ամեն ինչ, բայց շատ փորձագետների և վերլուծաբանների համար պարզ չէ, որտեղից «ՀԱՄԱՍ»-ի մարտիկներին հյուսիս-կորեական «Տ-58» (ռուսական «Կալաշնիկով» ինքնաձիգի կրկնօրինակը) ինքնաձիգերը։ Որտեղից այդ անօդաչու սարքերը և հրթիռները, որոնք խոցեցին իսրայելական ռեալեհավաքները (рестрансляционные антенны)…
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Իսրայելի հատուկ ծառայությունները արագորեն վերականգնվում և վերակառուցվում են, սովորում են իրենց սխալների վրա։
Իհարկե, հավաքագրել նոր գործակալական ցանց «ՀԱՄԱՍ»-ում և «Հեզբոլլահում», հատկապես այս պատերազմից և կոտորածից հետո (և ընդհանրապես արաբական աշխարհում) Իսրայելի հետախուզությունների համար շատ դժվար կլինի։ Փողը, նույնիսկ շատ մեծ գումարները ամեն ինչ չեն կարող ջնջել, վաճառել և առնել։ Մանավանդ, որ ցանկացած պետությունում կան բյուրոկրատական ապարատներ, որոնք ստեղծում են արգելքներ հատուկ ծառայության համար։
Կոնկրետ այդ տարածաշրջանում պատերազմի վերջը դեռ չի երևում։
Իսրայելը դեռ չի ուզում տեսնել այդ պատերազմի վերջը (ինչպես և նախագահ Ալիևը չի ուզում տեսնել մեր պատերազմի վերջը)։
Կայծերը պայթեցնում են նոր վառոդի տակառներ։
Իսրայելի հատուկ ծառայություններին և զինված ուժերին հաջողվեց ֆիզիկապես վերացնել «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիին (սպանվեց Թեհրանում հուլիսի 31-ի գիշերը, Թեհրանի հյուրանոցներից մեկում հրթիռային հատվածով)։
Գրեթե նույն ժամանակ սպանվեց նաև Բեյրութում «Հեզբոլլահի» հրամանատարներից Ֆուադ Շուքրը։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին հայտարարեց, որ Իսրայելը սպանելով Թեհրանի բարձրաստիճան հյուր Հանիին իր համար դաժան պատիժ պատրաստեց։
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն զգուշացրեց, որ Իսրայելը կստիպի բոլորին, ովքեր իրենց դեմ են, շատ թանկարժեք գին վճարել և որ իրենց երկիրը պատրաստ է ցանկացած սցենարի։
Ընթերցողիս ուզում եմ հիշեցնել, որ Իսրայել-Գազա, 10-ամսյա պատերազմում մոտ 40․000 պաղեստինցիներ այդ թվում մեծ քանակությամբ երեխաներ և վիրավորվել 91․128-ը։
Իսրայելական կողմը կորցրել է 1500 մարդ, և 200 պատանդներ գերեվարվել են «ՀԱՄԱՍ»-ի կողմից։
Թերևս չխոսենք այն մասին, որ Գազայում ոչնչացվել են սննդամթերքի ենթակառույցները, առաջացել է սով ավելի քան 1 միլիոն մարդկանց համար։ Աշխարհը բավարարվում է թեթև քննադատություններով և հայտարարություններով։ Էլ ինչի՞ ենք զարմանում, որ Արցախը 2 օրում հայաթափվեց․․․
* Կիբուց – հրեական բնակավայր Պաղեստինի տարածքում։ Այդ բնակավայրերը ստեղծվել են մինչև Իսրայել պետության հիմնադրումը։ Կիբուցների բնակիչները, ըստ հրեական գաղափարախոսության տարբերվում են Իսրայելի այլ բնակիչներից։
Հատուկ ծառայությունների աշխարհից
Վլադիմիր Դարբինյան