Մեկ շաբաթ է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում, հանդիպել եմ տարբեր մարդկանց, կառույցների հետ, որոնք ՀՀ անկախության առաջին օրվանից եղել են ՀՀ-ի կողքին։ Այդ մարդիկ ուզում են օգնել Հայաստանին Լաչինի միջանցքի բացման ու հայ-ադրբեջանակն բանակցությունների հարցերում, սակայն բախվում են մի մեծ պատի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում նշել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Այդ մարդիկ տեսնում են, որ այսօր առկա օրակարգը չի կարող լուծում տալ հարցին ու փորձում են աշխատել բանակցային նարատիվի փոփոխության վրա։ Բայց, երբ նրանք աշխատում են իրենց կառավարությունների հետ՝ փորձելով նրանց համոզել այդ մտքի մեջ, նրանք բախվում են ինչ-որ մի հաստ պատի, ու այդ պատը Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն է։ Երբ նրանք դիմում են իրենց կառավարություններին, նրանց պատասխանը լինում է միանշանակ՝ այն ինչ, դուք եք ուզում, չի համապատասխանում նրան, թե ինչ է ուզում Հայաստանի կառավարությունը։ Մենք պետք է և՛ ներսից, և՛ դրսից պարտադրենք ՀՀ իշխանություններին, որ փոփոխություն մտցնեն իրենց մոտեցումների մեջ։ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, ավերներ է գործում, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց նախկին արտգործնախարարը։
Օսկանյանի խոսքով՝ հենց դա է հիմնական խոչընդոտը, որ առկա է բանակցություններում և առաջացնում է մի շարք խնդիրներ։
«Պետք պարտադրենք Փաշինյանին ու նրա կառավարությանը, որպեսզի հետ կանգնեն այդ քայլից, դա հնարավոր է և դրա դիվանագիտական ձևերը առկա են։ Նախկինում Ադրբեջանը հետ է կանգնել իր կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից, նույնը կարող է անել Հայաստանը և, եթե ուզում ենք այս բանակցությունները դնել նորմալ հունի մեջ, դա պետք է անել։
Այսօր աշխարհում գոյություն ունեն 40-ից ավելի ինքնորոշման շարժումներ, էթնիկ կոնֆլիկտներ, այդ բոլորի շուրջ բանակցություններ են ընթանում, ու այդ բանակցություններում որևէ կողմ դեռևս կամովին չի հրաժարվել իր ինքնորոշման իրավունքից, մենք հայերս առաջինն ենք լինելու։ Այս պահին աշխարհում կան 120 ինքնավար կարգավիճակներ։ Այն ինչ այսօր առաջարկվում է Արցախին, հացի փշրանքներ են, ընդամենը խոսվում է նրանց անվտանգության ու իրավունքների մասին։ Ադրբեջանն ասում է, որ ադրբեջանական ինչ-որ կազմակերպություններ պետք է հետամուտ լինեն, որ Ադրբեջանում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովվի Ադրբեջանի օրենքների ու սահմանադրության շրջանակներում։ Սա է, որ այսօր առաջարկվում է հայկական կողմին, հիմա համեմատեք աշխարհում ընթացող այլ գործընթացների հետ։ Ինչ է, մենք աշխարհի վերջին միամիտ ժողովո՞ւրդն ենք, վերջին տկար ժողովո՞ւրդն ենք, որ համաձայնվենք սրան ու զիջենք մեր դիրքերը, պարզապես թողնենք, որ Արցախը լուծարվի Ադրբեջանի մեջ»,- ասաց Օսկանյանը։
Ըստ նրա՝ այս նարատիվը փոխելու միակ ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի Պրահայում իր արած հայտարարությունից։
«Հակառակ դեպքում դա տանելու է պատերազմի, որովհետև Փաշինյանը ակնկալիքներ է բարձրացրել Ադրբեջանի մոտ, բայց Ադրբեջանի ուզածը շատ ավելին է։ Պատերազմի դեպքում էլ միջազգային հանրությունը ոչինչ չի կարողանալու անել, որովհետև ասելու են ասել եք՝ չեք արել։ Կոչ եմ անում ժողովրդին պահանջատեր լինել, փողոց դուրս գալ, ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ հետ կանգնի այդ հայտարարությունից»,- ասաց Վարդան Օսկանյանը։