Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուբինյանն արձանագրել է՝ «միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին»

«Լսում եմ ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա՝ ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։

Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցք չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և ուրեմն պիտի փակեին, բա ի՞նչ պիտի անեին։

«Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը։

Որպես հետևություն՝ բոլորը միակարծիք էին, որ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին։

Այս բոլոր տեքստերը, սիրելի բարեկամներ, ուղղված են միայն մեկ նպատակի՝ ամեն կերպ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։

Իսկ թե ինչու են նրանք սա անում, կռահեք ինքներդ»,- գրել է Ռուբինյանը։։